Ես Փաշինյանին դատի չեմ տվել, այլ միայն Նազենի Ղարիբյանին

Ես Փաշինյանին դատի չեմ տվել, այլ միայն Նազենի Ղարիբյանին

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։
Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաեւ Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։ Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։ 

Հիշեցնենք, որ թատրոնի կոլեկտիվը մոտ մեկուկես ամիս առաջ վարչապետին ներկայացրեց 12 կետից բաղկացած հակափաստարկներ ու հիմնավորումներ Օրբելյանի՝ որպես տնօրենի պաշտոնավարման եւ մի շարք այլ հարցերի հետ կապված։ Կոլեկտիվը 2-րդ անգամ դիմեց վարչապետին, բայց երկու դեպքում էլ վերջինիս կողմից չեղավ եւ ոչ մի պատասխան։  

Կոնստանտին Օրբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլի 1-ից ի վեր, երբ տեղի ունեցավ վարչապետի հետ հանդիպումը, իրենք սպասում էին վարչապետի արձագանքին, հատկապես որ նա այդ հանդիպման ժամանակ ասաց, որ եթե իրեն ներկայացված փաստերից գոնե մեկը կեղծ լինի, ինքը կպատժի այդ մարդուն։ Նա նկատում է, որ իրենք իրենց ներկայացրած հակափաստարկների բոլոր 13 կետերում ցույց են տվել, որ դրանք սխալ են։ «Նա կոլեկտիվի հետ հանդիպումից հետո խոստացավ այդ հարցը լուծել, բայց դա չարեց՝ չհանդիպեց կոլեկտիվին, եւ ես ստիպված էի ինչ-որ բան անել, հատկապես որ օրենքով մնացել էր 2 ամիս, եւ ես ստիպվածի էի դիմել դատարան»,- ասում է նա ու նկատում, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողն իրավունք չունի ոչ մեկին ազատել կամ ընդունել նման վճռական որոշումներ․ «Մենք դեռ շարունակում ենք սպասել վարչապետի հետ հանդիպմանը, որ այդ հարցը լուծվի, բայց իմ միակ տարբերակը մնում էր դիմել դատարան, որովհետեւ իմ ժամանակը սպառվում էր, ես չէի կարող անգամ 3 օր սպասել»։ 

Օրբելյանն ասում է, որ մամուլում սխալ տեղեկություն շրջանառվեց, որ ինքը դատի է տվել Նազենի Ղարիբյանին ու նաեւ Նիկոլ Փաշինյանին, ինչը Փաշինյանի դեպքում այդպես չէ․ «Ես Փաշինյանին դատի չեմ տվել, այլ միայն Նազենի Ղարիբյանին՝ իբրեւ նախարարության ներկայացուցիչ, որովհետեւ, լինելով Ֆրանսիայի քաղաքացի, նա իրավունք չունի զբաղեցնել նախ նախարարի պաշտոնը, եւ հետո՝ նա նախարար չէ, այլ միայն պաշտոնակատար, եւ իրավունք չուներ նման որոշում կայացնելու»։ 
Օրբելյանը չգիտի, թե ինչով է պայմանավորված Փաշինյանի լռությունը, կարծում է, որ վարչապետը զբաղված է ավելի լուրջ գործերով, բայց 700 հոգանոց կոլեկտիվի համար էլ սա կարեւոր հարց է, որը վաղուց է հասունացել։ «Ես, կարելի է ասել, դիմեցի դատարան կոլեկտիվի պահանջով»,- եզրափակում է Օրբելյանը։   

Երեկ օրվա վերջում մշակույթի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված է․ «Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության օրակարգով:

Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար»։

Նազենի Ղարիբյանին օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ նշանակելու փաստը ոչ միայն զարմացրել է թատրոնի կոլեկտիվին, այլեւ զայրացրել, նրանք այդ առիթով երկուշաբթի օրը պատրաստվում են ժողով անցկացնել եւ ճշտել իրենց հետագա անելիքները։