Տնտեսագիտականի ռեկտորն անպայման գրագո՞ղ պետք է լինի

Տնտեսագիտականի ռեկտորն անպայման գրագո՞ղ պետք է լինի

Ինչպե՞ս ՀՊՏՀ-ն հայտնվեց այս թշվառագույն վիճակում: Պաշտոնեական դիրքի չարաշահման եւ այլնի մեջ կասկածված նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը (դոկտորականի հարցում նա էլ էր մեղանչել) եւ իր մեղսակից շրջապատը հրաշքով «պլստացին» պատասխանատվությունից:

 

Նրան փոխարինելու եկավ, իր կարծիքով՝ կործանված կրթական համակարգը փրկելու առաքելությամբ աշխարհ եկած 32-ամյա Ռուբեն Հայրապետյանը: Նա շա՜տ երիտասարդ էր ու շա՜տ հավակնոտ: «Օրը 20 ժամ տառապագին աշխատող» ռեկտորի ԺՊ-ն ֆանտաստիկ արագությամբ մշակեց մի կանոնակարգ, որով բուհը պետք է ազատվեր «անգրագետ», տարեց, «անառողջ տարրերից», որոնցից շատերի ջանքերով է ինքը կրթվել: Այս կանոնակարգի դեմ ընդվզող դասախոսներին նա ամոթանք էր տալիս. «Հարգելինե՛րս, ամո՛թ է, նախ հայերե՛ն սովորեք...»: Զավեշտ չէ՞, որ հայերեն «չիմացողները», ըստ նույն կանոնակարգի, պետք է վարժ խոսեին անգլերեն եւ ռուսերեն: Իսկ թե ինչպես է ինքը տիրապետում «ոսկեղենիկին», մեջբերենք մի «նշխար»․ «Իմ էգոիստական մղումներն այնքան ուրախ են լինելու, որ չեք պատկերացնելու ինչքան ուրախ են լինելու, եթե վաղը չէ, մյուս օրը չընտրվեմ ռեկտոր․․․»: Այո, ես չէի սխալվել, երբ իր հետ հարցազրույցում կասկած էի հայտնել, թե երիտասարդը կգտնի՞ տաճար տանող ճանապարհը: Արժե՞ր այսքան երկար խոսել հրաժարական տված նախորդի մասին: Միայն ա՛յն պատճառով, որ ուսանողների մի ստվար խումբ պայքարում է նրան վերադարձնելու համար:

Մրից ելանք, մրջուրն ընկանք

Ենթավերնագիրը «Հրապարակի» հեռանկատ լրագրող Կ․ Սիմոնյանինն է (23.08.19): Ակնարկը («Մրջուր»-ը՝ հարցականով) վերաբերում է Ռ. Հայրապետյանին փոխարինած Դիանա Գալոյանին: Այլ կերպ ասած՝ մեծ տարբերություն չկա քաչալ Հասանի եւ Հասան քաչալի միջեւ: Երկուսն էլ կասկածվում են գրագողությամբ եւ հովանավորչությամբ գիտական աստիճան եւ կոչում ստանալու մեջ: Առաջինի դեպքում դասախոսներն էին բացահայտել գրագողությունը, երկրորդի` ուսանողները (ի դեպ, ուսանողները, հակադարձելով Դ. Գալոյանի արդարացմանը, հեգնում են` ռեկտորի ԺՊ-ն անգամ չգիտի, որ հոդվածն էլ գիտական աշխատանք է համարվում:

Դ. Գալոյանն ավելորդ է համարում պատասխանել այն հարցերին, թե ինչու են իր կենսագրականից անհետացել գիտական հրապարակումները, եւ թե մայրն ինչպես կարող էր մասնակցել իր դոկտորականի պաշտպանությանը: Ուսանողները շարունակում են փորփրել նրա գիտական կենսագրության ստվերոտ էջերը): Գալոյանը՝ գիտական շրջանակներում անհայտ մեկը, ով զավեշտալի հանգամանքների բերումով աթոռի է տիրացել, ճկուն մարտավարություն է բանեցնում` իր կողմը գրավելով ընդդիմադիր հեղինակավոր դասախոսներին` երբեմն խախտելով նաեւ տխրահռչակ կանոնակարգի դրույթները: Մնում է լեզու գտնել «խոսք չհասկացող» ուսանողների հետ:

