Քիչ չեն այն սփյուռքահայերը, որոնք եկել են և պատրաստակամ են աջակցել մեր երկրի կայացմանը 

Քիչ չեն այն սփյուռքահայերը, որոնք եկել են և պատրաստակամ են աջակցել մեր երկրի կայացմանը 

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է  ՀՀ  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

- Դուք հնգօրյա այց կատարեցիք Ռուսաստանի Դաշնություն, որն այդ պաշտոնում Ձեր առաջին այցն էր արտերկիր։ ՌԴ-ում հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների հետ հետագա համագործակցության, Հայաստանին աջակցություն ցուցաբերելու կոնկրետ ի՞նչ տարբերակներ են քննարկվել, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

-Այո՛, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում առաջին աշխատանքային այցս եղավ Ռուսաստան, մասնավորապես՝ Մոսկվա: 5 օրվա ընթացքում 17-ից ավելի հանդիպումներ ունեցա համայնքային կառույցների, կազմակերպությունների, գործարար, մշակութային և հոգևոր շրջանակների ներկայացուցիչների հետ: Քննարկված հարցերը բազմաթիվ էին՝ սկսած Հայաստանի կյանքին Մոսկվայի հայ համայնքի ներգրավումից ու գործընկերային հարաբերությունների հաստատումից մինչև հայրենադարձություն, հատկապես մասնագիտական հայրենադարձություն, Հայաստանի ներդրումային գրավչության ներկայացում և սփյուռքահայերի կողմից ներդրումների խրախուսում, օրենսդրական խոչընդոտների վերացման և ընթացակարգերի դյուրինացման անհրաժեշտություն, համայնքներում հայ ինքնության պահպանում, կրթական գործի կազմակերպման գործընթացում առկա դժվարությունների հաղթահարում և Հայաստան պետության կողմից աջակցություն, համահակական երիտասարդական, մասնագիտական հարթակների ձևավորումը, սփյուռքի քարտեզագրում, ներուժի համախմբում և տեղեկատվության հասանելիությունը, համահայկական խորհրդատվական մարմնի գաղափարի քննարկում և այլն: Թույլ տվեք մի փոքր չհամաձայնել ձեր այն հարցադրմանը, թե «Հայաստանին աջակցություն ցուցաբերելու կոնկրետ ի՞նչ տարբերակներ են քննարկվել»: Այո՛, մանավանդ գործարար շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք ներդրումների թեման, Մոսկվայի փայլուն հայ երիտասարդության հետ քննարկել ենք նրանց ներգրավման հարցը հատկապես Հայաստանի պետական կառավարման համակարգում, խոսել ենք մասնագիտական հայրենադարձության մասին, որը նոր թարմություն կբերի մեր աշխատաշուկա: Կարծում եմ՝ այս ամենը լավագույն աջակցությունը կարող է լինի Հայաստանին: Սակայն կարևոր է նաև այն մոտեցումը, թե Հայաստան պետությունն ինչով կարող է աջակցել համայնքներին, և ինչպես այցի ընթացքում նկատեցի, այդ աջակցությունն առավել քան պետք է հայապահպանության, հայկական կրթության, մայրենիի դասավանդման դեպքում: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ի շահ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման:

- Ձեր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակվելուց հետո հնչում էին կարծիքներ, որ դա կարող է բարդություններ ստեղծել այլ երկրների հայ համայնքների հետ հարաբերություններում, քանի որ մինչ այդ եղել եք ԱՄՆ-ում Գլենդեյլի քաղաքապետը։ Հաջողվե՞ց Ձեզ ՌԴ այցի ընթացքում ջարդել այդ կարծրատիպը։ 

-Միանշանակ կարող եմ ասել, որ դրանք զուտ կարծիքներ են: Իսկ այցի դրական արձագանքներն ու այն ջերմ, անկեղծ մթնոլորտը, որում անցնում էին հանդիպումները, առավել քան խոսուն են: Ես Ռուսաստան էի գնացել որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և ընկալումն էլ հենց այդպիսին էր: 

- Ընդհանրապես ի՞նչ քայլեր պետք է արվեն սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանի պետականաշինության գործում ներգրավվելու համար, երկուստեք ի՞նչ ակնկալիքներ կան։ 

-Մեր հայրենակիցների հայացքը դեպի հայրենքի ուղղելու համար նախևառաջ մենք միասնական գաղափարախոսության շուրջ համախմբվելու կարիք ունենք: Այսօր այդ գաղափարախոսությունը պետականակենտրոն հայության կայացումն է և Հայաստանի, միևնույն ժամանակ նաև սփյուռքի համայնքների հզորացումը: Բազմիցս ասել եմ, որ ուժեղ, առաջադեմ, նորագույն տեխնոլոգիաների զինված, ապահով Հայաստանի բրենդը մենք պիտի տանք աշխարհին, սփյուռքին: Եթե կարողանանք դա անել, սփյուռքը ինքնաբերաբար Հայաստանը կընկալի որպես իր հանգրվան: Սակայն այսօր էլ քիչ չեն այն սփյուռքահայերը, որոնք եկել են և պատրաստակամ են աջակցել մեր երկրի կայացմանը: Մեր ակնկալիքը հետևյալն է՝ ուժեղ Հայաստան և ուժեղ սփյուռք, որին հասնելու համար մենք պիտի համախմբենք մեր ներուժը, ճանաչենք այն, կիրառենք և միասնական համահայկական օրակարգով շարժվենք առաջ:

-Կան տեղեկություններ, որ Դուք ՌԴ-ում հանդիպել եք նաեւ գործարար Ռուբեն Գրիգորյանի հետ, որը հիմնադրման օրվանից հովանավորում էր «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Ճի՞շտ է դա, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ համագործակցություն է լինելու նրա հետ առաջիկայում։

 -Եղել է հանդիպում Ռուբեն Գրիգորյանի և նրա հիմնադրած «Ռուսաստանի հայերի միավորում» երիտասարդական կազմակերպության հետ: Տեղյակ չեմ, որ Ռուբեն Գրիգորյանը կապ ունի «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորման հետ: Պարոն Գրիգորյանի և նրա կազմակերպության հետ համագործակցությունը կլինի շարունակական, ինչպես Հայաստանի հետ համագործակցել ցանկացող և ներուժ ունեցող մյուս սփյուռքյան կառույցների հետ:

 -Ձեր հաջորդ այցը ո՞ր երկիր եք կատարելու, ի՞նչ ծրագրեր ունեք։

 -Դարձյալ այց եմ պլանավորում Ռուսաստանի այլ հայկական համայնքներ, ոչ առաձին աշխատանքային այցով, սակայն պատվիրակության կազմում կլինեմ ԱՄՆ-ում, դեռ հստակ չէ, բայց Կիպրոս այցի պլաններում ևս կան՝ կապված Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով ընդհանուր աշխատանքների ձևաչափը քննարկելու հետ: