Անտառահատման դեմ պայքարի դեմագոգիան

Անտառահատման դեմ պայքարի դեմագոգիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանը հայտնվել է իրադարձությունների կիզակետում. բարիկադների տարբեր կողմերում են հայտնվել վառելափայտի առքուվաճառքով զբաղվող փոքր առեւտրականներն ու անտառահատման դեմ անողոք պայքար հայտարարած կառավարությունը՝ իր տարբեր օղակներով: Իջեւանում թավիշը, կարծես թե, մաշվում է, ցուցարարներն ու ոստիկաններն իրար նկատմամբ ուժ են կիրառել, կան վիրավորներ, հիվանդանոց տեղափոխվածներ: Երեւույթն արժանանում է հասարակության տարբեր գնահատականներին. ոմանք կարծում են, որ իշխանությունն անտառը պետք է բոլոր միջոցներով պաշտպանի գողերից, մյուսները՝ թե մարդկանց պետք է թողնել, որ աշխատեն եւ հանապազօրյա հաց վաստակեն: 

Այս երկու տեսակետներն էլ ճշմարիտ են: Այո՛, պետք է պահպանել բնությունը, անտառները եւ թույլ չտալ, որ մարդիկ բնության հաշվին հարստանան: Եվ, այո՛, մարդը պետք է կարողանա աշխատել ու պահել իր ընտանիքը: Բայց բարիկադների երկու կողմն էլ թույլ են տալիս կոպիտ սխալներ, որոնք կարող են շատ ավելի վատ հետեւանքներ ունենալ, քան կարելի է սպասել: Ո՞վ է ասում, թե ցանկացած խնդրի համար քաղաքացին իրավունք ունի փակել երկրի համար միջպետական ճանապարհը, հատկապես, երբ այն սահմանամերձ գոտում է եւ ունի նաեւ ռազմավարական նշանակություն: Այստեղ կարելի է հիշեցնել, որ այդ ռազմավարության՝ ճանապարհ փակելու եւ պետական կառույցների աշխատանքը պարալիզացնելու գաղափարի հեղինակը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը նա կիրառում էր թե՛ «հեղափոխության» ընթացքում, թե՛ դրանից հետո, անգամ երբ արդեն ինքն էր երկրի վարչապետը: Ու կարելի է ասել, որ նրա տված «դասերը» բումերանգի նման հետ են վերադառնում իրեն։ 

Սակայն փաստ է, որ հպարտ իջեւանցիները իրենց համաքաղաքացու հետքերով դուրս են եկել եւ սեփական խնդիրն են բարձրաձայնում: Համացանցում հայտնվեցին տարբեր տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես են ոստիկանները բիրտ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկում: Կա նաեւ հակառակ տեսակետը, թե ցուցարարներն են բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ: Իսկ ո՞ւր մնացին Փաշինյանի հայտարարած սերը, թավիշը, համերաշխությունը: Ինչո՞ւ հենց նրա ծննդավայրում մարդիկ սկսեցին ասֆալտին փռել իրար… ո՞վ էր տվել նրանց այդքան «դուխ»։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատկան մարմինները բարձրացրին անտառից վաճառվող փայտի գինը՝ այն դարձնելով 16 հազար 800 դրամ, խստացրին անտառահատման համար սահմանված պատիժները՝ ընդհուպ մինչեւ քրեական գործի հարուցում: Սա առաջացրեց վառելափայտի բիզնեսով զբաղվող առեւտրականների վրդովմունքը, որոնք պահանջում են փայտի տրամաբանական գին: Իջեւանում կատարվածն ավելի խորքային բնույթ ունի, քան կարելի է պատկերացնել: Իրականում անտառագողության դեմ պայքարն ավելի շատ ձեւական բնույթ ունի, քան անտառը պահպանելու ազնիվ նպատակ:

Պայքարի դուրս եկած մարդիկ անուն առ անուն լավ գիտեն, թե ովքեր են իջեւանյան անտառների իրական թալանչիները, ովքեր անտառը թալանել են նախորդ իշխանությունների օրոք եւ շարունակում են թալանել այսօր ու այդ թալանի հաշվին հարստացել են, դարձել մարզային օլիգարխներ, կառուցել դղյակներ, տվել-առել նախկին իրավապահների հետ, «մուծվել» նրանց եւ անհոգ շարունակում են իրենց հարստացումը մինչ օրս: Թե՛ նախորդ իշխանության օրոք, թե՛ ներկայիս, ոչ ոք նրանց չի ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա: Իջեւանում գործում են տարբեր գործառույթներ իրականացնող փայտամշակման արտադրամասեր: Իշխանությունը եթե ուզում է պայքարել իսկական անտառագողերի դեմ, ապա պետք է կծիկը սկսի բացել այդ արտադրամասերից: Պետք է գնալ այն հսկայական ավտոմեքենաների շարասյուների ետեւից, որոնք որակյալ փայտն անտառներից ամեն օր արտահանում են այս ու այն ուղղությամբ:  Մինչդեռ բոլոր իշխանությունների ժամանակ պայքարը մղվել է ոչ թե նրանց, այլ անտառի «սեւագործների» դեմ, այն մարդկանց, ովքեր օգտվել են ընդամենը անտառի փշրանքներից, որոնք իրենց հետեւից թողնում են անտառն ու ծառերն ագահորեն ոչնչացնողները: Իսկ այն մարդիկ, ովքեր օրական հազիվ մեկ «վիլիս» ցախ են հանում անտառից՝ անգամ անհրաժեշտ վճարումներով ու թղթաբանությամբ, պարբերաբար հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, ենթարկվում տարբեր տուգանքների ու պատիժների: Մարդկանց հենց այդ անարդարության զգացումն է հանել փողոց, որը չեն ուզում տեսնել իրենց հայրենակցի ստեղծած թավշյա Հայաստանում: 

