Ինչի՞ համար է «Ռեստարտը» Սորոսից 20 հազար դոլար դրամաշնորհ ստացել 

Ինչի՞ համար է «Ռեստարտը» Սորոսից 20 հազար դոլար դրամաշնորհ ստացել 

Ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնությունը «Բաց հասարակություն հիմնադրամից», որը առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, շուրջ 20 հազար դոլարի դրամաշնորհ՝ գրանտ, է ստացել։ Դրամաշնորհի նպատակը պաշտոնապես ձևակերպված է այսպես․ «Ծրագրի նպատակն է խրախուսել Երեւանի պետական համալսարանի ուսանողների համալսարանական կառավարմանն իրազեկված մասնակցությունը: Դա կխթանի ուսանողների հմտությունների զարգացմանը բուհական գնումների պրակտիկայի եւ վարչական ընթացակարգերի վերահսկումը, ինչպես նաև կնպաստի նրանց կողմից առաջարկներ մշակելուն»։ 

Համալսարանական շրջանակները պնդում են, որ նախաձեռնությանը դրամաշնորհը տրամադրվել է շատ պարզ պատճառով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին հասնելու համար, ում նկատմամբ վերջին օրերին մի քանի ճակատով պայքար է մղվում իշխանությունների կողմից։ Մասնավորապես ոստիկանությունը 3 կետից բաղկացած մեղադրանք ներկայացրեց ռեկտորին՝ հայտարարության մեջ նշելով, որ նա շուրջ 10 հազար դոլարին համարժեք կաշառք է ստացել։ Նաև ԿԳ նախարարն էր նրան հորդորել հրաժարական տալ։ Արամ Սիմոնյանը հերքում է մեղադրանքները եւ հայտարարում է, որ մինչեւ վերջ պայքարելու է։ 
«Ռեստարտ» նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը հրաժարվեց այս պնդումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ նոր ասելիք չունի, այս մասին ուղիղ հեռարձակումներով ու մամուլի ասուլիսներով է հանդես եկել։ 

ՀԳ Այսօր ԵՊՀ գիտխորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ մասնավորապես ասված է․
«Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի նախաշեմին պետական իշխանության որոշ մարմիններ և պաշտոնատար անձինք փորձում են, տարբեր շարժառիթներով պայմանավորված, խախտել նշված սկզբունքները և որոշակի մեթոդների կիրառմամբ վարկաբեկել Երևանի պետական համալսարանն ու արժեզրկել ԵՊՀ-ի 100-ամյակի խորհուրդը: Մինչդեռ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների արժանավայել կազմակերպումը պահանջում է կառավարության, հասարակության լայն շերտերի և ԵՊՀ ողջ կոլեկտիվի ակտիվ ջանքերի համադրում, որը կնպաստի Մայր բուհի անցած 100-ամյա ուղու արժևորմանը և զարգացման տեսլականի նախանշմանը: 
Այդ պատճառով նման միտումը համարում ենք խիստ մտահոգիչ և հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի չափազանց կարևոր դերակատարումը մեր երկրի պետականաշինության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում՝ գտնում ենք, որ այն հարվածում է ոչ միայն Մայր բուհի, այլև պետության հեղինակությանը և խախտում է բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման միջազգային սկզբունքները:

Նման պայմաններում ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում.

    • հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և ակադեմիական ազատությունները,

    • անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ»: