Մահացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը

Մահացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը

83 տարեկան հասակում մահացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իռլանդացի քաղաքական գործիչ Ջոն Հյումը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Հյումի մահվան լուրը հաստատել են նրա ընտանիքի անդամները։ Ըստ հաղորդման, վերջին շրջանում Հյումը առողջական խնդիրներ է ունեցել։ Նա ծնվել է 1937 թվականին Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում, կաթոլիկ ընտանիքում։ 1970 թվականին հիմնադրել է Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը, հանդես եկել չափավորական դիրքերից, կողմ լինելով միացյալ Իռլանդիայի աստիճանական կառուցման տարբերակին։ Մերժել է զինված պայքարը, կոչ արել կաթոլիկներին եւ բողոքականներին միավորվել։ 1998 թվականին ստորագրել է Բելֆաստի խաղաղության համաձայնագիրը կամ Չարչարանաց ուրբաթի համաձայնագիրը, որը հիմք է դրել Հյուսիսային Իռլանդիայում կաթոլիկների եւ բողոքականների հարաբերությունների կարգավորմանը։ Այդ տարի էլ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ 1979 թվականին ընտրվել է Եվրոպական պառլամենտի պատգամավոր, 1983-2005 թվականներին եղել է բրիտանական պառլամենտի Համայնքների պալատի պատգամավոր, 1998-2000-ականներին՝ Հյուսիսային Իռլանդիայի տեղական պառլամենտի պատգամավոր։ Քաղաքականությունից հետացել է 2004-ին։