Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր չէ հաշվետու լինել պաշտոնատար անձի, հասարակության առջև

Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր չէ հաշվետու լինել պաշտոնատար անձի, հասարակության առջև
Դատավոր

«Հաշվի առնելով, որ վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների միություն են դիմել միության անդամ հանդիսացող դատավորներ Զ. Նախշքարյանը և Դ. Բալայանը, Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքն ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից: Այլ խոսքով՝ հնարավոր չէ խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին, եթե չի ապահովվում դատական իշխանության անկախությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցությունից:

Դատավորների միությունը հարկ է համարում նշել, որ դատավորների անկախության վրա արտաքին ազդեցության դրսևորում է համարվում նաև հասարակության կողմից դատական իշխանության վրա ճնշումներ գործադրելը տարբեր գործերի կապակցությամբ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Այլ կերպ ասած՝ իրավական պետությունում դատավորներն առաջնորդվում են միայն Սահմանադրությամբ և օրենքներով: Ստանձնելով պաշտոնը՝ դատավորները գիտակցում են, որ գտնվելու են հասարակության քննադատության թիրախում, հետևաբար յուրաքանչյուր քննադատություն, առավել ևս վիրավորական արտահայտություններ հնչեցնելու ժամանակ պետք է գիտակցել, որ դրանով ուղղակիորեն վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իրավական պետություն:

Հետևաբար, եթե դատավորները, ովքեր ի պաշտոնե չեն կարող պատասխանել հնչեցվող քննադատություններին, անընդհատ գտնվեն անառողջ և հանիրավի քննադատության ազդեցության տակ, ապա մենք գործ ենք ունենալու դատական իշխանության արտաքին անկախությունը խարխլող իրավիճակի հետ, ինչն անմիջականորեն վտանգում է իրավական պետություն ունենալու և զարգացնելու հեռանկարը:

Դատավորների միությանը հայտնի է դարձել, որ վերջին օրերին հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Ոմանք անգամ սոցիալական կայքերի կամ կապի այլ միջոցներով դատավորներին անմիջականորեն հասցեագրում են սպառնալիքներ ու վիրավորանքներ, դատավորներից պահանջում են պարզաբանումներ ներկայացնել կայացված դատական ակտերի վերաբերյալ: Վերջին շրջանում դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը հատել է միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված թույլատրելիության սահմանները, ինչի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել անգամ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (տե՛ս ըստ հետևյալ կայքէջի՝ «http://www.ombuds.am/media/65489.html»):

Դատավորների միությունը դարձյալ ընդգծում է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր չէ հաշվետու լինել ինչպես որևէ հանրային իշխանական մարմնի կամ պաշտոնատար անձի, այնպես էլ հասարակության կամ դրա առանձին անդամների առջև: Դատավորն արդարադատությունն իրականացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրության և օրենքների վրա՝ առանց կաշկանդվելու այս կամ այն հնչեղ գործի կապակցությամբ հասարակական վերաբերմունքով: Հասարակության անդամներն էլ իրենց հերթին պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի: Դատավորներն իրավունք չունեն և պարտավոր չեն որևէ մեկին բացատրություններ տալ իրենց կողմից ընդունված որոշումների բովանդակության, հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ կամ հանրության առաջ ապացուցել դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը, հասարակությունն էլ իր հերթին չի կարող դատավորից նման վարքագիծ ակնկալել:

Դատավորների միությունը հարկ է համարում շեշտադրել, որ այս կամ այն գործով դատավարության մասնակիցները կայացված դատական ակտերի նկատմամբ իրենց անհամաձայնությունը կարող են արտահայտել տվյալ դատական ակտի բողոքարկման միջոցով. սա անհամաձայնություն արտահայտելու, թերևս, միակ օրինական ճանապարհն է: Դատական ակտերի բողոքարկման իրավունքը հանդիսանում է մարդու՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների բաղադրիչներից մեկը. այդ իրավունքի պատշաճ իրացումը Հայաստանի Հանրապետությունում գործող եռաստիճան դատական համակարգի պայմաններում կարող է արդյունավետ կերպով ապահովել հնարավոր դատական սխալների վերացումն ու մարդու խախտված իրավունքների վերականգնումը: Իսկ եթե շահագրգիռ անձինք կարծում են, որ որևէ դատական ակտ կայացնելիս դատավորը թույլ է տվել իրավախախտում, ապա տվյալ դատավորին իրավաբանական պատասխանատվության կանչելու համար վերջիններս կարող են դիմել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի օգնությանը: Դատավորի արարքում ենթադրյալ իրավախախտման առկայության փաստը կարող է հաստատվել բացառապես իրավասու մարմինների կողմից և օրենքով սահմանված պատշաճ ընթացակարգերի պահպանման դեպքում:

Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորներից հրապարակային պարզաբանումներ պահանջելուց, նրանց վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելուց, դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց՝ նկատի ունենալով, որ նշված վարքագիծը վնաս է պատճառում ոչ միայն տվյալ դատավորի հեղինակությանը, կոնկրետ գործի արդար դատաքննությանը, այլ ընդհանրապես ողջ դատական իշխանության անկախությանն ու իրավական պետության հետագա գոյությանը»: