Ժամանակը կանցնի ու կհասկանանք, թե կոնկրետ «Իմ քայլի» իրական ձայներն ինչքան էին․ Արտակ Դավթյան

 Ժամանակը կանցնի ու կհասկանանք, թե կոնկրետ «Իմ քայլի» իրական ձայներն ինչքան էին․ Արտակ Դավթյան

ՀՀԿ-ականներն անցել են ընդհատակ և վաղ առավոտից քար լռություն են պահպանում։ Նրանք կա՛մ դեռ անքուն գիշերվանից հետո քնած են մնացել, կա՛մ մամուլի հետ շփվելու, լրագրողների հարցերին պատասխանելու և իրենց հավաքած 4.7 տոկոսի վերաբերյալ բացատրություններ գտնելու սիրտ, տրամադրություն ու երես չունեն։ Միակ ընդդիմությունը լինելու հույսերը տապալած ՀՀԿ ցուցակի առաջին համարները, նաև շտաբի պետ Դավիթ Հարությունյանն ու նրանց այլ գործընկերները ոչ մի կերպ չեն պատասխանում զանգերին: Միակ համարձակն այս հարցում Արտակ Դավթյանը գտնվեց, ով չխուսափեց մեր հարցերին պատասխանելուց։ Դավթյանը, հիշեցնենք, ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ից առաջռարդվել էր Կոտայքի մարզում, բայց նա ևս քիչ ձայն է հավաքել, որոնք ոչ էլ հաշվել է, քանի որ իր ձայներն էական չէր համարում․ կարևոր էր, որ կուսակցությունն անցներ։

 

«Դե, հիմա, չի անցնի, չի անցնի ՀՀԿ-ն, ի՞նչ խնդիր կա։ Ի՞նչ դրամատիկ բան է տեղի ունեցել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց պարոն Դավթյանը։

 

-Իսկ այն, որ մի ուժը 70 տոկոս է հավաքել, դա նորմա՞լ է, դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

 

-Գիտե՞ք, նորմալ է, թե աննորմալ, ժամանակը ցույց կտա։ Չեմ կարող ասել։

 

-Հնարավո՞ր է՝ բողոքարկեք արդյունքները։

 

-Կոնկրետ ես՝ չէ, իսկ կուսակցությունը՝ չգիտեմ, չենք խոսել։

 

-Իսկ խախտումներ կա՞ն, և ԿԸՀ-ի, Տիգրան Մուկուչյանի հայտնած տվյալներին վստահո՞ւմ եք։

 

-Ծիծաղելի չի լինի, եթե ես հիմա ասեմ, որ չեմ վստահում ու մնացած ամեն ինչը։ Ես չեմ կարծում, էլի, որ էս պահին ես պիտի ասեմ էդ մասին։ Հիմա ունենք էն, ինչ ունենք։ Կնոկրետ ես էդ արդյունքներն ինձ համար ընդունում եմ որպես իրողություն, և այդ իրողությունն ընդունելով՝ պիտի ապրենք, չէ՞, մեր երկրում։

 

-Կյանքը ավարտված չէ, փաստորեն, ՀՀԿ-ականների համար։

 

-Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, դա նշանակում է, որ մենք էլի մաքրվելու ահագին ճանապարհ ունենք անցնելու։ Կոնկրետ իմ կարծիքը էդպիսին է։

 

-Այսինքն՝ դեռևս լիարժեք մաքրվա՞ծ չէր ՀՀԿ-ն, դեռևս խնդիրնե՞ր կային, կամ գուցե ավելի ազնիվ չէիք ժողովրդի հանդեպ, որ նման ցածր տոկոս գրանցեցիք։

 

-Դեռևս, դեռևս․․․ հիմա, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արդյունք, որը կա, պետք է ընդունես այնպես, ինչպես որ կա և ինքդ քո մեջ պիտի նայես, թե որն էր էդ խնդիրը։

 

-Իսկ քաղաքականության մեջ մնալու համար ի՞նչ պետք է անի ՀՀԿ-ն, հինգ տարի պետք է սպասի, մինչև նորի՞ց մասնակցի ընտրություններին։

 

-Չէ, սպասելը որն է, հիմա քաղաքական ուժ է, քաղաքական ուժն ի՞նչ է անում, մասնակցում է քաղաքական կյանքին․․․ խնդիր չկա՝ դու օգտագործում ես էդ քաղաքական ամբիոնը քո տեսակետը հնչեցնելու համար, թե՞․․․ ո՞նց ասեմ, կարող ես շատ արդյունավետ աշխատել նաև որպես արտախորհրդարանական ուժ, ինչն էլ, կարծում եմ, որ պիտի անի ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն պարտադրված է դա անելու։

 

-Դուք ձգտում էիք միակ ընդդիմությունը լինել խորհդադրանում, բայց չեք լինի նոր ԱԺ-ում։ Ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայատսանը» կկարողանա՞ն զբաղեցնել ընդդիմության այդ պատասխանատու տեղը։

 

-Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, թե ինչքանով իրենք կզբաղեցնեն և ինչքանով կոնկրետ քաղաքացին գոհ կլինի։

 

-Ձեր ժամանակ զբաղեցնո՞ւմ էին այդ տեղը, իսկապես ընդդիմությո՞ւն էին, թե՞, ինչպես դուք էիք ասում, գրպանային ընդդիմության կարգավիճակում էին։

 

-Ես չգիտեմ՝ ինչ են, ոնց են, նորից եմ ասում՝ դա ժամանակը ցույց տա։

 

-Ասում են՝ այս 4.7 տոկոսն այն իրական ձայներն են, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ ունեցել է իրականում, բայց տարբեր ճանապարհներով մեծ թվեր է ցույց տվել՝ կեղծելով իր իրական պատկերը։

 

-Գիտե՞ս, ժամանակը կանցնի ու կհասկանանք, թե կոնկրետ «Իմ քայլի» իրական ձայներն ինչքան էին։ Եթե կոնկիրետ էդ պրիամզայով նայենք, որ 3 ամսվա մեջ 10 տոկոսային կետ կորցնում է, ապա հինգ տարի հետո ընդհանրապես կոչնչանա իր ձայներով։

 

-Նկատի ունեք Երևանի ավագանու ընտրություններում նրանց 80 տոկոս ցուցանի՞շը։

 

-Իհարկե։ Բա սրա՞ն ինչ ասենք։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ մի տարի հետո ընդհանրապես գոյություն չի ունենալու էդ քաղաքական ուժը։

 

-Իսկ դուք գոյություն կունենա՞ք։

 

-Ես կարծում եմ, որ մենք ոչ միայն գոյություն կունենանք, մենք, հասկանո՞մ եք, պարտավորված ենք էդ բանն անելու։ Մենք ուղղակի այլ ելք չունենք, քան ոչ միայն գոյություն ունենալ, այլ նաև իրականում շարունակել մեր գործունեությունը որպես քաղաքական ուժ։ Եվ էս ամեն ինչը՝ որպես ևս մեկ բավականին լուրջ դաս, արդեն կլինի մեզ համար մեր հետագա աշխատանքներն ու գործողությունները կատարելու համար։