Գագիկ Հարությունյանի փոխարեն պետք է առաջադրվի գիտնականների, ոչ դատավորների կազմից 

Գագիկ Հարությունյանի փոխարեն պետք է առաջադրվի գիտնականների, ոչ դատավորների կազմից 

Ինչպես հայտնի է՝ մոտ 1 ժամ առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ԲԴԽ նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում։ Պատասխանելու համար հարցին, թե ով կարող է փոխարինել Գագիկ Հարությունյանին և ինչ կարգավիճակում՝ անդամի, թե ԲԴԽ նախագահի, պարզենք, թե նման դեպքերի համար ինչ է նախատեսել Դատական օրենսգրքի 14-րդ գլուխը, որում սահմանված են ԲԴԽ կազմն ու լիազորությունները։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կազմված է տասն անդամից, որոնց կեսը դատավորներ են, մյուս կեսը՝ իրավաբան-գիտնականներ, որոնց ընտրում է Ազգային ժողովը։ Գագիկ Հարությունյանը, հիշեցնենք, իրավաբան գիտնականների կազմից էր։ Նշված գլխում՝ ԲԴԽ կազմավորման կարգի մասին, նշվում է․ «․․․Այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ մեկօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմում է համապատասխանաբար Ընդհանուր ժողով կամ Ազգային ժողով: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամն ընտրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում»։

Իսկ ավելի ուշ ժամկետի համար նախատեսված է հետևյալը․ «Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը հանրապետության նախագահը 15-օրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: 

Ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝  ԲԽԴ կազմի համալրումնից հետո արդեն ԲԴԽ անդամներն իրենց կազմից կընտրեն ԲԴԽ նախագահ։