ԱԺ-ն իր կողմից է ուզում նվազագույն աշխատավարձը բարձրացնել, կառավարությունը՝ իր  

ԱԺ-ն իր կողմից է ուզում նվազագույն աշխատավարձը բարձրացնել, կառավարությունը՝ իր  
Բաբկեն Թունյան

«Իմ քայլի» պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը նախագիծ են ներկայացրել, որով ցանկանում են բարձրացնել նվազագույն աշատավարձի չափը՝ 55 հազար դրամից դարձնելով 63 հազար։

Բայց կառավարությունը դեմ է դրան ու մտադիր է առաջիկա նիստում բացասական եզրակացություն տալ այս նախագծին, փոխարենը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր նախագիծն է հեղինակել, որով ուզում է ավելի շատ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, քան պատգամավորներն են առաջարկում։ Նախագիծը մերժելու հիմնավորումն էլ բավականին ուշագրավ է․ «․․․Քանի որ աղքատության գծից վերեւ գտնվողները, ըստ էության, ինքնաբավ են, եւ լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվեն ոչ թե ծախսերի (պահանջարկի եւ առաջարկի) ավելացմանը, այլ կուտակմանը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որն էլ «կռիվ է գցել» կառավարության ու ԱԺ-ի միջեւ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Թունյանի գրառմանը հակադարձել է, թե Թունյանը կիսատ է մեջբերումն արել, եւ իրենց առաջարկն ավելի բարձր է՝ ոչ թե 63 հազար դարձնել, այլ 67-70 հազար։

«Մենք սկզբից առաջարկում էինք 65 հազար դարձնել, բայց, հաշվի առնելով, որ դա նաեւ իր հետ անուղղակիորեն բերելու է պետական ծառայողների պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, դրա համար իջեցրինք 63 հազար, որովհետեւ մեր նպատակը ոչ թե բոլորի աշխատավարձը բարձրացնելն է, այլ նվազագույն աշխատավարձ ստացողների վիճակը մի փոքր բարելավելը»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի հեղինակներից Բաբկեն Թունյանը։

- Իսկ ինչի՞ հետեւանքով էր 65 հազարի դեպքում մյուսների աշխատավարձն էլ բարձրանալու։

- Պետական պաշտոնյաների աշխատավարձի չափը բազային աշխատավարձով է սահմանվում։ Կան գործակիցներ։ Ու բազային աշխատավարձն էլ կապված է նվազագույն աշխատավարձի հետ։ 65 հազարի դեպքում պետական պաշտոնյաների աշխատավարձը գործակցով բարձրանալու էր։ Իսկ հիմա սոցապնախարարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ, քանի որ իրենք պատրաստվում են նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկով հանդես գալ, ընդ որում, որքան ես հասկացա, ավելի շատ են ուզում բարձրացնել։ Բայց դեռեւս հստակություն չկա, թե դա կառավարության այլ թեւերի հետ, օրինակ՝ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե իրենք գտնում են, որ կարելի է ավելի շատ բարձրացնել, մենք էլ արդեն մեր առաջարկը կփոխենք։

- Պոպուլիստական տեսանկյունից եթե նայում ենք, կառավարության առաջարկն ավելի ցանկալի է, քանզի իրենք ավելի բարձր շեմ են սահմանում։

- Իրենք՝ որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ավելի շատ սոցիալական խնդիր են լուծում, մենք՝ որպես ԱԺ տնտեսական հանձնաժողով ու տնտեսագետ, նաեւ փորձել ենք դրա ֆինանսական ու տնտեսական ռիսկերը գնահատել։ Այսինքն՝ եղած հնարավորությունների շրջանակում ենք փորձել լուծում գտնել։ Թե չէ՝ ո՞վ չէր ուզենա, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը շատ ավելի բարձր լիներ։ Բայց արհեստականորեն շատ կտրուկ այդ քայլին գնալ չի կարելի։

- Տարիներ շարունակ նախորդ իշխանությունն աշխատավարձ չէր բարձրացնում՝ դա բացատրելով նրանով, որ նախընտրում են կապիտալ ծախսերն ավելացնել։ Հիմա ի՞նչ է փոխվել այդ առումով, բյուջե ավել գումա՞ր է մտնում։

- Դրանով պետական բյուջեի ծախսերը չեն պակասում, որովհետեւ, երբ որ դու նվազագույն աշխատավարձը բերում-ավելացնում ես որոշակի մինիմալ սանդղակի, մի կողմից՝ պետությունը պետական ծառայողներին ավելի շատ է վարձատրում, մյուս կողմից՝ հարկման բազան է ավելանում, այսինքն՝ մասնավոր հատվածի հաշվին այդ հարկերը հետ կգան։ Բողոքող կողմը կարող է լինել մասնավոր հատվածի բիզնեսը, բայց իրենք էլ այդքան դժգոհ չեն, ոնց հասկանում եմ։ Թե նախկինում ինչու չի եղել, չեմ կարող ասել, որովհետեւ միշտ էդ խոստումը եղել է, որ պետք է բարձրացնեն նվազագույն աշխատավարձը։ Հիմա մենք որոշել ենք, որ գոնե մյուս տարի, ժամանակը եկել է, որ բարձրացնենք, քանզի գներն աճել են։

- Իսկ ինչի՞ հաշվին է այդ բարձրացումը տեղի ունենալու, եթե բյուջեով նախատեսված չէ։ Մենք հավելյալ գումա՞ր ունենք՝ «բարձի տակ դրած»։

- Ոչ, ինքն ինչքան որ ծախս է ենթադրում, նույնքան էլ ավելացում է լինելու, այսինքն՝ մեկը մյուսին փոխհատուցում է։ Մենք ոչ միայն պետական բյուջեի ծախսերն ենք ավելացնում, այլեւ հակառակը՝ ավելացումն ավելի շատ է լինում, քան ծախսերը։ Պետական բյուջեն երկու կողմ ունի՝ ծախսեր ու եկամուտներ։ Եթե դու ծախսերն ավելացնում ես, եկամուտներն էլ հետը կարողանում ես ավելացնել, էդտեղ ոչ մի խնդիր չկա։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ դու առաջարկում ես՝ բերեք էնպիսի ծախս անենք, որը որ չի կարող փոխհատուցվել։

- Այդուհանդերձ, այդ 8 հազար դրամ ավելացումը, որ առաջարկում եք, որքա՞ն բեռ է նախատեսում բյուջեի վրա՝ պետական աշխատողների աշխատավարձի մասով։

- Էս պահին թվերը չեմ հիշում, բայց խոսքը չափազանց մեծ գումարների մասին չէ, կարծեմ՝ 8-9 հարյուր միլիոն դրամի կարգի։