Ցմահների համար ազատման հիմքերը գործում են «ըստ մեքսիկացի տուժողների»

Ցմահների համար ազատման հիմքերը գործում են  «ըստ մեքսիկացի տուժողների»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ ցմահները թող հույսը չկորցնեն, նրանց առնչվող նոր օրենքներ են մշակվում։ Մհեր Ենոքյանի կինը՝ իրավաբան Զարուհի Մեջլումյանն, այս առնչությամբ մեկաբանել էր։ «Ձեր նշած օրենքի նախագիծը վաղուց է մշակվել իմ հետևողական ջանքերով: 6 տարի ԱԺ-ում է, այդպես էլ օրենք չի դարձել»։ Մեզ հետ զրույցում Զարուհի Մեջլումյանն ասաց, որ ռեժիմների փոփոխության հետ կապված՝ դեռևս վեց տարի առաջ օրինագիծը ԱԺ գումարումից գումարում է փոխանցվել, բայց չի քննարկվել ու օրենքի ուժ չի ստացել։

«Օրենքի նախագիծը դեռևս Հրայր Թովմասյանի օրոք կարողացանք համագործակցելով մշակել։ Եվ մենք ճկուն օրենսդրական մեխանիզմներ էինք նաև առաջարկել՝ ելնելեվ միջազգային լավագույն փորձից: Մենք շատ երկար աշխատել ենք նաև միջազգային փորձագետների հետ, հետո ներկայացրել ենք դրանք ԱԺ՝ ֆրակցիաներին, Արդարատության նախարարություն, բայց որևէ կերպ դրանք օրենքներ չեն դարձել։ Ուզում եմ ասել՝ դրանք պարզապես մնացել են ԱԺ դարակներնում»։

Հիշեցնենք, որ կառավարության ներկայիս մոտեցումն այն է, որ ոչ թե պատիժը կրելուց հետո 20 տարի անց ցմահ դատապարտյալի ռեժիմը փոխվի կիսափակի, այլ 15, իսկ 18 տարի անց՝ կիսաբացի։

Հարցին, թե ինչպես, այդ դեպքում, հասկանալ Զեյնալյանին, տեղյա՞կ չէր, Զարուհի Մեջլումյանը պատասխանեց․ «Չէ, ուղղակի շատ խնդրահարույց վիճակ ստեղծվեց և պետք էր այդ անհույս մարդկանց հուսադրող մի բան ասվեր»։

Զարուհին հավելում է՝ նորմերը հիմա էլ կան, հիմա էլ կարող են ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատվել, հիմա էլ կարող են ներման ընթացակարգով ազատվել, բայց, ասաց, որ այդ նորմերը Հայաստանում գործում են միայն «ըստ մեքսիկացի տուժողների», իսկ ավելի բարձր դիրք զբաղեցնող տուժողների առկայության դեպքում, նորմերը դադարում են գործել: Զարուհին նշեց, որ ևս մեկ դեպք ունենք, երբ ցմահներից Վահագն Մարուքյանը վերջերս ազատվեց ծանր հիվանդության հիմքով: Բայց սա աննախադեպ չէր, քանի որ 2015-ին ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը նույնպես այդ հիմքով ազատվել էր: 

Զարուհին բացատրեց, թե ինչ նկատի ունի՝ ասելով՝ պայմանական ազատումը «գործում է միայն մեքսիկացի տուժողների» պարագայում։ Նա նկատի ուներ ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանի դեպքը, երբ առաջին անգամ Հայատսանում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՝ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։

Կարեն Օգանեսյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1996-ին, ԱՄՆ-ում երկու անձի սպանության համար. նա Միացյալ Նահանգներում լսել է հայերենով օգնություն կանչող, բղավող ձայն, մոտեցել, տեսել է, որ երկու մեքսիկացի բռնաբարում են հայ աղջկա, և երկուսին էլ տեղում գնդակահարել էր։

Զարուհի նկատի ունի,որ Կարենի պարագայում տուժողները հայկական միջավայրից չէին, դատապարտողը հայկական դատարանը չէր, ուստի այս պարագայում եղավ պայմանական վաղաժամկետ ազատում, մյուս դեպքերով՝ տուժողները հայկական միջավայրից են։ Ուստի, օրենքը միատեսակ չի կիրառվում, այլ սելեկտիվ: