Ինչպես Վանաձորի քաղաքապետն իր ազգականին օտարեց գույք

Ինչպես Վանաձորի քաղաքապետն իր ազգականին օտարեց գույք

«Հրապարակի» տրամադրության տակ հայտնվել է մի ուշագրավ փաստաթուղթ, որից ակնհայտ է դառնում, թե ինչպես է 2016-ին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը 80 հազար դրամից մի քիչ ավել գումարով իր ազգականին Հարություն Արսենի Դարբինյանին,Վանաձորի նախկին Ժդանով, ներկայիս Տավրոս թաղամասի 22-րդ փողոցում թիվ 10 հասցեում օտարել 41․9 քմ մակերեսով հողամաս։ Իսկ գործարքի կողմերը Դարբինյանի հետ առնչակից մարդիկ են, և գործարքը կարելի է ներկայացնել հետևյալ պարզ բանաձևում՝ հորաքրոջ ամուսինն օրինականացրեց, հորեղբայրը նվիրաբերեց։ Գործարքը կատարվել է կայծակնային արագությամբ․ 2016-ի օոգոստոսի 9-ին Քաղաքաշինական խորհրդի նախագահ Տիգրան Պապանյանը, որը իր Վանաձորի նախկին քաղաքապետ քաղաքապետ Սամվել Դարբինյանի աներորդին է, քաղաքաշինական խորհրդում քննարկել է Հարություն Արսենի Դարբինյանի դիմումը՝ Տավրոսի թիվ 22 հասցեում ինքնակամ կառուցված շինությունների և զբավեցրած հողամասի օրինականացան վերաբերյալ, Քաղաքաշինական խորհրդի կազմում որոշեց՝ որ դիմումը ենթակա է օրինականացման։

Ապա հաջորդ օրը՝ օգոստոսի 11-ին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և համատեղության կարգով՝ դիմումատուի հորեղբայրը, որոշում է՝ ճանաչել Հարություն Դարբինյանի սեփականությանն իրավունքը նշված հողամասի նկատմամբ, և այն օրենքի ուժով ուղղակի վաճառքի ձևով օտարել նրան՝ 80 197 դրամով։ Նույն որոշման 2-րդ կետով՝ որոշվել է ճանաչել Արսեն Դարբինյանի սեփականության իրավունքը նշված հասցեի 857․0 քմ հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ, իսկ 3-րդ կետով՝ Արսեն Դարբինյանի հետ կնքել 41․9 քմ մակերեսով հողամասի առքուվաճառքի պայմանագիր։ Նույն որոշմամբ՝ Տավրոսի 22 հասեցի թիվ 10 բնակելի տանը տրամադրվել է փոստային հասցե։ Որոշումն էլ ուժի մեջ է մտել ընդունմանը հաջորդող օրվանից։

Որոշման համար հիմք են ընդունվել իր ազգականի դիմումը, ըստ կտակի ժառանգության վկայագիր, Վանաձորի քաղաքաշինական խորհրդի վերը նշված արձանագրությունը, մի շարք արտոնագրված կազմակերպությունների եզրակացություններ, «Մել և Միլ» գեոդեզաիայի քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը։ Նաև այն մասին, որ 22-րդ փողոցի թիվ 10 հասցեիի բնակելի տան, շինությունների կառուցման համար անհրաժեշտ են օրինական 557․քմ, դրան կից 300ք,․ և այն գերազանցող 41․9 քմ մակերեսով հողամասերը չեն գտնվում Հհ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին , չեն առաջացնում սերվիտուտ։

Նշենք, որ սույն անհատական տունը կառուցվել է 1964-ին, իսկ բնակելի տան համար զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 898․9 քմ։ Մեզ հետ զրույցում Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնեց, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, Հարություն Դարբինյանն այդտեղ ունեցել է տուն և քանի որ օրենքը թույլ է տալիս, որ մարդը դիմի իր տանը կից հողամասը կադաստրային գնով սեփականացնելու համար, մարդը դիմել է։ «Եթե նույնիսկ իմ բարեկամներն են, իրենք օրենքով իրենց հասնելիքը չե՞ն կարող ունենալ, հիմա Ձեր բարեկամը «Հրապարակ» թերթում մի բան է գրում, չի վճարվելու՞ կամ գովազդով ինքը տպագրում, չի՞ վճարելու»,-հարցրեց Սամվել Դարբինյանը։

Նրա խոսքով՝ այդ թաղամասում հողի գնի կադաստրային արժեքը 1800-1900 դրամ է, ի տարբերություն Վանաձորի 1-ին և 2-րդ գոտիների, որտեղ հողի կադաստրային արժեքը համապատասխանաբար՝ 4500 և 2900 դրամ է։

Ազգակցական կապի հետ կապված նա նաև ավելացրեց, որ Հարություն Դարբինյանը շատ հեռավոր ազգական է։ Դարբինյաններ էլ Հայաստանում մեծ գերդաստանն են։

«Եթե ուզում եք իմանալ՝ իմ իսկական ազգը  Գրիգորյան է»,- անկեղծացա Սամվել Դարբինյանը։
Վանաձորի նախկին քաղաքապետը  նշեց, որ օտարման պահին նշված 42 քառակուսու վրա որևէ շինություն չի եղել, հետևաբար, խոսք չի կարող լինել ինքնակամ շինությունը օրինանացնելու մասին։

«Դա իրենց բակն է, դա ուրիշ  մարդու վրա հնարավոր չէ ծախել, օրենքն ուսումնասիրեք, Ինչ վերաբերում է՝ շինություն, էն ժամանակ չի եղել, հիմա չգիտեմ»,- հարցրեց Սամվել Դարբինյանը։

Նշենք, որ Սամվել Դարբինյանն ինքը ապրում է այդ թաղամասում՝ մյուս եղբայրների հետ, ինչի շնորհիվ քաղաքի արվարձան համարվող թաղամասը տարիների ընթացքում բավականաչափ կարգի է բերվել։ Ինչպես նշեցի կադաստրի մասնագետը Սամվել Դարբինյանը մի հարցում ճիշտ է՝ Վանաձորում 1-ին գոտում՝ հողի 1 քառակուսի մետրի արժեքն է 4524, 2-րդում՝ 2940 և 3-րդում՝ 1914 դրամ։ Այլ հարց է, որ հասարակ բնակիչը ո՛չ այդ գները գիտի, ոչ էլ կարող է դիմել այդ գնով հողամաս գնելու։