Կառավարության վերջին նիստում, իջեւանյան դեպքերի հետ կապված, վարչապետն ասաց. «Երբեմն այնպիսի տպավորություն կարող է ստացվել կողքից, որ, ասենք, Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել եւ վաճառելով: Ամենեւին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, եւ, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ․․․ Դուք ասեցիք՝ տարբեր տեղերում կան քրեական գործեր, բայց, եթե չեմ սխալվում, մենք ունենք քրեական գործ Ազգային անվտանգության ծառայությունում՝ հենց կազմակերպված ցանցի կողմից այդ գործողություններն իրականացնելու: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները նաեւ, այսպես ասած, թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն»:

Այսինքն՝ վարչապետը ցուցարարների թիկունքում տեսնում է վերոնշյալ խոշոր շնաձկներին, որոնք գողանում են անտառը: Բայց արդյոք իրո՞ք այս պայքարը հենց նրանց դեմ է… «Նա, ով օրվա հացի ապրուստն է հոգում, մենակ նրանց տարան, բայց էն, ով որ սղոցարաններ ունի, լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ չեն նրանց տարել, ովքեր օրվա հացի փողն են հոգում, նենց են տարել, որ ծնողը մնացել է շշմած, չգիտի ուր են տարել»,- ասում է ցուցարարի մայրը, ում որդուն ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ: «Ովքե ցեխեր ունեն, նրանց դեմ չեն պայքարում, չեն նեղացնում, մեր ետեւից են ընկել»,- ասում է մյուս ցուցարարը:  Այս անարդարությունն է իջեւանցիներին հանել փողոց:
Երբ  Փաշինյանը 2018 թ․ օգոստոսին  «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն նշանակեց Սուրիկ Աղաջանյանին, իսկ նրա տեղակալ՝  Հենրիկ Մարտիրոսյանին՝ Հենոյին, իջեւանցիների համար այս նշանակումները խիստ տարօրինակ էին, քանի որ Սուրիկ Աղաջանյանի մականունը մարզում կնքել են «ծառ կտրող Սուրիկ», ինչը բավականին խոսուն է: Անհասկանալի է անտառի իրավունքները պաշտպանող իշխանության կողմից նրան անտառ վստահելու քայլը:

Մամուլը գրեց, որ ազգային պարկի ծառերի իսկական սպանդ է իրականացվել Շամախյան եւ «Փիլիկ» կոչվող տեղամասերում, եւ ծառերի սպանդն իրականացվել է Տավուշի մարզում հայտնի, քրեական հարուստ անցյալ ունեցող Արագած Թամազյանի՝ «Արգո» մականվամբ անձի կողմից: Իրավապահները, մասնավորապես՝ ոստիկանությունն ու դատախազությունը, որքան էլ ուժեղացնում են պայքարը ապօրինի ծառահատումների դեմ, բայց, մեկ է՝ Սուրիկը կարողանում է ջրից չոր դուրս գալ: Ի դեպ, փայտի գնի բարձրացման մտահղացումը նույնպես «ծառ կտրողինն»  է:  
Դե, իսկ եթե անտառը Փաշինյանի կողմից վստահված է «ծառ կտրողին», ապա բնական է իջեւանցիների վրդովմունքը: Կառավարությունը կա՛մ պետք է իսկական պայքար սկսի իսկական անտառագողերի դեմ, կա՛մ պետք է հավասար իրավունքներ ու պայմաններ տա բոլորին՝ անտառը հնարավորինս քիչ վնասելով՝ օգտվել դրանից: Հակառակ դեպքում այս կոնֆլիկտը գնալով խորանալու եւ ունենալու է անցանկալի հետեւանքներ՝ իջեւանցի վարչապետի համար: 
Դավադրության տեսության սիրահարները, ինչպես ամենուր, այս պայքարող մարդկանց թիկունքում էլ են տեսնում նախկինների ստվերը: