Ինչի՞ համար դադարեցվեցին դատավորի լիազորությունները․ նա շփոթված էր 

Ինչի՞ համար դադարեցվեցին դատավորի լիազորությունները․ նա շփոթված էր 
Արայիկ Մելքումյան

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօր դադարեցվեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները։

Նիստից հետո Մելքումյանը չպատասխանեց լրագրողների հարցին, միայն նշեց, որ դրա հետ համաձայն չէ, դեռ պետք է ծանոթանա որոշմանը։ 

Ի դեպ, նշենք, որ որոշման հրապարակումը տեւեց մի քանի րոպե, դրանից հետո Մելքումյանը շփոթված դուրս եկավ դահլիճից։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումն անբողոքարկելի է, դա դատական օրենսգրքի դրույթն է․ «Միջնորդությունը ներկայացվել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից, եւ միջնորդությունը վերաբերում էր դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալուն։ 5 օր հետո ԲԴԽ-ն կհրապարակի կայքում, եւ դուք հնարավորություն կունենաք մանրամասն ծանոթանալու ԲԴԽ-ի պատճառաբանություններին եւ եզրահանգումներին։  Խնդիրը էական կարգապահական խախտմանն էր վերաբերում, բանը նրանում էր, որ միջնորդություն ներկայացնող մարմինը դռնբաց դատական նիստում քննարկվող հարց էր, որ խոսքը վերաբերում է որոշակի դատավարական գործողություններ կատարելուն, մասնավորապես՝ ուժի մեջ չմտած դատական ակտին կատարողական թերթ տալը, որը էական կարգապահական խախտում դիտվեց ԲԴԽ-ի կողմից»։

Ըստ նրա՝ այս գործընթացները, որոնք տեղի են ունենում վկայում են դատական իշխանությունում առկա առողջացման ազդակների մասին․ «Վկայում է, որ դատական համակարգը ունակ է ինքնամաքրման եւ կատարելագործման։ Լայնորեն, երբ շուտով ներդրվի էլեկտրոնային արդարադատությունը, ողջամիտ ժամկետների հաշվարկը, դատարաններում որոշակի ընթացակարգեր պարզեցվեն, եւ դատական իշխանությունը բացվի հասարակության առաջ, դառնա ավելի թափանցիկ, կարծում եմ, որ ակներեւ կդառնա, որ դատական համակարգը ունակ է առողջանալու՝ առանց որեւէ կտրուկ քայլերի»։

Մեր հարցին ի պատասխան Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ ԲԴԽ-ն այսօր հանդես է գալիս որպես դատարան, դա դատական օրեսնգրքի կարգավորումն է․ «ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, երբ քննում է դատավորի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործ։ Եվ, փաստորեն լիազորությունների դադարեցումն ամենախիստ կարգապահական տույժն է»։

Անդրադառնալով վերջերս կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորներ Արա Կուբանյանի եւ Ռուբեն Ափինյանի վերաբերյալ որոշմանը՝ ԲԴԽ-ը անդամն ասաց, որ Ափինյանի դեպքում փաստաբան Լուսինե Սահակյանի դիմումը հիմք է հանդիսացել, որպեսզի դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը վարույթ հարուցի․ «Այնտեղ դատավորը իր մակագրությամբ ուժի մեջ մտած էր համարել մի դատական ակտ, որն այդ նույն օրը բողոքարկվել էր։ Երբ տեղի է ունենում բողոքարկում դատարանի վճիռը ուժի մեջ չի մտնում,  որովհետեւ կա բողոքարկման իրավունք եւ դա կոնվենցիոն իրավունք է»։