ԵՄ-ն չի ֆինանսավորում հեղափոխություններ և աղմուկով Բրյուսելում հարցեր չեն լուծում

ԵՄ-ն չի ֆինանսավորում հեղափոխություններ և աղմուկով Բրյուսելում հարցեր չեն լուծում
Արմեն Աշոտյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին։ Փաշինյանը եվրոպացի դեսպաններին ուղղված խոսքում ասել է նաև, որ բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ:

«Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին», -ասել է նա՝ դեսպաններին խնդրելով փոխանցել ԵՄ մայրաքաղաքներին Հայաստանի այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել:

Այս առնչությամբ զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը վերջին շրջանում Հայաստանի քաղաքական նոր իշխանություններին մեղադրում է եվրոպական երկրների կողմից ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացին հետևողականորեն տեր չկանգնելու մեջ։

Արմեն Աշոտյանը Hraparak.am-ի հետ զրույցում նախ նկատեց, որ Եվրոպական միությունը չի ֆինանսավորում հեղափոխություններ և Հայաստանում ձեռբերումները չեն կարող ամփոփվել միայն լրատվականների գլխագրերում կամ՝ «վարչապետի չհիմնավորված լավատեսության հերթական նոպայի ներքո»։ «Իհարկե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների կարևորումը, այդ կարևորությանն իրական միս ու արյուն հաղորդելը պետք է լիներ կառավարության գերակայությունից։ Այս առումով, վարչապետն ու իր թիմը կորցրեցին պատմական հնարավորությունը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դիտարկելու որպես կառավարության 5-ամյա գործունեության կարևոր ուղեցույցներից մեկը։

Ցավով արձանագրեմ, որ այսօր կառավարությունը նախորդ տարվա հունիսի 1-ից առ այսօր CEPA-ով նախատեսված և ոչ մի իրական բարեփոխում չի արել։ Մեր քաղաքացիները չեն զգում այդ պայմանագրի իրական քաղաքական արժեքը, որովhետև իրենց կյանքը չի բարելավվել, որովհետև այս կառավարությունն ունակ չէ իրականացնելու այն բարեփոխումները, որոնք ներկայացված են համաձայնագրում»,-ասում է Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ շատ լավ տեսանելի է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում չեն իրականացվել CEPA-ով հանձնառված գործողությունները։ Հետևաբար, Աշոտյանը խորհուրդ չի տալիս Նիկոլ Փաշինյանին կրկնել սխալը, որն արեց Բրյուսելում՝ ՆԱՏՕ գագաթնաժողովին։

«Դասեր չքաղելով սեփական անգործությունից և չհասկանալ խնդրի ողջ խորությունը։ Իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի Հայաստան-ԵՄ հարաբերությունները ստանան նոր որակ և CEPA-ն կյանքի կոչվի։ Ցավոք, այս կառավարությունը դրա ունակությունները չունի»,-ասում է հանրապետականը։

Այսպիսով, ըստ նրա, Եվրամիության աջակցությունը բացառապես խարսխված է լինելու արդյունքների վրա։ Նա նաև Հայաստանի քաղաքական իշխանությունների համար ստուգաբանում է more for more բանաձևը․ նշանակում է՝ ավելի շատ աշխատանք, հետևաբար՝ ավելի շատ աջակցություն, ոչ՝ ավելի շատ աղմուկ, ավելի շատ աջակցությունում։ Որպես ամփոփում Արմեն Աշոտյանը նկատեց, որ աղմուկով Բրյուսելում հարցեր չեն լուծում և փողոցից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այս դասը պետք է սովորած լիներ։