Հետաքրքիր անցավ համալսարանի աշխատողների հանդիպումը բուհի ղեկավարության հետ: Դահլիճում իսկական անշլագ էր: Ներկաները, քիչ է ասել, թե լարված էին՝ տեսնես է՞լ ինչ փորձանք է սպասվում իրենց: Ռեկտորի ԺՊ-ն խոսում է ինքնավստահ: Նշում է, որ շատ է հեղինակազրկվել բուհը, մի քանի անգամ նվազել է դիմորդների թիվը, մոտ 60 աշխատակից դուրս է մնացել եւ այլն: Ուստի օրեր անց փորձագիտական խումբ է ձեւավորվելու: Սպասվում են մասնագիտական որակավորում, դասալսումներ, վերապատրաստումներ: Խստորեն հետեւելու են դասախոսների աշխատանքային կարգապահությանը, լսարանում թելադրելու պրակտիկան արմատախիլ են անելու եւ այլն, եւ այլն: Մի խոսքով` Հարվարդի համալսարանը գլուխը պատին է տվել...    
Հայրապետյանի դեմ ակտիվ ընդվզողներից մեկը` Գագիկ Ասլանյանը, ասում է, որ մրցույթի արդյունքում բուհում հայտնվել են մարդիկ, ովքեր լսարան մտնելու իրավունք չունեն, անարդարացի պարգեւավճարներ կազմողները պետք է պատժվեն, իսկ վերջում արդյունավետ աշխատանքի է կոչում գործընկերներին: Մի քիչ տխուր է, իհարկե, որ նա եւ պայքարի մյուս «մարտիկները» չնկատելու են տալիս ուսանողների կողմից Գալոյանին ներկայացվող մեղադրանքը: Հավաքի «մեխը», իհարկե, ավանդական «ադաբրյամսն» էր` «ընկերներ, եկեք համախմբվենք...» տիպի: Այս գործում թրծված վարպետների պակաս երբեւէ չի զգացվել:

Միջոցառման բարեհաջող ավարտից հետո դրսում մեզ սպասող ուսանողները թռուցիկներ են բաժանում` ի պաշտպանության Ռ. Հայրապետյանի, որում  դասադուլի կոչ են անում: Պարզվում է` առցանց ստորագրահավաքին արդեն միացել է  2 հազար շահառու: Ներկայացված է նաեւ Դ. Գալոյանի գրագողության փաստը: Քաոսը շարունակվում է:

Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ

Հավաքից հետո ոտքերս ինձ տարան ռեկտորի ընդունարան: Մեկ հարց էր հետաքրքրում` ի՞նչ հիմքով են ազատել աշխատանքից, մանավանդ` երբ չեղարկվել է կանոնակարգը: Ես դեռ ամբիոնի տարեվերջյան նիստում հայտարարել էի, որ սիրելով իմ գործը` նման գաղջ մթնոլորտում չեմ աշխատի: «Մազոխիզմը» պոզով ու պոչո՞վ է լինում: Դրան հետեւեց ամբիոնի վարիչի ԺՊ-ի աներեւակայելի ապօրինությունները բացահայտող հոդված՝ «Հրապարակ» (25.06.2019): Բարի մարդիկ խորհուրդ էին տալիս չայրել կամուրջները, «տեղ թողնել», բայց «անհասկացողիս» համար սկզբունքն ու արժանապատվությունը սակարկության առարկա չեն, թեեւ կորուստներն անխուսափելի են: Տիկինը, ինչպես հարիր է ժամանակակից պաշտոնյային, «լողացող» պատասխան է տալիս` պետք է կադրերը թարմացնել եւ այլն:

- Չե՞ք ափսոսում, որ ֆիզդաստիարակության ամբիոնի 2 լավագույն դասախոսի կորուստ է եղել (մյուսը` Լ. Հարությունյան, ով կարող էր դաս տալ իր գործընկերներից շատերին)։

- Ես Ձեզ չեմ ճանաչում, ինչո՞վ կապացուցեք, որ լավագույններից եք: 

Դե արի... բարդ հարց է: Ասում եմ, որ դա ամբիոնն է ընդունել` անանուն քվեարկությամբ: Չեմ ասում, որ ՀՀ նախագահի կողմից արժանացել եմ շնորհակալագրի` «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար», որ «Մարզական հանրագիտարանում» սիրուն աչքերիս համար չեն ներկայացրել, որ ամբիոնի միակ պրոֆեսորն եմ, որ․․․

