Ի՞նչ որոշում է կայացրել դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որդեկորույս մոր բողոքի հիման վրա 

Ի՞նչ որոշում է կայացրել դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որդեկորույս մոր բողոքի հիման վրա 

Տևական ժամանակ է, ինչ Ռուզան Ադանալյանը տարբեր իրավապահ կառույցներում, դատական ատյաններում հաղորդումներ և բողոքներ է ներկայացնում 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի՝  հասարակական մեծ հնչեղություն ստացած խորհրդավոր սպանության գործի հետ կապված մի շարք դրվագների ու հանգամանքների վերաբերյալ: 

Ռ. Ադանալյանը պնդել և պնդում է,որ որդու սպանությունը պատվիրված է և կրում է խմբակային բնույթ: Ըստ նրա՝ որդուն  սպանելու փաստով ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը  սպանությունը կատարել է իր մտերիմ ընկերոջ` Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննես Թոփչյանի հետ, որի հանցավոր անցյալը նպաստել է` իրականացնելու որդու սպանության պատվերը: Նա Արտյոմ Ադանալյանի սպանությունից ընդամենը 1 տարի 10 ամիս առաջ դատապարտվել է թմրանյութ  աճեցնելու, պատրաստելու, իրացնելու համար: Սպանվածի մայրը պնդում է, որ Թոփչյանի կողմից Արտյոմ Ադանալյանին սպանելու փաստի վերաբերյալ առկա են ծանրակշիռ փաստեր և ապացույցներ: Թմրանյութի մեծ քանակություն էլ Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի օրը քննիչ Հ. Առաքելյանը վերցրել է դեպքի վայրից և թաքցրել, ինչի վերաբերյալ ներկա պահին գործ է քննության առնվում:

 «Ավելին քան 4 տարի է, ինչ մարդասպան-բառիկn ապրում է ազատության մեջ, սակայն՝ գողեգող: Մինչ օրս հետաքննության և նախաքննության մարմիններn իբր չեն կարողանում գտնել նրան: Փաստորեն, ՀՀ-ի ներկայիս օլիգարխներից շատ ավելի «ուժեղ դեմք է»: Բազմիցս հայտնաբերել եմ նրան և փաստերը ներկայացրել ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին: Վերջին անգամ Թոփչյանի  հետ հեռախոսով խոսել եմ 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 21-ի սահմաններում: Ի դեպ նշեմ, որ որդուս սպանող Հ. Թոփչյանը  ցինիզմով ու լկտիաբար հարցրեց․ «...Խոսա, Ռուզան Ադանալյան, դուխ չունի՞ս խոսաս...»:

Անմիջապես հայտնել եմ այդ մասին ոստիկանություն, սակայն դատախազությունը պարտակում է հանցագործին: Ես ոստիկանություն հաղորդում եմ ներկայացրել նաև ՀՀ գլխավոր եւ Շիրակի մարզի դատախազների դեմ: Ոստիկանությունում ինձանից բացատրություն չի վերցվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ հաղորդումը վերաբերում է պաշտոնատար անձանց, ուստի պետք է որոշում կայացվի այն ըստ ենթակայության ուղարկելու մասին, այսինքն՝ քննության է առնվելու ՀՔԾ-ում: Սակայն օրեր անց ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Ա. Պապյանի կողմից հաղորդման վերաբերյալ ընդամենը գրություն է տրամադրվել՝ նշելով, թե հաղորդումը վերացական բնույթի է, ինչի պատճառով որոշում չի կայացվել: Նշեմ, որ հաղորդումն իր մեջ պարունակել է պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող մի շարք տվյալներ: Իսկ Ա. Պապյանը, կարծում եմ, ուղղակի ստիպված է եղել  իր ուսերի վրա վերցնել պաշտոնատար անձանց հանցավոր գործողություններին ընթացք չտալու պարտականությունը՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության մի շարք օրենքներ»,- hraparak.am-ի հետ զրույցում պատմում է Ռուզան Ադանալյանը: 

Անդրադառնալով վերը նշված հաղորդմանը՝ սպանվածի մայրը նշեց, որ 2019 թվականի ապրիլի 4-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Պապյանի գործողությունների՝  անգործության դեմ, խնդրելով դատարանից որոշում կայացնել՝ պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին իր իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու մասին: Ի զարմանս տիկին Ռուզանի՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարել է նրա բողոքը՝ պարտավորեցնելով նաև վարույթն իրականացնող մարմնին  կայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսվող որոշումներից մեկը:

Մեր հարցին, թե այս հոդվածի համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի և Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանի դեմ  հնարավո՞ր է գործ հարուցվի, Ռուզան Ադանալյանը նշեց. «Հիշյալ հոդվածը վկայակոչելով՝ դատարանը նկատի ունի ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի և Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանի կողմից ըստ իմ  տված հաղորդման բովանդակության՝ ենթադրյալ մարդասպան Հ. Թոփչյանին պարտակելու, վերջինիս չհայտնաբերմանը նպաստելու, խմբակային սպանության կանխատեսված ելքով շահագրգռված լինելու, պաշտոնեական հանցավոր գործողությունների վերաբերյալ 1. քրեական գործ հարուցելու, 2. քրեական գործ հարուցելը մերժելու, 3. հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշումների կայացմանը: Իսկ թե այս որոշումներից որ մեկը կիրականացվի, կարող եմ ենթադրել, բայց չկանխատեսել»:

Հիշեցնենք,որ Տաթևիկ Գրիգորյանն այն սկանդալային դատավորն էր, որ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 10,5 տարվա ազատազրկման, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց եւ նրա ձերբակալման որոշումը ճանաչեց ոչ իրավաչափ: