Ութ տարի լռել են չիմացության պատճառով

Ութ տարի լռել են չիմացության պատճառով

Վարդանաշեն գյուղի մանկապարտեզի շենքը, 2011 թվականին Արմավիրի մարզպետարանի որոշմամբ, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է համայնքի անտուն բնակիչներին:
Որոշման մեջ թեեւ նշված է «անհատույց», բայց շենքի բնակիչների ասելով՝ գյուղապետ Արթուր Մանուկյանն իրենցից  գումար է պահանջել: «Ասել ա՝ շենքը վաճառում ենք, ովքեր հնարավորություն ունեն, թող սենյակներ գնեն: Մայրս ասել ա՝ ես կգնեմ: Միայն մեր ընտանիքից երկու անգամ փող ա վերցրել: Մի անգամ 600 հազար դրամ ա ուզել, մայրս տվել ա, երկրորդ անգամ՝ 166 հազար: Ասել ա՝ 166 հազարը սեփականության վկայականի համար ա»,- պատմեց Արտակ Տոնոյանը:

Մանկապարտեզի շենքում ութ ընտանիք է ապրում: Բացառությամբ մի ընտանիքի, որի ընդդիմադիր հայացքների համար համայնքի ղեկավարը չի համարձակվել գումար պահանջել, մյուսներից պահանջել ու ստացել է: «Մեկից՝ 600 հազար, պլյուս 166 հազար, մյուսից՝ 800 հազար ու 166 հազար… Որին ոնց ուզել ա…»։ Վարդանաշենի վերընտրված ղեկավարը մասամբ համաձայնեց համագյուղացիների մեղադրանքին: «Գումարները տվել են, որ սեփականության վկայական ստանան, իսկ ինչ վերաբերում է 600 կամ 800 հազարականներին, ոչինչ ասել չեմ կարող: Եթե կան մարդիկ, որ ինձ փող են տվել, թող գան ասեն, պարզաբանենք»,- ասաց Արթուր Մանուկյանը:

Ուշագրավն այն է, որ մանկապարտեզում բնակություն հաստատածները 8 տարի առաջ տեղի ունեցած անօրինության մասին հիմա են բարձրաձայնում: Հարցին, թե ինչու են ութ տարի լռել, Արտակ Տոնոյանն ասաց. «Չգիտեինք, որ էդ տները մարզպետարանն անվճար ա տվել: Մի շաբաթ առաջ ենք իմացել»: