Ուսանողի գրպանի մասին են մտածում, բուհերի՝ ո՛չ

Ուսանողի գրպանի մասին են մտածում, բուհերի՝ ո՛չ

«Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որի հեղինակը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն է, ենթադրում է ուսման վարձի վճարման կարգի փոփոխություն․ վճարովի հիմունքներով սովորողներին տրվում է հնարավորություն ոչ թե կիսամյակը մեկ վճարել ուսման վարձը, այլ՝ ամեն ամիս։ Երեկ ԱԺ-ում օրենքի հեղինակն ինքն էլ հայտարարեց, որ որոշ բուհեր դժգոհ են ֆինանսների կառավարման փոփոխության տեսանկյունից։ Ասում են, որ այդ դեպքում չեն կարողանալու անգամ դասախոսներին աշխատավարձ տալ, բայց «Իմ քայլի» պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, պաշտպանում էին նախագիծը՝ ցույց տալու համար, որ իրենց ձեւակերպմամբ՝ ուսանողի գրպանի գումարն իրենց համար կարեւոր է։ Բուհի «գրպանը» գրեթե չշոշափվեց, ու տպավորությունը նման էր հարսի մասին ժողովրդական հայտնի ասացվածքին։

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց․ «Եթե այս նախագիծն ընդունվի, ապա յուրաքանչյուր ուսանող կկարողանա իրացնել իր իրավունքը եւ կտա նաեւ հնարավորություն՝ թոթափելու այն վարկային բեռը, որն ուսանողը հիմա մշտապես իր վրա է վերցրել՝ «ուսանողական վարկ» հասկացողությամբ։ Տեսեք՝ սա մի քանի խնդիր է լուծում․ ուսանողներին տալիս են վարկ, եւ կառավարությունը փորձում է այսօր ծրագիր մշակել, որով պետք է սուբսիդավորի այս վարկը։ 2-րդ բեռն է դառնում պետության վրա»։ Ըստ Սոֆյայի՝ սա կլուծի շատ ուսանողների հեռակա ուսման խնդիրը։ Դաշինքի մեկ այլ պատգամավոր էլ՝ Գեւորգ Պապոյանը, խոսեց այն մասին, թե որքան տհաճ է, երբ 18 տարեկան երիտասարդները նստած են լինում լսարանում, մեկ էլ դեկանատից մարդիկ են գալիս, խնդրում են ինչ-որ ուսանողի ոտքի կանգնել, ապա հրավիրում են դեկանատ, ուսման վարձ պահանջում, իսկ վերջում էլ տեսնում են, որ իրենց անվան դիմաց գրված է «չքննել», չնայած ուսանողը պարապել է։

Մի փոքր ավելի իրատեսական հայացք ունի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով թեեւ ասաց, որ ողջունելու են բոլոր այն նախագծերը, որի առանցքում ՀՀ քաղաքացու շահն է, եւ որ նախագիծն ուսանողակենտրոն նախաձեռնություն է, այնուամենայնիվ, ավելացրեց՝ չպետք է ինքնանպատակ միակողմանի մոտեցում լինի՝ հաշվի չառնելով բուհերի իրավունքներն ու ինքնավարությունը։ «Եղել է 2 մտահոգություն․ մեկը՝ բուհի ինքնավարության, մյուսը՝ ֆինանսական ինչ-ինչ դժվարությունների հետ կապված։ Առաջին դեպքում, թե արդյոք մենք չե՞նք միջամտում բուհերի ներքին գործերին ու սահմանափակում նրանց իրավունքները, եւ հետագայում արդյոք սա ֆինանսների կառավարման պլանավորման տեսանկյունից դժվարություններ չի՞ առաջացնի»,-հարցրեց Մխիթար Հայրապետյանն ու պատասխանեց, որ ինքնավարության մասով մտահոգությունները փարատված են, իսկ ֆինանսների կառավարման առումով նա բուհերին կոչ արեց ֆինանսերը ճիշտ կառավարել եւ հայտարարեց, որ բուհերի կողմից ֆինանսական մասով առարկություններ չեն եղել։

Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը ողջունում մի փոփոխություն, որի վերաբերյալ մասնագիտական նեղ ու շահառու խմբի հետ քննարկում չի արել։ Առավել եւս, որ ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ ոչ միանշանակ եզրակացություն է տվել, որ ըստ ամիսների ուսման վճարների գանձման պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ՝ «ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ բուհի ենթակառուցվածքների պահպանման կամ գործունեության համար անհրաժեշտ այլ ընթացիկ ծախսերի առումով»։ Մեզ հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնեց, որ դժգոհ են այս փոփոխությունից. «Սա լուրջ ֆինանսական խնդիրներ կարող է առաջացնել ինչպես հարկեր վճարելու, աշխատավարձերի, այնպես էլ կոմունալ վճարումների մասով»։

Իսկ պետական մանկավարժական համալսարանի գլխավոր հաշվապահ Սյուզի Հարությունյանն ասաց․ «Կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը, որն առնչվում է ուսման վարձի ամենամսյա վճարումներին, խնդիրներ չի առաջացնի մեզ համար, եթե ուսանողները պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները եւ ժամանակին վճարեն ուսման վարձը, թեկուզ՝ ամիսը մեկ։ Բայց եթե 1-2 ամիս բարեխիղճ վճարելուց հետո մի քանի ամիս չվճարեն, խնդիրներ, իհարկե, կառաջանան։ Ֆինանսական հաշվարկներ կատարելուց հետո հարցին առավել հստակ կլինի պատասխանել»։ Զուտ ֆինանսական տեսակետից, սակայն, նրա խոսքով, առավել կանխատեսելի է, որ վճարումը լինի կիսամյակային՝ ծախսերի պլանավորման տեսանկյունից։ Տնտեսագիտական համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանն էլ ասաց, որ այս փոփոխությունը նորույթ չէ․ շատ ուսանողներ հիմա էլ ամսական կտրվածքով են վճարումներ անում․ «Կոնկրետ մեր համալսարանում մենք այս հարցը երբեւէ պրոբլեմ չենք սարքել, էնպես որ, չեմ կարծում․․․»։