«Հրապարակ». Աղետ`աղետի հետեւից, չեն ուզում ընդունել, որ սխալն իրենք են, որովհետեւ հասուն չեն

«Հրապարակ». Աղետ`աղետի հետեւից, չեն ուզում ընդունել, որ սխալն իրենք են, որովհետեւ հասուն չեն

Հարցազրույց հասարակական գործիչ, վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի հետ։

- Արցախից բռնի տեղահանված լրագրողներից մեկին ԱԺ նախագահն ասում է՝ մնայիք, կռվեիք։ Սա միայն Ալեն Սիմոնյանի խոսույթը չէ, այլեւ ՔՊ-ական իշխանության քարոզչությունն է: Ի՞նչ նպատակով է արվում, ինչի՞ են ուզում հասնել՝ կեղծելով իրականությունը։ Արցախցիները՝ մեծից-փոքր, կռվել են, չկա մի տուն, որ զոհ չունենա։

- Եթե նոյեմբերի 9-ից հետո այս իշխանությունը հրաժարական տար, որեւէ արցախցի ստիպված չէր լինի դուրս գալ Արցախից, որովհետեւ բանակցողն էր փոխվելու։ Այս մարդը գնաց ասաց՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, դատեց Գրիգորի Խաչատուրովին, Աշոտ Մինասյանին եւ այլ անձանց, ովքեր Արցախի ազատագրման գործում մեծ ներդրում ունեին։ Երբ Ալեն Սիմոնյանն ասում է՝ գնայիք կռվեիք, Հայաստանը կռվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում, ՄԱԿ-ում, բոլոր հնարավոր միջազգային եւ ներպետական ամբիոններում, իսկ հիմա Հայաստանը չի կռվում։ Եկել է մի իշխանություն, որը Թուրքիայի միջոցով զարգացրել է այն թեզը, որ «Արցախը բեռ է, տանք՝ խաղաղ ապրենք»։ Տեսել են, որ դա չի աշխատում, այդ դավաճանության համար պետք է պատասխանատվությունը դնեն մեկ ուրիշի վրա։ Երբ Ալեն Սիմոնյանն ասում է՝ մնայիք ու կռվեիք, պետք է հարց տալ՝ բա դուք խաղաղություն էիք քարոզում, ինչո՞ւ ձեր իշխանությունը բերեց ու հասցրեց կռվի։ Հասաք նրան, որ Ադրբեջանը հարձակվեց 150 հազար հոգու վրա, որը 3 տարիների ընթացքում մնացել էր մենակ, 9 ամիս շրջափակման մեջ։ Այդ օրերին Ալեն Սիմոնյանը տժժում էր Իսպանիայում, Եվրոպայում, տարբեր տեղեր։ Երբ հարձակումից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, իր հերթական ֆոտոշարքն էր հրապարակում Ալեն Սիմոնյանը, դրանից 5 օր առաջ սովամահության դեպք էր գրանցվել Արցախում։ Այս պարագայում, երբ ասում է՝ մնայիք ու կռվեիք, նշանակում է՝ բոլորդ զոհվեիք, ես իմ տժժիկներն անեի։ 

- Որեւէ մեկը չի կասկածում, որ Փաշինյանը խաղաղություն է ուզում Բաքվից, դրա համար է եվրոպաներում շրջում` «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ձեռքին։ Փաշինյանի այս առաջարկին Ադրբեջանը հակադարձում է ցինիզմով, ծաղրով, ասում է, որ իր ուզածը «Զանգեզուրի միջանցքն» է, հիմա արդեն կասկած չկա՝ նաեւ Հայոց ցեղասպանության ուրացումը։ Վերջին օրերին իշխանական կողմը հայտարարում է, թե Հայաստանի վրա հարձակման նախադրյալներ կան, ի՞նչ իրավիճակ կլինի, եթե Ադրբեջանը հարձակվի։

- Ալեն Սիմոնյանը կմնա, կկռվի եւ կփրկի բոլորիս։ Եկեք հարցը բաժանենք մի քանի մասի՝ արդյո՞ք Փաշինյանը խաղաղություն է ուզում, եւ ինչպե՞ս ենք դուրս գալու այդ իրավիճակից: Ադրբեջանի քաղաքական գործիչներն էլ են ասել՝ Արցախը վերցրին ուժով, Երեւանը կվերցնեն քայլելով։ Փաշինյանը նրանց համար ընտրագույն, հրաշալի կերպար է, որի միջոցով հնարավոր է դա անել։ Արդյո՞ք Փաշինյանն ուզում է խաղաղություն։ Ես կարծում եմ՝ այստեղ այլ խնդիր կա։ Փաշինյանի եւ իմ սերունդը, որոնք հետսովետական են եւ մեծացել են ազգային հովերի ներքո, այդ գաղափարի տակ տեղի էին ունենում բազմաթիվ անարդարություններ։ Հարուստներն ավելի էին հարստանում, գիտակ մասսան լուսանցքից դուրս էր մնում, հարուստներն իրենց երեխաներին ազատում էին բանակից։ Այս անարդար համակարգի դեմ առաջացել է դիմադրություն մյուս կողմից։ Այդ դիմադրությունը վերցրել է իշխանությունն ու փորձել է նվաստացնել նրանց, ովքեր այդ անարդարությունների հետեւում էին։ Անընդհատ փորձել են համոզել, որ իրենք ճիշտ են, այլոք՝ սխալ։ Աղետ` աղետի հետեւից, չեն ուզում ընդունել, որ սխալն իրենք են, որովհետեւ հասուն չեն, ո՛չ բանակում են ծառայել, ո՛չ էլ ինքնահաստատվել են։ Սխալներն անում են՝ մեղքը գցում այլոց վրա, իրենց ճիշտն ապացուցելու մոլուցքի մեջ են։ Այս շրջապտույտն անընդհատ բերելու է նորանոր աղետներ, որովհետեւ երբ քո դիմաց Ադրբեջանն է, որն էթնիկ բնաջնջման նկրտումներ ունի, տարածքներ նվաճելու ցանկություն, եւ քանի դեռ այս ծրագիրը չի ավարտվել, Հայաստանը մնալու է Բաքվի կոկորդում ոսկոր։ Սրանք Արցախի հարցն ու ցեղասպանության հարցը ջրելով՝ նպաստում են, որ այդ ուժերը հարձակվեն Հայաստանի վրա։ Այդ անարդարությունների շղթայի վրա են սրանք եկել, պետք չէ դա մոռանալ։ Երբ սրանք գնան, մենք պետք է արդարադատորեն մոտենանք հարցերին, եթե խոսելու ենք արդարադատության մասին, ուրեմն պիտի պաշտոնյաների երեխաները ծառայեն։ Մենք հիշում ենք՝ Հանրապետական կուսակցության երիտասարդների մեծ մասը ծառայած չէր, իսկ սրանց դեպքում ավելորդ է ասել՝ մեծ մասը ծառայած չէ։

Մանրամասն՝ տեսանյութում