Չլինի՞, թե բարկանում ես, աղա՛ ջան․․․

Չլինի՞, թե բարկանում ես, աղա՛ ջան․․․

Երեկ ազգային ժողովի ընթացքին էի հետևում ու եկավ այն պահը, երբ  անցած- գնացած նմանատիպ մի դրվագ  հիշեցի։ Մի թռչուն էինք տուն բերել ու քանի որ վանդակ չունեինք, երկաթյա ցանցերով մի աման էինք շրջել ու դրել մեջը, որ չփախչի։ Փոքր երեխու խելք։ Թռչունը վախից երկաթյա ցանցերին էր խփում գլուխը ու մի այնպիսի աղմուկ էր բարձրացել, որ վախենում էինք նրան մոտենալ։ Մինչև մի կտոր բան կբերեինք, որ նրան կերակրեինք, նա այնքան էր գլուխը խփել երկաթյա ցանցի պատերին , որ անշնչացել էր։ Բացեցինք ու հանեցինք նրա անշարժացած մարմինը։ Ազգային ժողովում նման բան տեղի չունեցավ։ Փաշինյանին վանդակն էին գցել, բայց նա անտեղյակ «թռչուն չէր» , փորձված, թրծված էր․  յոթ տարի նրան  ցանցապատ վանդակն են գցում, նա գլուխը խփում է պատերին, անասելի ճիչեր է արձակում, տարօրինակ գոռում- գոչյուններով արձագանքում։ Ու գիտե՞ք, երբ է ճռվողյունն անտանելի դառնում, երբ խփում էին նրա ցավոտ կետերին, ու նա մնում էր անպաշտպան․․․

Հենց այդ ժամանակ նա պատասխանի փոխարեն սկսում է թվեր հաշվել՝ 2004, 2005,2006․․․ Ինձ միշտ անհանգստացրել է, թե նա ո՞նց է դիմանում հարվածներին՝ աջից, ձախից կողքից, կենտրոնից․․․ Հեշտ չէր իմանալ։ Ճիշտ է, դա թանկ արժեցավ երկրի, ժողովրդի, ինձ վրա, բայց վերջը իմացա։ Փաշինյանը անփորձ «թռչուն չէ» ,  նա բոլոր պայմանների համար  օտար ափերում «վարժեցված թռչուն է»։ Եթե ուզում եք իմանալ, նա հեռակառավարման վահանակով է կառավարվում։ Ո՞վ կպատկերացներ, որ նա Արցախը հանձնելուց հետո էլի կկարողանա կանգնել ազգային ժողովի առաջ։ Ո՞վ կհավատար, որ նա անթիվ (թիվը մինչև հիմա հայտնի չէ) զինվորների մատաղ անելով, խեղանդամ դարձնելով, պատերազմը չկանգնեցնելով՝ կարող էր մարդամեջ դուրս գալ, ոտքի կանգնել։ Ո՞վ կպատկերացներ, որ նա Հայաստանի ծերից բռնած հանձնումներ կաներ ու կկանգներ ազգային ժողովի առաջ ու մեկից մինչև հազար հաշվեր։ Հիմա էլ չեք պատկերացնում, թե վահանակով կառավարվող թռչունը ինչե՜ր կարող է անել, եթե նրա թռիչքը չկասեցվի․․․ Այնպես որ ազգային ժողովի վանդակում ինչ կարգի ցանցի տակ էլ նրան դնեք, նա դուրս է գալու ողջ ու առողջ։ Բայց մի լավ նշան կա։ Երբ որ նրա անպաշտպան կետերին են պատգամավորները  խփում, նա բարկանում է։  Թումանայանի «Չլինի՞, թե բարկանում ես, աղա՛ ջան․․․» արտահայտությունն  այսօր էլ ուժի մեջ է։ Ժողովուրդը պիտի հասկանա, որ մեղավորի բերանում թուքը չորանում է, երբ արդեն կկվի վրա են «կրակում»։ Նրա ուժը կկուն է, վահանակը նրա ձեռքին է։ Նա կհանձնվի, երբ վահանակը կկվի ձեռքից վերցրվի։  Փաշինյանի կկվի ձայնը շատ եք, չէ՞, լսում՝ տարբեր ծառերից ու երկրներից։  

Տիրոջ խորամանկությունը հասկանալ է պետք ու հեքիաթի նման ուղիղ գնալ կեղծ կկվի վրա։ Մեջբերում եմ հեքիաթի այդ հատվածը․ 
« - Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․ 
Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։ 
- Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․ 
Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․ 
- Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․ 
- Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․»։
Հասկացողը հասկացավ, չհասկացողին էլ ոչ մի խնձոր։