Նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանը պատրաստ կլինի բանակցությունները վերսկսելու․ Սերգեյ Լավրով

Նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանը պատրաստ կլինի բանակցությունները վերսկսելու․ Սերգեյ Լավրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տրամադրված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսել եւ գտնել կառուցողական հանգուցալուծումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երեկ մենք ունեցանք շատ մանրակրկիտ եւ տեւական զրույց Իլհամ Ալիեւի հետ։ Զգացինք, որ նա անկեղծորեն տրամադրված է բանակցությունների վերսկսմանը, որպեսզի գտնվեն կառուցողական լուծումներ»,- ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցման, ասել է Լավրովը։ «Որպես Ադրբեջանի եւ Հայաստանի մոտ գործընկեր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ կշարունակենք անել ամեն բան, որպեսզի ստեղծենք այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք անհրաժեշտ են փոխզիջումների հասնելու համար։ Լավրովը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության ձեւավորումից հետո հայկական կողմը պատրաստ կլինի ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմի գործընկերների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ վերսկսելու բանակցությունները։ «Փորձելու ենք գտնել ոչ թե սկզբունքորեն նոր լուծումներ, այլ այնպիսի տակտիկական կամ կուզեք՝ նորարարական լուծումներ, որոնք կօգնեն կոնսենսուսի ձեւավորմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը