Զարթոնքցիները փակել էին ճանապարհը

Զարթոնքցիները փակել էին ճանապարհը

Զարթոնքի բնակիչները մոտ երկու ամիս առաջ բողոքի խաղաղ ակցիաներ սկսեցին ընդդեմ համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի: Հանրահավաքների ընթացքում որևէ պաշտոնյա՝ մարզպետից մինչև կառավարության անդամ ու պատգամավոր, չփորձեց հանդիպել, խոսել, հասկանալ բնակիչներին:

Ստիպված, անցած շաբաթ զարթոնքցիներն իրենք գնացին կառավարութուն՝ բողոքելու խնդրի նկատմամբ իշխանությունների անտարբերությունից: Նրանց ընդունել էր վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանն ու վստահեցրել, որ աուդիտորներներին կհանձնարարվի ստուգումներ իրականացրել Զարթոնքում:
«Գլխներիս տակ փափուկ բարձ դրեց, մտածելով՝ կգնանք, հանգիստ կնստենք ու կսպասենք էն օրվան, թե երբ են աուդիտորները գալու գյուղ: Համարյա մեկ շաբաթ է անցել, բայց ձեն-ձուն չկա: Հասկացանք, որ խաբված ենք»,-ասաց Համլետ Աբովյանը:

Իրենց խաբված համարող գյուղացիները կառավարության ուշադրությունը գրավելու համար այսօր կոշտ մեթոդի դիմեցին՝ փակելով Գյումրի-Երևան երկաթգծի Զարթոնքի հատվածը: Ոստիկանների միջամտությամբ երկաթգիծը բացվեց. չնայած լուրջ բախումներ տեղի չունեցան, բայց ոստիկանների ու կանանց միջև թեթև հրմշտոց, այնուամինայնիվ,եղավ:
«Եթե այս ակցիաների ընթացքում որևէ լուրջ միջադեպ արձանագրվի, պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի համայնքի ղեկավարի վրա, որովհետև նրա մեղքով ու նրա պատճառով է գյուղն աղմկում: Ինքն իր արածների համար պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առաջ, այլև՝մեր: 23 տարի թալանել է գյուղը, կեղծել ընտրությունները, հորից ժառանգած աթոռը հիմա էլ թոռանն է ուզում փոխանցել: Չենք թողնելու»,-ասաց Վարդան Պողոսյանը:
Ի պատասխան իր հրաժարականը պահանջող համագյուղացիների, համայնքի ղեկավարն էլ, օրեր առաջ էր փորձել իր համախոհների միջոցով հակընդդեմ հանրահավաք կազմակերպել: Գյուղացիների ասելով՝ աջակիցների թիվն այնքան քիչ էր, որ «վարձկաններ» է բերել հարևան գյուղից: «Բայց էլի քիչ էին, դրա համար նախապես հայտարարած հավաքն էդպես էլ տեղի չունեցավ»:

Եթե գյուղապետի մոտ հանրահավաքները չեն ստացվում, ապա լավ են ստացվում ահաբեկչություն պարունակող «մեսիջները»: Կարեն Ղազարյանն ասաց, որ այդ հաղորդագրությունների վախից իր մայրը՝ Գրավիչ Ղազարյանը, սթրես է տարել և հիմա գտնվում է Էջմիածնի հիվանդանոցում:
Շաբաթներ ձգվող այս խառնաշփոթին բացարձակ անտարբեր են Արմավիրի մարզպետարանում: Նույնիսկ այսօր, երբ երկաթգիծը 5-10 րոպեով կաթվածահար էր, բնակիչները՝ գերլարված, մարզպետարանն իր «խորհրդավոր» լռությունը դարձյալ չխախտեց: «Որովհետև մարզպետի կողքը հավաքված հանրապետականները ամեն գնով պահում են իրենց կուսակից գյուղապետին»: