Ամենաթանկ գնով Քոչարյանն է վաճառում

Ամենաթանկ գնով Քոչարյանն է վաճառում

Ռոբերտ Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գիրքը արդեն վաճառքում է։ Դրա վերաբերյալ Ֆեյսբուքում արդեն գովազդ է պտտվում, որ գիրքն արժե 6500 դրամ։ Գրադարաններում, սակայն, գիրքը դեռ գոյություն չունի։ Ամեն դեպքում «Նոյյան տապան» և «Բուկինիստ» գրախանութներում այսօրվա դրությամբ Քոչարյանի գրած գիրքը դեռ չկար վաճառքում։ Զուգահեռ հետաքրքրվեցինք, թե ինչ արժեն մյուս առաջնորդների գրած գրքերը, որոնք այսօր վաճառվում են Հայաստանում և բեսթսելլերների շարքին են դասվում։

Մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գիրքը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխությունը»։

Պարզվեց, որ Քոչարյանի գրքից հետո ամենաթանկը Փաշինյանի գրած գիրքն է՝ 5990 դրամ, Թրյուդոի գիրքն արժե 5800 դրամ, իսկ Մակրոնինը՝ 4800 դրամ։ Գրախանութներում մեզ ասացին, որ այս պահի դրությամբ ամենաշատ վաճառվում է Նիկոլ Փաշինյանի հեղինակած գիրքը։ Փաստորեն, հիմնվելով սոցցանցում տարածված հայտարարության վրա, կարող ենք եզրակացնել, որ այս երեք նախկին ու ներկա առաջնորդների հեղինակած գրքերից ամենաթանկը Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գիրքն է, այն նաև ամենահաստափորն է, նախնական տեղեկությամբ՝ ավելի քան 500 էջ է։ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», օրինակ, 380 էջ է։