Դեռ ոչինչ չեք արել, մենակ խոսում եք, էն էլ՝ ճոռոմ-ճոռոմ

Դեռ ոչինչ չեք արել, մենակ խոսում եք, էն էլ՝ ճոռոմ-ճոռոմ

«Հրապարակ»-ի  հարցազրույցը Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի 
հետ․

- Երեւանի քաղաքապետը որոշել է պարգեւատրել իրեն, տեղակալներին ու  աշխատակիցներին՝ 30-100 տոկոսով բարձրացնելով աշխատավարձերը։ Ըստ որում, որքան պաշտոնը  հայեցողական՝ այնքան բարձր, արդյունքում շատերը պատգամավորից, ԱԱԾ տնօրենից, նախարար-փոխնախարարներից ավելի բարձր աշխատավարձ կստանան։ Գիտնականների, ուսուցիչների, թոշակառուների հետ էլ չենք համեմատում, որոնք նույնպես այս երկրի հպարտ քաղաքացիներն են։ 

- Չէ, եթե իրենք էնպիսի բաներ արած լինեին, որ ժողովուրդը ոգեւորված կծափահարեր, ոչինչ, կարելի էր էդ ամենը հանդուրժել, բայց մեր հաշվին, Երեւանի բնակչության հաշվին ո՞նց կարելի է տենց բաներ անել։ Երբ բնակչությունը սովամահ է լինում․․․ ես սոցիալիստ չեմ․ եթե մասնավոր հիմնարկն է նման բան անում, իր գործն է, թող անի, բայց որ պետական մարմինն է, էն էլ՝ ընտրովի, խայտառակություն է։ Չգիտեմ ինչ ասեմ։ Դեմ եմ։

- Բայց սա նուրբ թեմա է, այսպես խոսողներին անմիջապես մեղադրում են նախանձի, չարության մեջ։ Քաղաքապետարանը,  Ռոբերտ Քոչարյանի ասած՝ փողի վրա նստած է, բայց ինչ-որ տրամաբանություն երկրում պե՞տք է լինի։ Գիտնականը ստանում է 70-80 հազար դրամ, իրենք՝ 700-800 հազար։ Ի դեպ, խոսքը միայն իրենց մասին չէ։

- Իմ օրինակով ասեմ․ այս երկրի համար շատ բան եմ արել եւ ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում՝ ոչ մի կոչում, ոչ մի բան, ղարաբաղյան շարժումից սկսած ինչ-որ հանձնարարվել է, արել եմ։ Ու էս երկրի համար եմ արել։ Իմ թոշակը 35 հազար դրամ է։ Իրենք ոչ մի բան դեռ չեն արել, որոշել են, որ 600-700 հազար աշխատավարձ պետք է ստանան։ Նորից եմ ասում՝ սոցիալիստ չեմ, բայց այս ամեն ինչը շատ անարդար է։

- Հարցին մոտենանք կառավարման տեսանկյունից։ 

- Եթե ինքն անի բաներ, որից պարզվի, որ մենք 7 մղոնանոց քայլերով գնում ենք առաջ, դեպի պայծառ ապագա, միգուցե մտածենք էդ մասին։ Բայց իրենք ոչինչ չեն արել, ամբողջ քաղաքը զիբիլանոցի մեջ է։ Տրանսպորտային այս կոլապսը վերացնեին։ Ինչ-որ էստակադա են ուզում կառուցել, ես գրել եմ, ասել եմ՝ արա՛, մենակ էստակադայով էդ հարցը չի լուծվի։ Ասում են՝ շատ լավ պրոյեկտ ա… շատ լավ, շատ լավն է, բայց  սարքեք, արեք, նոր ասեք։ Մի հատ էդ խցանումները վերացրեք, հետո ձեր աշխատավարձի մասին կխոսենք։ Դեռ ոչինչ չեք արել, հասկանո՞ւմ եք։ Մենակ խոսում եք, էն էլ՝ ճոռոմ-ճոռոմ։ Խոստումներով չեք կերակրի էս մարդկանց։  Ճիշտ է՝ ես էս «ֆեյքերի», «ադեկվատների» դեմ եմ, իրենց ասում եմ, որ իրենք օտար երկրների շպիոններ են, բայց չեմ կարող նաեւ չասել՝ կես տարի էլ չի անցել, որ ընտրվել ես, դեռ ոչինչ չես արել ու որոշել ես էդքան աշխատավա՞րձ բաժանել։ Մեր ժամանակ՝ էդ, որ կոչում են մթի ու ցրտի, իրականում՝ պատերազմի, երկրաշարժի, Սովետից պրծնելու, շրջափակման, հերոսական այդ տարիների մասին եմ ասում, մենք, ինչ է, չէի՞նք կարող մեզ 1 միլիոն դոլարանոց աշխատավարձեր նշանակեինք։ Կարող էինք, չէ՞։ Ես ստացել եմ 80 դոլար աշխատավարձ։

- Միգուցե կոռուպցիայի դեմ են պայքարում։

- Ի՞նչ է նշանակում՝ պայքարել կուռուպցիայի դեմ։ Կոռուպցիայի ձեռքը բռնում են, մենք էլ ունեինք, չէ՞, կոռուպցիաներ։ Բռնում էինք։ Գոնե էապես բարձրացնեին կրտսեր աշխատողների, ոչ թե պաշտոնատարների։ Վերցնում ամենաազնիվ տղուն՝ Հայկ Այվազյանին գործից հանում են, կամայական որոշմամբ։

