Արտգործնախարարությունը՝ մանրադիտակի տակ

Արտգործնախարարությունը՝  մանրադիտակի տակ

ՄԱՍ 1.

Մեր հարցումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն օրեր առաջ  «պրոֆեսիոնալ դիվանագետ» եզրույթը պարզաբանել էր որպես արհեստավարժության հոմանիշ: Իսկ ինչո՞ւ էր մեզ հետաքրքրել իրավական սահմանում չունեցող այդ եզրույթը:

Բանն այն է, որ հայրենի արտգործնախարարությունում վերջին մեկ տարում իրականացվող փոխատեղումներն ուղեկցվում են քարոզչական արշավով՝ ընդդեմ «ոչ պրոֆեսիոնալ» եւ ի պաշտպանություն «պրոֆեսիոնալ» դիվանագետների, ուստի որոշեցինք ստանալ խնդրո առարկայի սահմանումը:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱԳՆ-ին՝ հայ հանրությանը «պրոֆեսիոնալ-ոչ պրոֆեսիոնալ դիվանագետ» դիլեմայից փրկելու համար։ ԱԳՆ-ի հաստատմամբ՝ նման դիլեմա գոյություն չի էլ ունեցել, դրանք դատարկ հասկացություններ են։ ԱԳՆ-ի հիշյալ նամակից նաեւ պարզվում է, որ «պրոֆեսիոնալ դիվանագետ» եզրույթը «․․․ամենայն հավանականությամբ, վերաբերում է պայմանական կոչվող «կադրային դիվանագետ»-ին», եւ կադրային են համարվում այն դիվանագետները, որոնք «․․․ ԱԳՆ համակարգում աշխատելիս ձեռք են բերել բազմաոլորտ եւ բազմաբնույթ մասնագիտական փորձառություն, կադրային աճի ընթացքում զբաղեցրել են դիվանագիտական ծառայության տարբեր պատասխանատու պաշտոններ» («ԱԳՆ-ն ավելի փակ հիմնարկ է, քան ԱԱԾ-ն», «Հրապարակ», 30.05.19):

Մեր խնդիրն է՝ փաստերի համադրությամբ պարզել արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարման գործում վարչապետի ունակություններն ու նախասիրությունները, ի ցույց դնել բուն ԱԳՆ վերնախավում տիրող վիճակը, հասկանալ` կա՞ արդյոք իրավիճակի փոփոխություն, թե՞ հեղափոխության թոհուբոհի մեջ ամեն ինչ նույնն է մնացել կամ վատթարացել, կա՞ն հրապարակային, պարզորոշ եւ միօրինակ կիրարկվող կանոններ, նորմեր, սկզբունքներ, թե՞ ամեն ինչ, ինչպես միշտ, որոշում է վերին կամքը: 

Առաջին արձանագրում․

«Պրոֆեսիոնալ-ոչ պրոֆեսիոնալ դիվանագետ» հորինվածքի հեղինակը լրագրողները չեն, ոչ էլ գիտնականները, այլ իրենք` դիվանագետները: Մեզանում այն ծամծմվում է արդեն 20 տարի: Անկախության առաջին 10 տարում, բնականաբար, նման հարցադրումը ծիծաղ կառաջացներ, քանզի ԱԳՆ-ում բոլորն էին նորեկ, դրսից ու ոչ պրոֆեսիոնալ:

Սակայն 10 տարում «պրոֆեսիոնալ դիվանագետ» դարձած արեւելագետներն ու պատմաբանները 20 տարի առաջ սկսեցին ասեկոսեներն ընդդեմ դրսից` նախագահականից, կառավարությունից, ԱԺ-ից դեսանտ իջեցված «ոչ պրոֆեսիոնալների»: Սակայն Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի տիրապետության տարիներին դրանք ընդամենը անհետեւանք փնթփնթոցներ մնացին եւ նախագահների կողմից ԱԳՆ բարձրաստիճան պաշտոններում կատարվող նշանակումների վրա որեւէ ներգործություն չունեցան: 

