Ինչպե՞ս պետք է լուծվի հուշարձանների հարցը նախարարությունների միավորման դեպքում

Ինչպե՞ս պետք է լուծվի հուշարձանների հարցը նախարարությունների միավորման դեպքում
Նազենի Ղարիբյան

Օրեր առաջ մեր թերթը հրապարակել էր լուր այն մասին, որ վարչապետի հանձնարարականով կառավարությունում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, տեղի է ունեցել փակ քննարկում, որը վերաբերել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին։ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե ինքը համամի՞տ է, որ մշակույթի նախարարությունը պետք է միավորվի զբոսաշրջության կոմիտեին, ինչն արծարծվել է քննարկման ժամանակ։ «Արվել է առաջարկ, բայց այդ առաջարկը ոչ թե ես եմ խափանել այն, ինչպես գրված է լուրում, այլ հենց ես եմ այն ներկայացրել։ Ես եմ առաջարկել, որ մշակույթի նախարարությունը եւ զբոսաշրջության կոմիտեն միավորվեն»,- ասաց Նազենի Ղարիբյանը։

Հարցին, թե, ըստ Նազենի Ղարիբյանի, ի՞նչպես պետք է լուծվի հուշարձանների պահպանության վարչության հարցը, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Հուշարձանները պետք է մնան կա՛մ մշակույթի նախարարության ենթակայության ներքո, կա՛մ ունենան առանձին կարգավիճակ՝ վարչապետին կից։ Ես ներկայացրել եմ իմ տեսակետն ու հիմնավորումները։ Խոսքն այն մասին է, թե ինչ է պատմամշակութային հուշարձանը, որ դա միայն ճարտարապետական կառույց չէ, շինարարություն չէ, այլ ընդհանուր մշակութային համալիր է, մշակութային համակարգ է, որում կա ոչ միայն հուշարձան, այլեւ պատմություն, արվեստաբանություն, հնագիտություն, մշակութաբանություն, մարդաբանություն։

Այսինքն՝ որպես հուշարձան, այն պետք է մնա մշակութային դաշտում մշակույթի նախարարության ենթակայության ներքո։ Իսկ քաղաքաշինության կոմիտեի հետ հուշարձանների պահպանությունն իր գործառույթներով առնչություն ունի այնքանով, որքանով վերանորոգման աշխատանքների համար շինարարական աշխատանքներ են իրականացնում։ Իսկ հուշարձանը հուշարձան է նրանով, որ այնտեղ կան պեղումներ, հնավայրեր, արգելոցներ, դրանց հետ քաղաքաշինության կոմիտեն առնչվում է քսան տոկոսով»։ Միաժամանակ Նազենի Ղարիբյանը հավելեց, որ իր նեղ մասնագիտացումը ճարտարապետական հուշարձաններն են, մասնավորապես՝ եկեղեցիները, եւ ինքը կարող է մասնագիտական տեսանկյունից համակարգել այդ ոլորտը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ի լուրում նշված էր, թե Նազենի Ղարիբյանը կողմ է, որպեսզի հուշարձաններն անցնեն քաղաքաշինության կոմիտեի ենթակայությանը, քանի որ մասնագիտական տեսանկյունից ի վիճակի չէ այդ ոլորտը եւս համակարգել։