- Տեսնենք ուսանողների հարցումների արդյունքները Ձեր մասին,- բացում է համակարգիչը եւ արագ փակում: Ավելորդ եմ համարում ասել նաեւ, որ ընդամենը 2 տարի առաջ, 70 ամյակիս նախկին ռեկտոր Աթոյանն իր ուղերձում հուզիչ տողեր էր նվիրել. «... տարիքը Ձեզ վաստակ ու ճանաչում է բերել, իհարկե, նաեւ՝ մեծ հարգանք եւ համախոհներ: Դուք մի վառ անհատականություն եք, որի գործընկերը, սանը եւ ղեկավարը լինելը պատիվ է բոլորիս համար»: Ես հասկանում եմ, որ մերը խուլ ու համրի խոսակցություն է, բայց ակամայից հարցնում եմ.

«Դուք կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցիք, որ խստորեն կպատժվեն այն ամբիոնի վարիչները, ովքեր դասախոսների շրջանում ապատեղեկատվություն են տարածել, թե ռեկտորատն է կատարել դասաբաշխումը։ Մեր ամբիոնում տեղի է ունեցել հենց այդ դեպքը: Ի՞նչ է հետեւելու դրան»: Վերցնում է բջջայինը եւ, առանց իմ համաձայնությունը հարցնելու, կապվում է ամբիոնի վարիչի ԺՊ-ի հետ (սառը քրտինք է պատում ինձ` հանկարծ չբռնի ու հեռացնի խեղճ երիտասարդին) եւ 180 աստիճան փոխելով խոսքս, ասում է` Հովիկ, այսինչն ասում է, որ ռեկտորատի միջամտությամբ է ազատվել աշխատանքից...

Ես պապանձվում եմ. տիկինն իմ ներկայությամբ խեղաթյուրում է խոսքս: Ամենացնցողը` հեռախոսի բարձրախոսից հնչում է երիտասարդի տիրական ձայնը.  «Էդ աշխատողն ինձ պետք չի»: Բա՜․․․
Ինձ մնում է հիշեցնել, որ դասաժամ մուրալը չէր այցիս նպատակը եւ, ինձ համար էլ անսպասելի, ասում. - Ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքեմ քու ճակատիդ,- եւ ավելացնում եմ, - Սիամանթոյի խոսքերն են: Արդեն դռների մոտ ետ եմ նայում: Նա ուրախ հեռախոսազրույցի է բռնվել ինչ-որ մեկի հետ...

Իսկապե՞ս մանր հարցեր են, պրն նախարար

Մեր օրերի պաշտոնյաները, որպես կանոն, հավես չունեն ականջալուր լինել, առավել եւս՝ արձագանքել իրենց ուղղված խոսքին: Հեռավոր հույս չունեմ, թե դուք նախադեպ կստեղծեք: Օգոստոսի վերջին լրագրողը Ձեզ հարց է տալիս․ «Օրեր անց սկսվելու է ուսումնական տարին, իսկ ՀՊՏՀ-ում դեռ անորոշություն է...»։
«Բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք քննարկեն»,- Ձեզ հատուկ օլիմպիական հանգստությամբ պատասխանում եք Դուք: 

Այսինքն՝ Դուք նշանակում եք, բայց պատասխանատու չե՞ք: Ընտրությունը, ինչպես մյուս ոլորտներում է հաճախ նկատվում, վատի ու վատթարագույնի միջեւ է: Մի՞թե կանխատեսելի չէր, որ ինքնահաստատման ճանապարհ չանցած, գիտական կասկածելի կենսագրություն ունեցող Գալոյանին նախորդի ճակատագիրն է սպասվում: Մանավանդ, երբ կասկած կար, թե Ձեր տեղակալի մատը խառն է նրա առաջադրման հարցում․․․

Ինչո՞ւ են անտեսվում կարող, հեղինակություն վայելող կադրերը: Հուշեմ անուններ` Թաթուլ Մանասերյան, Վահագն Խաչատրյան... Տեղից ելնողը «հեղափոխական» բարեփոխիչ է, իսկ մեթոդները` ինկվիզիցիային հատուկ: 4-5 ամիս է՝ բուհում գերլարված մթնոլորտ է․ մարդիկ սթրեսի մեջ են․ վիրավորանք, նվաստացում, թշնամություն: Չէ՞ր կարելի բարեկիրթ, աստիճանաբար անել այդ բարեփոխում կոչվածը: Ուստարվա վերջում հանկարծ պարզվում է, որ նոր կանոնակարգով՝ դասախոսների մինչեւ 75 տարեկանը աշխատելու թույլատրելի սանդղակը դարձել է 70 (թեեւ ասում են՝ 80-ամյա մի «երիտասարդի» համար աշխատանք գտնվել է): Ի վերջո, ո՞վ է իրավունք տվել ինչ-որ «խելոքի»՝ որոշելու ուրիշների կենսաբանական եւ ակտիվ ստեղծագործելու տարիքային սահմանը: Փակագծում ասեմ, որ ԱՄՆ հաջորդ նախագահի թեկնածուն 76-ամյա Ջո Բայդենն է։