Երկրորդ արձանագրում․ «Պրոֆեսիոնալ-ոչ պրոֆեսիոնալ դիվանագետ» կեղծ խնդիրը վերջին 7-8 տարում միայնակ հաջողեց հրապարակայնացնել նախկին փոխարտգործնախարար եւ դեսպան Արման Նավասարդյանը, հենց նրան է պատկանում եզրույթի սխալ կիրառության հեղինակային իրավունքը։ Նա մինչ օրս հաջողությամբ եւ խիստ ընտրողաբար թիրախավորում է իր «ոչ պրոֆեսիոնալ» զոհերին ու երկինք բարձրացնում «պրոֆեսիոնալներին»՝ դառնալով դեսպան նշանակվելու իրենց հերթին սպասողների իղձերի արտահայտիչը: 

Երրորդ արձանագրում․

2018-ի թավիշը «ոչ պրոֆեսիոնալների» դեմ պայքարի արձակ դաշտ բացեց թեկուզ այն պատճառով, որ հեղափոխության առաջնորդը նախկինում մի քանի քննադատական ելույթ է ունեցել այս նյութի շուրջ: Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱԳՆ-ն «ոչ պրոֆեսիոնալներից» մաքրելու ջանքերում Փաշինյանն ու նրա ԱԳ նախարար Զ. Մնացականյանը դաշնակիցներ են։

Սակայն նրանք դա անում են տարբեր, անգամ հակադիր դրդապատճառներով. Փաշինյանը` կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հույսով, իսկ Մնացականյանը` անձնական իշխանությունն ապահովելու սնափառությունից դրդված, քանի որ ինքն է դեսպանների փոխատեղման/նշանակման/հետկանչման աշխարհագրությունն ու անհատական կազմը որոշողը, եւ դրա շնորհիվ են ԱԳՆ-ում նրան անվանում «մեր Զորիկը»: 


Ուսումնասիրության դրդապատճառները․

Մենք հակված ենք կարծելու, որ Փաշինյանն անկեղծ ու հետեւողական չէ ոչ պրոֆեսիոնալներին իր «դեմ ըլլալուն» մեջ, եւ դա ապացուցող փաստերը շատ են։ Մի կողմից՝ իրենց ծառայության երկրներ են մեկնել ոչ պրոֆեսիոնալ եւ թոշակառու մի քանի նոր դեսպաններ, մյուս կողմից՝ առանց դեսպանի պաշտոնից հետ են կանչվել բազմաթիվ վաստակաշատ գործիչներ։ Մեր հասարակությանը ցանկացանք նաեւ ցույց տալ իր «անձնազոհ» դեսպաններին, որոնք 10, 15, 20 տարի անընդհատ գտնվում են արտերկրում։ Եվ  փորձեցինք ի մի բերել մեր դիվանագիտական զորաբանակի պարամետրերը՝ տարիք, կրթություն, անցած ճանապարհ եւ այլն։  

Մեթոդաբանությունը․

Հիմք ընդունելով ԱԳՆ-ի առաջադրած «կադրային դիվանագետ» եզրույթը եւ դրա սահմանումը՝ դիվանագետներ, որոնք ԱԳՆ համակարգում աշխատելիս ձեռք են բերել բազմաոլորտ եւ բազմաբնույթ մասնագիտական փորձառություն, կադրային աճի ընթացքում զբաղեցրել են դիվանագիտական ծառայության տարբեր պատասխանատու պաշտոններ, կազմել ենք ՀՀ դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպություններում ներկայացուցչությունների եւ ԱԳՆ ղեկավար կազմերում «կադրային» եւ «ոչ կադրային» դիվանագետների մասին տեղեկատվական աղյուսակներ` որոշ դատողություններով եւ գնահատականներով: Ի դեպ, ճշգրիտ եւ ընդգրկուն ենք համարում Ռ․ Ռուբինյանի եւ Ա․ Բաբաջանյանի՝ «ոչ պրոֆեսիոնալ» կամ «ոչ կադրային» դատարկաբանությունների փոխարեն տված սահմանումը․ «անձինք, որոնք դեսպան են նշանակվում արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված»: Առաջընթացն ակնհայտ է, քանի որ դեսպան նշանակելիս քաղաքական նպատակահարմարությամբ են առաջնորդվում հաճախ եւ ամենուր:

ԿԱԴՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ՝ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՒՄ

Աղյուսակ 1․

ԱԳ նախարար, տեղակալ, գլխավոր քարտուղար 6 հոգանոց կազմն ամբողջությամբ ձեւավորվել է Փաշինյանի կողմից: Նրանցից կադրային դիվանագետ են միայն 4-ը: 3-ը նոր պաշտոնի են կոչվել արտասահմանից․ Մնացականյանը դեսպան էր ՄԱԿ-ում, Ադոնցը՝ Իսպանիայում, Ապիտոնյանը՝ Շվեդիայում, իսկ Մելիքյանն աշխատում էր Երեւանում՝ որպես սփյուռքի նախարարի տեղակալ։

4-ն էլ ԱԳՆ հնաբնակներ են: 3-ն օգտվել են զորակոչից տարկետման իրավունքից, որոնց իրավական հիմքերը պարզելու ցանկություն չունենք, սակայն մի բան պարզ է` 4-ն էլ ԱԳՆ են մտել զորակոչային տարիքում․ Ապիտոնյանը՝ 22 տարեկանում (93-ին), Մելիքյանը` 24 (91թ․-ին), Մնացականյանը` 25 (91-ին), Ադոնցը` 28 (92-ին): 4-ն էլ կարող էին մասնակցել ղարաբաղյան պատերազմին, սակայն չեն հայտնվել գործող բանակում, ավելին` պատերազմի տարիներին որոշ ժամանակ ապրել ու աշխատել են արտասահմանում. Ապիտոնյանը 91-92-ին սովորել է Թունիսում, Մելիքյանը 93-ին` Եգիպտոսում եւ անմիջապես աշխատանքի անցել Հունաստանում, Մնացականյանն 93-ին գործուղվել է Մեծ Բրիտանիա, իսկ բանակում միակ ծառայած Ադոնցը 94-ին աշխատանքի է անցել Բելգիայում: 4-ն էլ հիմնական բարձրագույն կրթությունից զատ արտասահմանում մասնակցել են տարբեր ուսումնական ծրագրերի: 
Ապիտոնյանն արտասահմանում է անցկացրել իր դիվանագիտական ծառայության ուղիղ կեսը (26 տարուց՝ 13-ը), Մելիքյանը` կեսից ավելին (25-ից՝ 15-ը), Մնացականյանը` 2/3-ը (28-ից՝ 18-ը), Ադոնցը` գրեթե 3/4-ը (22-ից՝ 16-ը):

Ընդ որում, միայն Ապիտոնյանի դեպքում են պահպանվել արտասահմանյան գործուղումն ԱԳՆ աշխատակազմում ծառայությամբ ընդմիջելու հանրահայտ սովորույթն ու նորմը, մինչդեռ Մնացականյանը 10 տարի անընդմեջ աշխատել է Շվեյցարիայում (այդ երկրում՝ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում՝  մշտական ներկայացուցիչ) եւ Ֆրանսիայում (Եվրախորհրդի Ստրասբուրգի կենտրոնակայանում մշտական ներկայացուցիչ-դեսպան)։ Ադոնցը նույնպես 10 տարի անընդմեջ անցկացրել է Հոլանդիայում եւ Իսպանիայում՝ դեսպանի պաշտոններում, իսկ Մելիքյանը 8 տարի անընդմեջ պաշտոնավարել է իբրեւ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Արգենտինայում դեսպան: 

Անորոշ է օտար լեզուների իմացության հավաստիությունը, որի համար, ի դեպ, դիվանագետները հավելավճար են ստանում: Մեզ հայտնի չէ` արդյոք բոլոր բարձրաստիճան պաշտոնյանե՞րն են օտար լեզվի իմացության համար դրամական խրախուսում ստանում, թե՞ միայն դիվանագետները, սակայն բյուջեի ծախսերը թելադրում են, որ լեզուների իմացության մակարդակը պետք է ստուգվի ու վկայվի կառավարության կողմից սահմանված կարգով եւ անկախ հանձնաժողովի կողմից, այլ ոչ թե շահառուի սոսկական հայտարարության հիման վրա: 

Շարունակելի