Սուղ տեղեկատվություն
Մինչ Երեւանում եւ Ստեփանակերտում «շունչները պահած» սպասում են Վիեննայի հանդիպման արդյունքներին, մեզ կցկտուր տեղեկություններ են հասնում Եվրոպայից։ Իլհամ Ալիեւ-Նիկոլ Փաշինյան առաջին պաշտոնական հանդիպումը 3 ժամ է տեւել, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին այն անվանել է «երկարատեւ, հագեցած եւ արդյունավետ» եւ հույս է հայտնել, որ կունենա շարունակություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումը համարել է «նորմալ», իսկ Ադրբեջանի նախագահը լրագրողներին խորհուրդ է տվել սպասել համանախագահների հայտարարությանը։
«Համանախագահներն ամեն ինչ կասեն»,- նշել է նա: Մյուս բոլոր եզրահանգումներն ու վերլուծությունները էմոցիոնալ դաշտում են՝ ինչ տրամադրություն ունեին երկու երկրների ղեկավարները, ինչպես էին միմյանց նայում, ինչ էին հագել, դեմքի ինչ արտահայտությամբ դուրս եկան բանակցությունների սենյակից։ Անգամ նրանց համատեղ լուսանկարի մանրամասներն էին քննարկման առարկա դարձել՝ կոշիկների քթից մինչեւ սեղանին դրված արձանիկ։ Ավելի լուրջ գնահատականների համար ո՛չ համապատասխան տեղեկատվություն կար, ո՛չ ներկուլիսային մանրամասներ։
Ընդամենը կարող ենք արձանագրել, որ չնայած ամիսներ շարունակ հայտարարված սկզբունքին, որ առանց Արցախի Հայաստանը բանակցությունների չի մասնակցի, այնուամենայնիվ, մասնակցեց, եւ դա բնական էր։ Առավել անբնական կլիներ բանակցությունների ֆորմատի անսպասելի եւ միակողմանի փոփոխությունը․ դիվանագիտության մեջ նման հրաշքներ չեն լինում։ Կարող ենք արձանագրել նաեւ, որ ՀՀ վարչապետը բավականին ինքնավստահ տեսք ուներ, եւ հուսանք, դա միայն ցուցադրություն չէր, այլ բանակցությունների նրբություններին տիրապետելու, ինչպես նաեւ սեփական դիրքորոշման իրավացիության մեջ համոզվածության նշան։
Կարծիքներ