Ես տեսել եմ, որ մեկ անգամ կրակել է Արմեն Բիլյանը. հրապարակվեց «Սասնա ծռերը» լքած անդամի ցուցմունքը

Ես տեսել եմ, որ մեկ անգամ կրակել է Արմեն Բիլյանը. հրապարակվեց «Սասնա ծռերը» լքած անդամի ցուցմունքը

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին այսօր խմբի հետ ՊՊԾ գունդ ներխուժած Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց։ Դրանից հետո դատարանը որոշեց հրապարակել Սողոմոնյանի նախաքննական ցուցմունքները։ Իր նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ իրեն համոզել են գնալ իրենց հետ. «Ինձ համոզել են, տարել են, գնացել ենք Սպիտակ, եկել է հետո Արմեն Լամբարյանը։ Ասում էին գնում ենք Երեւան՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու, Լամբարյանն ասում էր՝ Սեֆիլյանը հայրենասեր մարդ է, պետք է նրան ազատել։ Եկել ենք Երեւան, միայն երբ շարժվեցինք մեր մեքենայի ետեւում ուրիշ մեքենա կար։ Մի քիչ առաջ շարժվեցինք, մի կռազ խփեց, ես շփոթված էի ու չէի հավատում ինչ ա կատարվել։ Ավելի ուշ հասկացա, որ ոստիկանության շենք ենք մտել, մեզ շտապեցնում էին, որ մտնեինք ներս»։

Նա նաեւ հայտնել է, որ խմբի անդամ Արմեն Բիլյանն է մեկ անգամ կրակել. «Շենքի կողքով ցանկացել եմ փախչել, բայց դիմացս պարիսպ էր։ Հետո ետ եկա։ Պավլիկն ասեց՝ ոստիկանին ձեռ չտալ, հետո կրակեց դռան վրա եւ քացով բացեց։ Ոստիկաններից բանալի էին ուզում, որ դուռը բացեն։ Սմբատի մոտ եղել է հրացան, վրան հեռադիտակ է եղել, միշտ երրորդ հարկում է եղել։ Տեսել եմ, որ զուգարանի դիմացից կրակել է Արմեն Բիլյանը, ավելի ուշ տեսել եմ, որ կարճլիկ, մի քիչ լիքոտ տղամարդը ուսը բռնած առաջանում է դուրս։ Հաջորդ օրն եմ իմացել, որ իմ տեսած տղամարդը ոստիկան է եղել»։

Նրա խոսքով՝ լսել է Վարուժան Ավետիսյանի եւ Արայիկ Խանդոյանի խոսակցությունը. «Վարուժանն այն կարծիքին էր, որ ճիշտը հանձնվելն է, Արայիկն ասում էր մինչեւ Ժիրոն մինչեւ չասի, չի հանձնվի։ Հետո եկան երրորդ հարկ, ասեցին որ պետք է հանձնվել։ Վարուժի խոսքերից ուրախացել էի»։