«Պարտեզի» կրակոցները կբացահայտեն նաև Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների վիճակը

«Պարտեզի» կրակոցները կբացահայտեն նաև Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների վիճակը

Երեկ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանի մոտ հնչած կրակոցների հետեւանքով գլխից վիրավորված երկրորդ երիտասարդը՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանը։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելոյի՝ Մելիք Մանուկյանի ազգականներից է։ Իսկ բուն կրակոցների օրն էլ դարձյալ գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել էր մեկ այլ երիտասարդ՝ 1989թ․ ծնված Արտաշես Գեւորգյանը, եւս 8 անձ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածք եւ տեղափոխվել հիվանդանոց։ 
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր Աբովյան քաղաքում գործող մի ավտոտեխսպասարկման կետում ծագած վիճաբանությունից, որը դարձել էր մի կաթիլ մեղրի պատմությունը՝ խլելով երկու երիտասարդի կյանք, մի քանիսին էլ հասցնելով հիվանդանոցի ու ոստիկանության դուռը։ Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների եւ ըստ մեզ հասած լուրերի՝ ամեն ինչ սկսվել է մի փոքր միջադեպից։ Շշի Մելոյի եղբորորդին ընկերոջ հետ, մեքենայով, այցելում է «Մուլտիտրանսսերվիս» ընկերությանը պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որ փչել տա իր մեքենայի անիվը։ Սակայն ավտոտեխսպասարկման կետում հրաժարվում են ծառայություն մատուցել՝ նշելով, որ աշխատանքային ժամն ավարտվել է, թթվածին չունեն եւ այլն։ Երիտասարդները պահանջում են փչել՝ ասելով, որ ճամփի վրա են, փչեք՝ գնանք, որ ճամփին չմնանք։ Բայց քանի որ տեխսպասարկման կետում հրաժարվում են կատարել նրանց պահանջը, դրանից ծագում է վիճաբանություն, հայհոյանքներ եւ այլն։ Այդ պահին տարածքով անցնելիս է լինւմ Շշի Մելոյի քրոջ որդին՝ Էմիլ Հարությունյանը։

Տեսնելով, թե ինչ է կատարվում, մոտեցնում, փորձում է հանդարտեցնել՝ ասելով, որ պետք չէ պատմություն սարքել։ Էմիլը զանգում է  ավտոտեխսպասարկման կետն աշխատեցնող Վահրամ Գրիգորյանին, որն առավել հայտնի է «Բարեց Վահրամ» անունով։ Էմիլն ու Վահրամը պայմանավորվում են հանդիպել «Պարտեզում» եւ հանգիստ պայմաններում զրուցել՝ «իրար հասկանալ», խնդիրը հարթել։ 

Որոշ ժամանակ անց ռեստորանում հանդիպում են Շշի Մելոյի ազգականներն ու Վահրամը՝ ծառուկյանական թեւի հետ։ Ըստ տեղեկությունների՝ այդ ընթացքում նրանք միջադեպի մասին տեղյակ են պահում նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվերին, որը, ըստ տարածված, ապա հերքված տեղեկությունների, եւս ներկա է գտնվում երկրորդ հանդիպմանը, որտեղ հնչել են կրակոցներ։ Միջադեպի մասնակիցների մեջ մի կողմում եղել են Շշի Մելոյի որդին՝ Շանթ Մանուկյանը, որը հետո ձերբակալվել է, ինչպես նաեւ նրա զարմիկները՝ Էմիլ եւ Ռոմեն Հարությունյան եղբայրները, նրանց ընկերներն ու այլ հարազատներ։ Մյուս կողմում եղել են ծառուկյանականները։ Համենայնդեպս, ասում են, որ հանդիպման մասնակիցներին կարճ ժամանակ անց շրջափակել են ծառուկյանական համարանիշներով մեքենաները։ Սկզբում հաշտ-խաղաղ զրուցել են, սակայն երկու տաքգլուխ կպել են իրար, եւ ձեռնամարտ է սկսվել, կարճ ժամանակ անց մեքենաների հետեւից լսվել են կրակոցներ տարբեր տրամաչափի զենքերից։

Կրակոցների հետեւանքով տեղում զոհվել է մի երիտասարդ, երկրորդը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, ինչպես երեկ հայտնի դարձավ, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Մյուսները ստացել են տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ՝ թոքի, ողնաշարի եւ այլ հատվածներում։ Վիրավորների թվում են Մելիք Մանուկյանի զարմիկները եւ Ծառուկյանի կողմնակիցներից երկու հոգի։ Միջադեպից հետո ձերբակալվել էր ծառուկյանական թեւից մեկը՝ «Թաթ» մականունով հայտնի Արթուր Վարդանյանը, ով  անվտանգության աշխատակից է եղել, մյուս կողմից՝ Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը։ Վերջինիս, սակայն, դատարանն օրեր անց՝ փետրվարի 2-ին, գրավով ազատ է արձակել։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ վերջին տվյալներով, այս գործով կա 1 ձերբակալված, իսկ վեց անձ կալանավորված է: Նրանց թվում են նաեւ Մելիք Մանուկյանի քրոջ որդիները, որոնցից մեկը հրազենային վնասվածք է ստացել ողնաշարի ու կողերի, մյուսը՝ թոքերի շրջանում։ Նրանց վերաբերյալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել փետրվարի 4-ի երեկոյան, եւ «Էրեբունի» հիվանդանոցից վիրավոր վիճակում տեղափոխել են կալանավայր։

Նշենք, որ այս գործը, ըստ որոշ տեղեկությունների, իր անմիջական հսկողության ներքո է վերցրել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու քանի որ խոսքը նաեւ Ծառուկյանի որդու եւ աշխատողների մասին է, այս գործի ավարտը ցույց կտա նաեւ, թե ինչ հարաբերություններ են Ծառուկյանի եւ Փաշինյանի միջեւ։ Հատկապես, որ Ծառուկյանի որդին այս գործով անցնում է որպես վկա։ Նրա՝ կրակոցներին ներկա լինելու փաստը դեռեւս չի հաստատվում։ Մե՛կ ասում են՝ այնտեղ է եղել, մե՛կ ասում են՝ Ծաղկաձորում է եղել այդ օրը, այդ ժամին, անգամ տեսախցիկների արձանագրություն կա, որ Նվեր Ծառուկյանը եղել է Ծաղկաձորում, սակայն խոսում են նաեւ, որ դեպքից հետո է մեկնել Ծաղկաձոր։ Ամեն դեպքում, «Պարտեզի» մոտ եւս տեսախցիկներ են եղել, որոնք քննչական մարմինների կողմից առգրավվել են, եւ որոնց վրա, մեզ հասած տեղեկություններով, ողջ միջադեպը մանրամասն արձանագրված է։ Տեսագրվածի վերծանումը կտա իրական պատասխանը՝ ով է ներկա եղել միջադեպին եւ ով ում վրա է կրակել։ Ի դեպ, մեկ այլ ուշագրավ փաստ եւս։ Սկզբում գործը քննվում էր Աբովյանի քննչականում, բայց հետո տեղափոխվեց Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն, որից հետո էլ սկսվեցին ձերբակալություններն ու կալանավորումները։