Աշխարհն ու մենք

Աշխարհն ու մենք

Ինչո՞ւ է մեր հասարակությանը պակասում մոդեռնիզացման, անսպասելի լուծումների, փոփոխությունների ավյունը։ Ինչի՞ց է, որ մենք թարմացման, նորացման, նոր մտահղացումների ու տեխնոլոգիաների պակաս ունենք եւ այդ պակասը լրացնելու գործում պահպանողական ենք ու դանդաղ։ Մեր շուրջն անընդհատ նորացող աշխարհն այլ տեմպեր է թելադրում, իսկ մենք շարունակ հետ ենք մնում առաջադեմ մարդկությունից, անընդմեջ հետ ենք նայում եւ անցյալը փորփրում։ Մի բան պարզ է, որ լավ ապրելու, մեր կյանքում խոշոր՝ էական փոփոխություններ իրականացնելու համար մեզ արագ մտածել ու գործել է պետք։ Դրա պահանջը կա օդում, եւ հենց դա էր պատճառը, որ մարդիկ խելակորույս գնացին Նիկոլ Փաշինյանի ու երիտասարդ հեղափոխականների ետեւից։

Հասարակությանը թվաց, թե հայտնվել է այն լոկոմոտիվը, այն շարժիչ ուժը, այն հեղեղը, որը քշելու է տանի մեր բոլոր ախտերն ու թերությունները, դանդաղկոտությունն ու պահպանողականությունը։ Եվ իշխանափոխությունից հետո կյանքը սկսելու է արագությամբ փոխվել՝ բարելավելով ամեն ինչ, արագացնելով բարեփոխումներն ու արդիականացնելով տնտեսությունը։ Սկսելու են ժամանակակից մտածողությունն ու մեթոդները մուտք գործել քաղաքականություն, բիզնես, արտադրություն։ Ապա նորացման ուղին են բռնելու մշակույթը, հոգեւոր կյանքը, կրթությունը, առողջապահությունը՝ ամեն-ամեն ինչ։ Հեղափոխականների լոկոմոտիվն իր հետեւից տանելու է բոլոր տարիքի ու սեռի, մտածողության ու մասնագիտության տեր մարդկանց։ Եվ հեղափոխական բարեփոխիչները մեր կյանքում մեծամեծ փոփոխությունների են հասնելու։ Ու պատմությունը նրանց հիշելու է ոչ միայն ապրիլյան սրընթաց հեղափոխությամբ եւ հին ռեժիմին տուն ճանապարհելու փաստով, այլեւ երկիրն ու մեր կյանքը լիովին փոխելու՝ լավացնելու պատմական քայլերով։