Մեկ շնչին ընկնող արտահանման ցուցանիշով աֆրիկյան երկրների կեսին զիջում ենք

Մեկ շնչին ընկնող արտահանման ցուցանիշով աֆրիկյան երկրների կեսին զիջում ենք
Էդվարդ Սանդոյան

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՀ եւ ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ

- Պարոն Սանդոյան, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ նրան  խորհուրդ տալով չվախենալ պարտքի ավելացումից ու հետ չմնալ համաշխարհային տնտեսական զարգացումներից։ Արդյոք սա «վախենալո՞ւ» չէ։

- Կարդացել եմ Արա Հարությունյանի հոդվածը, կոչը։ Անմիջապես ասեմ, որ միանշանակ ողջունելի է թե՛ նախաձեռնությունը, թե՛ մոտեցումը։ Ե՛վ մեթոդապես, ե՛ւ բովանդակային առումով։Մենք տարիներ շարունակ ի՞նչ ենք արել, մենք երկընտրանքի լուծումը՝ զարգացո՞ւմ, թե՞ անվտանգ կայունություն,  գտել ենք վերջինում․կայուն փոխարժեք, ցածր գնաճ, վախվորած քաղաքականություն, խորքային բարեփոխումների, ըստ էության, բացակայություն, եւ հասել ենք այսօրվան։ Դիտարկենք 2009-ից ցայսօր մեր տնտեսական աճի տեմպերը, որոնք միջինում կազմում են 1․8-1․9 տոկոս, չհաշված 2018 թվականը, ապա  մենք այսպես  շարունակելու դեպքում՝ 1․8-1․9 տարեկան տնտեսական աճով, (եթե պահպանվի Ռուսաստանի միջին տարեկան տնտեսական աճը եւ ԵՄ-ի), ապա  ըստ իմ հաշվարկների՝ ՌԴ-ի կենսամակարդակին կհասնենք 50 տարում, միջին եվրոպական կենսամակարդակին՝ 116 տարում։ Իսկ եթե խոսենք ավելի բարձր կենսամակարդակ (իրենց) ապահովելու  մասին, ապա Ռուսաստանին կհասնենք 100, Եվրամիությանը՝ 220 տարի հետո։ Հիմա ինքներս պետք է որոշենք՝ մենք այդքան ժամանակ ունե՞նք, թե՞ չունենք։ Կամ՝ մեզ սպասելո՞ւ է աշխարհը, որ մենք գանք-հասնենք իրենց,իհարկե, ոչ։ Հիմա այս տեսանկյունից պետք է տեսնենք՝ ինչ ռեսուրսներ ունենք։  Մեր ներքին խնայողությունները,  ներքին խնայողությունների հակվածությունն ու ներքին ներդրումները բավարար չեն։ Այստեղ էլ եկեք հասկանանք «ներդրումներ»  հասկացությունը, որովհետեւ այն վերջին տարիներին մեզանում աղավաղվել է։ Եթե մենք խոսում ենք ներդրումների մասին, ապա բացառապես պետք է հասկանալ՝ ներդրումներ՝ հիմնական կապիտալում։ Սա պետք է դիտարկվի հաշվապահական տերմինաբանության դաշտում։ Այն է՝ ներդրումը հիմնական կապիտալում կոչվում է ներդրում, ոչ թե տեղաշարժեր ակտիվներում, հիմնական միջոցների մեջ։ Եթե մենք խոսում ենք ներդրումների մասին, ապա այստեղ չի կարելի տարանջատել ներքին, թե օտարերկրյա աղբյուրներից,   դրանք հավասարազոր են, եւ խոսքն անժամկետ ներդրումների մասին է, որոնք, իհարկե, ի վերջո, ձեւավորում են նոր հիմնական միջոցներ, նոր տեխնոլոգիաներ, նոր արտադրատեսակներ եւ, իհարկե, նոր աշխատատեղեր։ Առանց ներդրումների զարգացում չկա։ Եթե մենք ունենանք հիմնական կապիտալում ներդրումներ ՀՆԱ-ի մոտ 30-35 տոկոսի չափով, այլ ոչ թե վերջին 10-15 տարվա ծիծաղելի ցուցանիշները, ապա կարող ենք տարեկան 7-7․5, մինչեւ 9 տոկոսանոց տնտեսական աճ ակնկալել։ Եթե չունենք ներդրումներ, ապա  հետ ենք մնում ե՛ւ տեխնիկական իմաստով՝ տեխնոլոգիաների, ե՛ւ նոր արժեք ստեղծելու ունակության տեսանկյունից, ե՛ւ կորցնում ենք մեր՝ արտաքին շուկաներում առանց այն էլ ցածր մրցունակությունը։ Խորքային վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում, որ մենք ելք չունենք, մենք պարտադիր պետք է խթանենք ներդրումները՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրներից։ Եվ ինչու ոչ, պետք է կարողանանք իրականացնել պետական պարտքի ճիշտ քաղաքականություն եւ չվախենանք, թե պետական պարտքի բեռի ավելացումը կարող է մեզ տանել ավելի մեծ ռիսկերի։

- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, պետք է սկսել Ձեր նշած կետերից կամ պետական պարտքի ավելացումից․․․

- Ոչ, եկեք հերթով անցնենք։ Միանշանակ, մենք պետք է դիմենք պետական պարտքի ընդլայնման քաղաքականությանը։ Ես հատուկ եմ նշում՝ պետական պարտք, ոչ թե արտաքին, որովհետեւ խոսքն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի մասին է։ Սա, նշեցի, ողջունելի է, եւ պաշտպանում եմ մոտեցումը, որ բարձրացվում է ճիշտ ժամանակին, որովհետեւ մենք կարծես թե վախեցած՝ ամեն գնով փորձում ենք պարտք չավելացնել եւ պահպանել, այսպես կոչված՝ անվտանգ կայունությունը, որը մեզ ոչ մի զարգացման չի տանելու։ Հիմա հաջորդը․ եթե վերլուծում ենք վերջին 20-25 տարիները, իսկ առավել եւս՝ վերջին տասը տարիները, որովհետեւ 2008-ին մեր արտաքին պարտքը շատ բարվոք վիճակում էր, եւ պարտքի կուտակումը սկսվեց 2009-ից, ապա ակնհայտ է դառնում, որ 2009-ից մինչ 2018-ը մենք ներգրավել ենք 5 միլիարդ 300 միլիոն դոլար։

- Պարոն Սանդոյան, ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցության տարբեր հաշվարկներ կան, եւ մշտապես խոսվում է, որ այն մոտեցել է վտանգավոր սահմանագծին։

- Եթե ՀՆԱ-ն դիտարկենք, օրինակ, 11․8 միլիարդ, վերջնական թիվն օրերս կհրապարակվի, ապա 2008-ին մենք ունեինք ՀՆԱ-ի 16․3 տոկոսը պարտք, 2018-ին՝ ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը։ Խոսքը, ընդգծեմ, պետական պարտքի մասին է։ Եթե խոսում ենք ազգային պարտքի մասին, այսինքն, այսպես կոչված՝ միջազգային ներդրումային դիրքը, ապա այստեղ խոսքը ՀՆԱ-ի շուրջ 100 տոկոսի մասին է․ բացի պետական պարտքից, մենք ունենք բանկային պետական համակարգի, տնտեսության իրական հատվածի, մասնավոր հատվածի եւ այլն, պարտք։ Այսինքն՝ արտաքին աղբյուրներից ներգրաված պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար։ Հիմա անցնենք երկրորդ շատ կարեւոր հարցին։ Արդյոք արդյունավե՞տ ենք կառավարել պարտքը, թե՞ ոչ։ Իհարկե, ոչ։ Սա ամենակարեւոր հարցն է, որովհետեւ, եթե մենք հիմա ոչինչ չանելով ավելացնենք մեր պետական պարտքը եւ շարունակենք նույնկերպ վարվել, ապա միանշանակ կարող եմ ասել, որ ոչ մի լավ բանի չենք հասնի։ Եթե 2008-ին դոլարային արտահայտությամբ ունեինք ավելի քանմ 11․8   միլիարդ  դոլար , ապա 2017-ին՝  ավելի ցածր քան  2008-ին։  Հիմա հուսով եմ, որ եթե կլինի վերջնական ճշգրիտ հաշվարկ, այսինքն՝ 5․5 կանխատեսվող տնտեսական աճը, ապա 2018-ի արդյունքներով՝ մոտավորապես կհավասարվենք 2008-ի մակարդակին։ Ստացվում է, որ  5 միլիարդ 300 միլիոն դոլար պարտքի ավելացումը վերջնարդյունքում ոչինչ չտվեց։ 

- Բայց այդ ընթացքում եղավ համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ 

- Դե լավ, էլի, դրանք հին երգեր են՝ շատ տարածված, եկեք այդ երգերը մենք չերգենք, որովհետեւ ճգնաժամը մեզ մոտ առաջին իսկ օրվանից է․ 1991-ից մենք ճգնաժամում ենք։ Չեմ ընդունում այդ  մոտեցումները, մենք մեր սեփական սխալները սիրում ենք եւ սովոր ենք գցել աշխարհի վրա։ Էդպես չի, էլի, կա, իհարկե, ճգնաժամի ազդեցոթյուն, բայց, հասկանո՞ւմ եք, մենք լավ չենք կառավարել։

- Հետեւաբար, եթե ճիշտ եմ հասկանում՝ Դուք առաջարկում եք վերցնել նոր պարտք, բայց այն ուղղել…

- Եթե մենք մեր պարտքը չավելացնենք, մենք չենք զարգանա։ Սա մենք պետք է միանշանակ հասկանանք․  մեզ ներդրումներ են պետք, միջոցներ՝ երկարաժամկետ, իհարկե, արտոնյալ տոկոսադրույքներով եւ բոլոր խողովակներով՝։ Բայց ի՞նչ անել այդ միջոցների հետ։ Այստեղ է ամենակարեւորը, եւ դա այն է, որ երբեք չի կարելի պարտքն ուղղել ընթացիկ ծախսերին։ Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես ընթացիկ եկամուտների վրա։ Սա է՝  ընթացիկ եկամուտները պետք է ամբողջությամբ ապահովեն ընթացիկ ծախսերը․ ե՛ւ միջնաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ կանխատեսումները կառուցված պետք է լինեն այդ հենքի վրա, իսկ  պարտքը պետք է գնա բացառապես երկարաժամկետ ներդրումային քաղաքականությանը։ Այսինքն՝ կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ։ 
Հիմա այստեղ շատ կարեւոր է, թե այստեղ ինչ ծրագրեր ունենք։ Խոսքն այստեղ կարող է լինել շատ կարեւոր հանրային, ազգային նշանակություն ունեցող ծրագրերի մասին․ ենթակառուցվածքներ, մեծ էներգետիկա, ճանապարհներ, երկաթգիծ, գյուղատնտեսություն, բազմաթիվ հիմնախնդիրներ ունենք, որոնք պահանջում են շուտափույթ ֆինանսավորում։ Իսկ տարիներ սպասել, թե ներքին աղբյուրներից երբ կունենանք, ուղղակի շատ հետ կընկնենք։ Հաջորդը․ սրան անցնելու համար մեզ անհրաժեշտ է խորքային, հիմնովին բարեփոխել ողջ համակարգը՝ հարկային, արդիականացնել կապիտալի շուկան, որ մենք չունենք, երկար փողերի  ինստիտուտը՝ ներառյալ կուտակային կենսաթոշակային համակարգի արդիականացումը, որը չի նպաստում մեր ներքին զարգացումներին։ Խոսքըն ի՞նչի մասին է․ ավելի կարճ հորիզոն ընտրել, կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամներ կայացնել, ազգային հիփոթեքային մարմինը զարգացնել, երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման ճանապարհով՝ հիփոթեքի շուկան , ազգային սուվերեն ներդրումային հիմնադրամ ստեղծել, որպեսզի արտաքին աղբյուրներից, ինչպես նաեւ՝ ներքին, ներդրումները հոսեն, ըստ էության, կենտրոնացված, տեսանելի, թափանցիկ դաշտում, եւ իրականացնենք մեր ազգային ծրագրերը։ Մշտադիտարկման նորացված համակարգ է մեզ անհրաժեշտ, որպեսզի այդ ռեսուրսները ճիշտ օգտագործվեն, արդյունք տան։ Մենք պետք է համակարգի արագ բարեփոխումներ իրականացնենք, բայց դրանք իրենք էլ են կախված այդ ֆինանսական ռեսուրսներից։ Բայց, եթե ոչինչ չանենք, ավելացնենք պետական պարտքը եւ ուղղենք, ինչպես նախկինում, ցաքուցրիվ անենք, փոշիացնենք, իհարկե, անիմաստ կլինի, եւ ավելի կծանրանա մեր արտաքին բեռը։

- Իսկ այդ ամենը, որ թվարկեցիք՝ պետք է, նախորդ կառավարությունները, փաստորեն, չէին արել, եւ դա հիմա ընկած է Փաշինյանի՞ կառավարության ուսերին։

