Գարեջրատուն՝ մշակույթի տան դիմաց

Գարեջրատուն՝ մշակույթի տան դիմաց

Մոտ  900 տնտեսություն Կոտայքի մարզի Արամուս համայնքը մանկապարտեզ չունի: Արամուսը հայտնի է նաեւ գազարով, բայց արի ու տես այսօր գազարի փոխարեն Արամուսում շատանում են բազալտի հանքավայրերը: Գյուղի խնդիրները բազմազան են, իսկ 17 տարվա գյուղապետը նոր-նոր մտածում է գյուղի զարգացման ուղղությամբ:

Նշենք, որ ամիսներ առաջ  Արամուս գյուղի բնակիչները  պահանջում էին  գյուղապետ Հրայր Նիկողոսյանի հրաժարականը, որը համայնքը ղեկավարում է 2002 թվականից: Հրայր Նիկողոսյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից է:  Գյուղի մշակույթի տան դիմաց գարեջրատուն կա: Գյուղացիները ասում են, որ  այն պատկանում էր գյուղապետի եղբորորդուն, սակայն գյուղապետը իրենով է արել այդ «պիվնոն»: Համայնքի խնդիրների մասին մտածելու  փոխարեն գյուղապետը մտածում է սեփական բիզնեսի մասին:

Համայնքի ղեկավարը 2011թ.-ին համայնքի բյուջեի միջոցներով մոտ 6մլն. դրամով ձեռք է բերել «Hyndai» մանկնիշի ծառայողական մեքենա: Ըստ համայնքապետարանի հաստիքացուցակի՝ գյուղապետը 80հազար դրամով վարորդի հաստիք է ձեւակերպել, սակայն գյուղում ասացին, որ գյուղապետը վարորդ չունի: Գյուղապետ Հրայր Նիկողսյանից հետաքրքրվեցինք հրաժարական կտա՞, թե՞ ոչ.  «Ո´չ, ինչի՞ համար հրաժարական տամ:  Եթե 3 ընտանիք իրենց բարեկամներով իմ հրաժարական էին պահանջում, դա համա՞յնք ա կոչվում»:

-Պարո´ն Նիկողսյան, Դուք նույնպես պարգեւատրել եք համայնքապետարանի եւ մշակույթի տան աշխատակիցներին:  Միայն այս տարի եք պարգեւատրե՞լ:

-Ամեն տարի էլ ես իմ աշխատակիցներին պարգեւատրել եմ մի աշխատավարձի չափով,  իհարկե պլաները կատարելուց հետո:

-Համայնքապետարանի հաստիքացուցակում կա ծառայողական վարորդի հաստիք 80 հազար դրամով, վարո՞րդ  ունեք: 

-Ոչ չունեմ, հաստիքը գրել ենք, կարողա պետք է լինի, ես սրտի պրոբլեմ ունեմ,  իրավունք ունենան պահելու,  կպահեմ, հիմա  ես եմ քշում մեքենան: 

-Իսկ գումարը ո՞վ է ստանում:

-80 հազարը տնտեսում ենք: Դե,  էդ փոփոխությունը պրոբլեմ ա նախարարություն եւ այլն, նախապես նախատեսում ենք հաստիքը,  որը որ անհրաժեշտ լինի վարորդ պահեմ: 

-Որքա՞ն  գումար եք տնտեսել:

-10մլն. ավելի տնտեսել եմ, տնտեսած գումարն էլ կծախսեմ գյուղի զարգացման վրա: Նախատեսել ենք գյուղում մանկապարտեզ կառուցել:Որոշակի գումար ունենք, այս տարի կսկսենք մանկապարտեզի շինարությունը: 

-Մշակույթի տան դիմացի գարեջրատունը ո՞ւմն է պատկանում: 

-Գարեջրատուն չի,  սրճարան է, որտեղ վաճառում են պաղպաղակ,  սուրճ եւ  նման բաներ: Առաջ «ՆԻԿ ՎԻՆ» ՍՊԸ-ին էր պատկանում, հիմա՝  իմն է: 
 Գարեջուր վաճառվում էր ժամը 6-ից հետո,  բայց այս պահին չի էլ աշխատում: 
 
-Ասում են Արամուսը հայտնի է իր գազարով, բայց այսօր  գազարի փոխարեն հանքավայրերն  են շատանում, այդպե՞ս է:

-Համայնքում 4 հատ բազալտի հանքավայր ունենք, հիմա չեն էլ աշխատում: Մենք այն տարածքներն ենք վարձակալությամբ տրամադրել, որ այդ հողերը բնակիչները չեն մշակում: Իսկ գազար ցանում են բնակիչները: