Նպատակը Հաճըն անունն ապրեցնելն է

Նպատակը Հաճըն անունն ապրեցնելն է

Ապրիլի 24-ի նախաշեմին կայացավ «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին», որը կազմակերպել էր «Հաճըն» հայրենակցական միությունը: Ցերեկույթի կարգախոսն էր «Արդարություն և հատուցում», իր օրհնանքով և աղոթքով այն բացեց ԱՀԹ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, իսկ միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին հայտնի կատարողներ Գուսան Հայկազունը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Համբարյանը, «Նազանի» անսամբլի մեներգիչները (ուսուցչուհի՝ Արմինե Հունանյան):

Ներկաները դիտեցին Հաճընի հերոսամարտին նվիրված ֆոքրիկ ֆիլմ: Ցերեկույթը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Միջոցառումն իրենց ներկայութամբ պատվեցին նաև «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ անդամները՝ ղեկավար Մանուել Մանուկյանը և «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ անդամները՝ հանձին ղեկավար Ռիմա Առաքելյանի:

«Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը նշեց, որ նման միջոցառումների նպատակը ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ պահելն ու Միության անդամների միջև կապերի ամրապնդումն է, այլև հաճընցի նախնիների կտակը՝ հաճընցիական ոգին, սերունդներին փոխանցելը և նրանց միջոցով Հաճըն անունն ապրեցնելը՝ մինչև վերջնական հաղթանակ. «Մենք վստահ ենք, որ թեկուզ ոչ մենք, բայց գոնե մեր ապագա սերունդներն անպայման տեսնելու են ազատագրված Կիլիկիո Հաճընը: Մեր հպարտությունը մեր ինքնությունն է, մեր գենը, որը մենք պարտավոր ենք պահպանել ու փոխանցել մեր ժառագներին»:

Ի դեպ՝ մյուս տարի նշվելու է Հաճընի հերոսամարտի 100-ամյակը, որին Միությունը պատրաստվում է արդեն այսօրվանից: 

Հաճընցիները դահլիճից դուրս եկան բարձր տրամադրությամբ՝ միջոցառման ավարտին ևս մեկ անգամ հպարտությամբ հիշելով իրենց սիրելի կարգախոսը՝ «Մեր նատուրոն բաշխո ի»:

«Հաճըն» հայրենակցական միություն
«Տեսակետ» մամուլի ակումբ