- Քանի որ ես քաղաքական գործիչ չեմ, ես նման տերմիններ չեմ սիրում։ Ասեմ, որ մենք, ըստ էության, լավ չենք գործել բոլոր տարիներին, մասնավորապես, վերջին 20 տարիները։ Մենք միշտ վախեցել ենք խորքային, հիմնարար բարեփոխումներից, որովհետեւ դրանք, բնականաբար, փոխում են խաղի կանոնները, նոր ռիսկեր կարող են առաջացնել եւ այլն։ Եվ մենք հետ ենք ընկել։ Մեր այսօրվա տնտեսվարման մոդելը չափազանց հնացած է եւ ոչ արդյունավետ, որն էլ բերեց բիզնեսի եւ սեփականության կենտրոնացմանը, մրցակցության թուլացմանը, մոտիվացիայի բացակայությանը՝ փոքր բիզնեսի, միկրոբիզնեսի մոտ։ Մենք այսօր շատ վատ ցուցանիշներ ունենք, օրինակ, արտահանման գծով։ Մեկ շնչին ընկնող արտահանման ցուցանիշով մենք աֆրիկյան երկրների կեսին զիջում ենք։ Մեզ անհրաժեշտ է շատ արագ արդիականացնել պետական կառավարման եւ տնտեսության կարգավորման ոլորտները։ Ի վերջո, եղավ հեղափոխություն, եւ սա հենց ապացույցն էր, որ մենք տարիներ ի վեր տնտեսությունը հասցրել էինք ծայրաստիճան վատթարացման։ Եվ մյուս կողմից, հիմա գտնել, որ քանի որ փոփոխություն է եղել քաղաքական համակարգում, եւ ամեն ինչ լավ կլինի, մանկամիտ մոտեցում է։ Եվ շատ վտանգավոր։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, մենք 9 ամիս ուշացրել ենք բարեփոխումները, որոնց մասին ասացի, եւ առանց որոնց մենք առաջ չենք կարող շարժվել։ 

- Պարոն Սանդոյան, հեղափոխության օրերին ասում էին՝ ներդրումներ, մեր հայրենակիցների կողմից Հայաստանում   ներդրումներ, բիզնեսներ հիմնելու հազարավոր մարդկանց խոստումներ․․․ Դուք դա առաջարկում եք անել արտաքին պարտքի հաշվին, բա այդ սփյուռքահայ ներդրողներն ի՞նչ եղան։

- Ես մի քիչ այլ կերպ ասացի․ ես  ասացի՝ մենք պետք է ամեն գնով, եւ դա պետք է արվի ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում, խթանենք ներդրումները՝ ներքին ու արտաքին, եւ, զուգահեռաբար, չվախենանք արտաքին պարտքի կուտակումից, ուղղակի, այն պետք է ուղղենք ճիշտ հուն։ Եվ բնակչության հետ էլ աշխատանք տարվի, մարդիկ պետք է հասկանան, օրինակ, այդ «Հյուսիս-հարավը» ինչ է․․․ մեր այս ճանապարհների վիճակը խայտառակ վիճակ է։ Թուրքիան ժամանակակից հսկայական կոմունիկացիաներ է կառուցել մեր սահմանից այն կողմ, Ադրբեջանն այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տանում, Վրաստանը՝ հսկայական աշխատանք, մենք մնացել ենք, ի՞նչ ասեմ, որպես հետամնաց մի տարածք, որը որպես տարանցիկ էլ արդյունավետ չի կարող լինել։ Իսկ ո՞նց եք պատկերացնում բիզնեսի, ներդրումների զարգացումը, եթե մենք տարրական բաները, մեր ավտոճանապարհները չենք կարողացել կարգի բերել, մենք չունենք երկաթգիծ։ Եվ նույնիսկ եղած Հայաստան-Վրաստան կապը երկաթգծի սարսափելի հետամնաց վիճակում է։ Այս ամենը պահանջում է ֆինանսներ, հիմա նստենք, սպասենք, թե տարիներ հետո մեր սեփական ներքին եկամուտների հաշվին իրականացնե՞նք։ Իհարկե, հնարավոր չէ։ Բիզնեսը չի կարող ենթակառուցվածքների մեջ մեծ ներդրումներ անել, դա պետք է պետությունն անի։ Բայց, այո, պարտքը վախենալու կլինի, եթե մենք ոչինչ չանելով՝ նորից պարտք կուտակենք։ Էլի ցաքուցրիվ անենք։ «Հյուսիս-հարավը» գիտեք՝ ինչ վիճակում է։ Հիմա դա պետք է կառուցվի՞, թե՞ չկառուցվի։ Բազմաթիվ առաջարկներ կան՝ Չինաստանից եւ այլն, բայց դրանք պահանջում են արտաքին պարտքի ավելացում։ Իհարկե, մենք պետք է Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի հետ աշխատանք տանենք, բանակցենք, բայց ամենաէականը՝ որ խորքային եւ արագ բարեփոխումներ են մեզ հարկավոր։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել տնտեսական հեղափոխությունից։ Ես նման բառակապակցություններ չեմ սիրում, բայց հասկանում եմ, որ մենք արմատապես պետք է արդիականացնենք տնտեսության կարգավորման համակարգը։ Համարենք սա տնտեսական հեղափոխություն։