Դ. Գալոյանը հայտարարել է․ «Հավատարիմ կմնանք մարդկային, բարոյական եւ իրավական գրված ու չգրված կանոններին...»։ Թե որքան է բարոյական ու մարդկային պրոռեկտորի պաշտոնում իր նշանակմանը կրծքով պաշտպանող Հայրապետյանին զրկելը անգամ դասաժամից` ինքը կիմանա: Պրն նախարար, վերջերս հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես Երախտագիտության մեդալով պարգեւատրելուց հետո ուղեկցում էիք երաժշտության ուսուցչուհուն, ով ասում էր` եթե ուզում եք շուտ մահանամ` ազատեք աշխատանքից:
70-ն անց պրոֆեսոր Ա․ Սարգսյանը մի երկու ամիս առաջ, երբ ընկել էր «աղացի» մեջ, գրել էր. «Առավոտյան արթնանամ, որ ի՞նչ անեմ»: Լեռ Կամսարն էլ գրել է. «Երեւակայեցեք մի երկիր, ուր մարդ առտուն աչքը բաց է անում անկողնում ու չնայած հիվանդ չէ, բայց վեր չի կենում, որովհետեւ անելիք չունի... Ասացե՛ք, նման երկիրը պետք չէ՞ գերեզմանոց անվանել...»: Իսկ ինչպե՞ս են «հանգստի» ճանապարհում «աղացի» զոհերին: Օգոստոսի վերջին զանգում եմ ամբիոնի վարիչի ԺՊ-ին՝ ե՞րբ է լինելու ամբիոնի նիստը: 

«Բայց դուք ի՞նչ կապ ունեք ամբիոնի հետ»,- «չորում» է երիտասարդը:  «Տղա ջան,- ասում եմ,- կյանքիս 40 տարին նվիրել եմ բուհին, «ցտեսությա՞ն» էլ արժանի չեմ»։ «Լաբորանտը կտեղեկացնի,- ասում է` չմոռանալով հիշեցնել,- գիտեք մոռացե՞լ եմ  հոդվածդ «Հրապարակում»»: 

Իրոք` մոռանալու բան չէ: «Ոչ մեկից եւ ոչ մի բանից չվախեցողը, կամ` ինչ արժե Պյուռոսի հաղթանակը» հոդվածում խոսվում է նրա ասպատակությունների մասին (ի դեպ, Գալոյանին հարցրի` կարդացե՞լ եք այդ նյութը։ Ասաց` այո եւ` ի՞նչ: «Գոնե խոսե՞լ եք հետը»,- հարցրի: «Ինձանից առաջ է դա եղել»,- խոսակցությունը փակեց տիկինը: «Հանջարե՜ղ է»,- կասեր իմ ընկեր Մերուժան Տեր-Գուլանյանը): 

Ամփոփենք: Միամիտս կարծում էր, թե ՀՀԿ-ի տապալումից հետո նրանց մնացուկները մկան ծակը կմտնեն, մենք կդառնանք հպարտ, արժանապատիվ քաղաքացիների հասարակություն, մարդը մարդուց չի փախչի, իր գործն ու երկիրը սիրողը սեփական անզորությունն ընդունելով` ինքն իրեն չի ասի` ի՞նչ ես դոնկիխոտություն անում, ա՛յ խելառ, հանգիստ տեղդ նստիր ու քո 60 հազար դրամով երջանիկ ծերությունդ վայելիր` շաբաթը մեկ «Ուտում ենք Խաչիկյանի հետ» հաղորդման սպասումով...

Եվ հավատիդ չորացած ծառն անմռունչ սղոցիր` մոտեցող ձմռանը պետք կգա։


Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ
պրոֆեսոր, մ.գ.թ․
ֆիզկ. եւ սպորտի վաստակավոր աշխատող