Ներում ստացողը տուժողի հետ հարթե՞լ է իր խնդիրները

Ներում ստացողը տուժողի հետ հարթե՞լ է իր խնդիրները

Կառավարության շենքի առջև 1996 թվականին սպանված Իոսիֆ Աղաջանովի իրավահաջորդների իրականացրած բողոքի ակցիային ներկա էր նաև իրավապաշտպան, վարչապետի նախկին ավագ օգնական Արամ Վարդևանյանը։ Խոսելով Մհեր Ենոքյանին ներում շնորհելու թեմայի վերաբերյալ՝ նա նշեց, որ ներման հանգամանքներ պետք է պարզվեն՝ այդ թվում այն, թե ներում ստացողը տուժողի հետ հարթե՞լ է իր խնդիրները․

«Ինքնին պետք չէ վիճարկել ոչ մի անձի իրավունքը ներում շնորհելու։ Ներման մասին օրենքը որոշակի կառուցակարգ, այդ առումով, նախատեսում է, բայց այստեղ մեկ հանգամանքի վրա ես կցանկանամ, որ մենք ուշադրություն հրավիրենք․ ներման մասին օրենքը հստակ նախատեսում է, թե ինչպիսի հանգամանքներ պետք է պարզվեն, դրանց թվում է նաև, թե արդյոք ներում շնորհող անձը տուժողի հետ հարթե՞լ է իր խնդիրը։ Այդ պարագայում մենք այստեղ գործ ունենք «հարթել» եզրույթի հետ։ Հարթելը ի՞նչ է ենթադրում։ Նախ եկեք ակնհայտորեն մեկ հանգամանք արձանագրենք, որ հարթել եզրույթը իրավական որոշակիության տեսանկյունից խնդիր է առաջացնում, սա մեկ։ Երկրորդ՝ եթե փորձենք մեկնաբանել, թե դա ինչ կարող է ենթադրել, միգուցե տուժողների կամ իրավահաջորդների հետ փոխհարաբերություններում զղջալո՞ւ գործընթացը»,- ասաց Վարդևանյանը։