Երբ դու գնաս, էդ օրն էլ կդառնա Քաղաքացու օր

Այսօր երևի միայն Փաշինյանն է հիշում իր հնարած Քաղաքացու օրը ու ֆեյսբուքյան իր էջում, ինչպես օգտատերերն են գրում, լոլոներ է կարդում․
«Հերթական լոլոները, այդ նույն հպարտ քաղաքացիների ուղեղների լվացում և ոչ ավելին»։ Ֆեյսբուքյան նրա շնորհավորանքից մարդիկ զայրանում են՝ «ի՜նչ երեսով ես սենց գրառումներ անում»։ Ակսել Բակունցի Միրհավն եմ հիշում, Դիլան դայուն, երբ միրհավ էր որսում։ Պատկերը առավել քան բնորոշ է մերօրյա իրադարձությանը և ուզում եմ մեջբերել․
«Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ։
Միայն մեկը թփրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ։
Դիլան դային վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն լեզու հանած, ցատկեց թփուտների կողմը։
Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը։
Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր։ Երկու փետուր օրորվելով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման»։
Հայաստանը բակունցյան միրհավն է, Նշան բռնեց, եկավ։ Եկավ ու կրակեց «թևերը լայն, փափուկ բմբուլով» մեր հաղթանակների, միրհավների վրա։ Նրանցից մեկը՝ Արցախն ընկավ։ Արնոտ գցեց շների առաջ։ Կրակ է բացել մյուսների վրա։
Ի տարբերություն Դիլան դայու նրա ձեռքերը չձգվեցին դեպի արնոտ միրհավը։ Ու հիմա քաղաքացու օրն է շնորհավորում, այն քաղաքացու, ում տունը խլեց ու անօթևան թողեց, ում հազարամյա իր հողից հանեց ու ասաց՝ քոնը չէ։ Չօգնեց անգամ՝ շան բերանից խլելու միրհավը։ Միրհավն ինքը փախավ՝ արնոտ թևով․․․ Արցախն այն վիրավոր միրհավն է, որ թևին է տալու, թռնելու ու քեզ մնալու է արնոտ փետուրի մղձավանջը։ Չես կարողանալու փախչել այդ մղձավանջից․․․
Ու հիմա, ասես, ոչինչ չի եղել, շնորհավորում է արյան ցավից ուշքի չեկած քաղաքացու տոնը, իսկ քաղաքացին գոռում է հենց իր ականջի տակ․ «Արա, երբ դու գնաս, էդ օրն է կդառնա Քաղաքացու օր»։
Կարծիքներ