- Ծանոթներ, ազգականներ, կուսակցականներ, յուրայիններ։ Ձեր տպավորությամբ, այս տրամաբանությա՞մբ են արվում նշանակումները պետական կառավարման համակարգում։

- Ընդհանրապես, յուրայիններ նշանակելն ընդունված է, բան չունեմ ասելու, բայց որ համատարած նույն բանը շարունակվում է, ես չգիտեմ դա ոնց անվանեմ։ Ո՛չ մասնագիտական ձեւով, ո՛չ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։

- Նախկինների հետ կապված․ մի տեսակ չի հասկացվում, թե ինչու նախկիններից ոմանք պետք է շարունակեն մնալ բարձր պաշտոնների, մյուսները՝ ոչ։ Մի մասին նշանակում են, մի մասին՝ ազատում ու դատում։ Ի վերջո, հասարակությանը բացատրություններ իշխանության կադրային քաղաքականության  մոտեցման մասին պե՞տք է տրվի, թե՞ ոչ։

- Իհարկե, պետք է տան։ Կա, իրոք, անմեղության կանխավարկած, եւ ես չեմ կարող ասել՝ էս մարդը կդառնա՞ կոռուպցիոներ, թե՞ չի դառնա։ Բայց փորձը ցույց է տալիս, որ, լավ, էն մարդիկ, որոնք մաքուր են եղել, իրենց ինչի՞ չեք ընդգրկում։ Մանավանդ, պրոֆեսիոնալներ են էդ մարդիկ իրենց ոլորտներում։ Վահագն Խաչատրյանին ինչի՞ չեք ընդգրկում, արա։ Քաղաքն ամենածանր տարիներին նա ղեկավարել է։ Լավ, Երջանիկ Աբգարյանին ինչո՞ւ չեք հրավիրում մաքսային համակարգ՝ որպես խորհրդական։ Երջանիկ Աբգարյանը ձեզ ինչ-որ խորհուրդներ կտա։

- Դուք․․․

- Իմ մասին չեմ ուզում խոսել, բայց բերեցին մի հատ երիտասարդ անկապ աղջիկ դրեցին, ի՞նչ արեց։ Ես ասում էի՝ չի լինելու տենց բան, աղջիկ ջան, որ Ryan.air-ը կթռնի Երեւան։ Ասել եմ՝ արա, նոր խոսիր։ Ասում է՝ չէ, մենք մի քանի տարի հետո շատ լավ ենք ապրելու, դուք հո Պուտինը չե՞ք։ Ես հայ-թուրքական սահման եմ բացել, մի հատ ծպտուն չեմ հանել, ես միլիարդավոր օգուտ եմ բերել Հայաստանի երկնքի վրայով տրանզիտային թռիչքներով։ Տարեկան 10 միլիոն դոլարի։ Մեկնումեկը, բացի Տիգրան Պասկեւիչյանից, հիշե՞ց, մի հատ ֆիլմում խոսե՞ց, ասեց՝ էդ փակ սահմանին՝ հայ-թուրքական երկխոսությունը։ Իրենք դեպի Ստեփանակերտ ռեյս էին բացում, «առաջինը ես եմ թռնելու»․․․ դե թռի, պրծնենք։ Սերժի մասին է։ Օդակայանում ինչքա՞ն փող կերան։ Էռնեկյանին բերելով ի՞նչ արեցին։ Էդ «սառայը», որ ընտեղ 100 միլիոն դոլարով սարքել է, ես էդ «սառայը» կարող էի 1 միլիոնով սարքեի։ Սենց ո՞նց կարելի է անընդհատ խաբել, յուրացնել։ Գիտե՞ք օդանավակայանի տնօրենների աշխատավարձն ինչքան է։ Քաղաքապետարանը՝ հեչ։  Էռնեկյանն իր ազգականներին բերել-լցրել է ըտեղ, 15-20 հազար աշխատավարձ է տալիս։ Դրա համար էլ սենց թանկ է ամեն ինչը։ Դրա մասին էլ ոչ ոք չի խոսում։ Դուք կասեք՝ դա մասնավոր է, իրենց գործն է․ ոչ, մասնավոր չի։ Կոնցեսիան մասնավոր չէ, դա պետական վարձած օդանավակայան է, որն առայժմ սեփականաշնորհված չէ։ Ոչ ոք չի խոսում «Արմավիայի» մասին, որ Բաղդասարովը բոլոր ինքնաթիռները կերավ։ «Հայկական ավիաուղիները» վերացրին, դրա մասին ոչ ոք չի խոսում։ ԱԺ-ում էր, չէ՞, Նիկոլը փրթում էր, հանձնաժողով էր ստեղծելու․․․ ավիացիան քանդեցին, հիմա շարունակում են էլի քանդել։ Էս ի՞նչ են անում ու չեն էլ մի հատ զանգում-հարցնում՝ «բա, շեֆ ջան, կներես, ի՞նչ կարանք անենք, ի՞նչ խորհուրդ կտայիր․․․»։ Ես նեղացած չեմ, ես զզված եմ։

- Ե՞վ։

- Եվ… իշխանափոխությամբ էս երկրում բան չի փոխվում, մտածողություն պետք է փոխել։ Որ չգան ու չասեն՝ я начальник, ты - дурак։