Ինչքան էլ գոռան, ղժժան կամ թպրտան, մեղավորները պատասխան են տալու

Ինչքան էլ գոռան, ղժժան կամ թպրտան, մեղավորները պատասխան են տալու

Մարտի 1-ի զոհերի հարազատներից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հետեւում է այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ  մեկնարկած 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ազատազրկված Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությանը եւ անակնկալ չի համարում, որ վերջինս ունի աջակիցներ։

«Նրանք Ռոբերտ Քոչարյանի զավակներն են, համախոհները, փողերն են, որոնք բաժանվել են տարբեր մարդկանց։ Երկու-երեք հարյուր մարդ են հավաքել, դրանից ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Իսկ դատարանից ակնկալում եմ, որ կհաղթի արդարությունը»,- ասաց Սարգիս Քլոյանը։
Մեր դիտարկմանը, որ մինչ օրս բացահայտված չեն Մարտի 1-ին տասը զոհերին սպանողները, Սարգիս Քլոյանն արձագանքեց․ «Դատաքննությունը երկար կտեւի, նոր հանգամանքներ ի հայտ կգան, վկաներ են ի հայտ գալու։ Մենք ծանոթացել ենք Մարտի 1-ին վերաբերող նյութերին, դատավարությունը կպարզի ամեն ինչ»։

Սոցցանցերում հնչում են հարցեր, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը չեն մասնակցում Մարտի 1-ի զոհերի հարազատները։
«Մենք տուժողի իրավահաջորդներն ենք, մեզ հրավիրելու են, եւ մենք մասնակցելու ենք դատական նիստերին։ Այսօր քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, մենք համարեցինք, որ իմաստ չունի այդ նիստին մասնակցելը։ Երբ կսկսվի բուն գործընթացը, մենք մեր համախոհների հետ ներկա կլինենք»,- նշեց Քլոյանը։

Մեր հարցին, թե հոգեբանորեն պատրա՞ստ է մասնակցել այդ դատաքննությանը, պարոն Քլոյանն արձագանքեց․ «Անձամբ ես հոգեբանորեն պատրաստ եմ, շատ բան ունեմ ասելու՝ որպես ցույցերի մասնակից։ Անցել է մոտ տասնմեկ տարի, ես բոլոր գործընթացներին այս տարիների ընթացքում մասնակցել եմ։ Ես առաջ նյարդայնանում էի, բայց հիմա դա սովորական երեւույթ է դարձել, բնական է, պետք է այդպես էլ լիներ։ Ակնկալում եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն, ինչքան էլ որ նրանք գոռան կամ ղժժան, թպրտան։ Դրան ես սովորական եմ վերաբերում»։