«Հրապարակ»․ Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում

«Հրապարակ»․ Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում

Մեր տեղեկություններով, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչում Երեւան։ Ընդ որում՝ տեղեկատվությունն իրարամերժ է։ Մի աղբյուրից ստացած ինֆորմացիայով՝ իրանական կողմը դժգոհություններ է հայտնել դեսպանի աշխատանքից, եւ դա է հետկանչի պատճառը, չնայած Արտաշես Թումանյանն արդեն 6 տարի է՝ այդ պաշտոնում է, եւ կարող է հետկանչը տեղավորվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված ռոտացիայի շրջանակներում։ Սակայն մեկ այլ աղբյուր հայտնեց, որ Թումանյանին հետ են բերում Հայաստան, որպեսզի ԱԳ փոխնախարար նշանակեն։

Բանն այն է, որ Ա․ Թումանյանը 1999-2000 թվականներին եղել է ԱԳ առաջին փոխնախարար, ապա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, դրանից առաջ՝ պատգամավոր, հարկայինի պետ, այսինքն՝ փորձառու չինովնիկ է, իսկ քանի որ կառավարման համակարգում անտերություն է, եւ աշխատանքային կարգապահությունն էլ խիստ նվազել է, լավ կառավարիչ են փնտրում, եւ նա հարմար է այդ պաշտոնի համար։ Պարոն Թումանյանը մեր գրավոր հարցը՝ իր հետկանչի մասին, կարդաց եւ չպատասխանեց։