Որ բուժկենտրոնները հրաժարվեցին քաղցկեղի բուժման ծրագրից եւ որոնք համաձայնեցին

Որ բուժկենտրոնները հրաժարվեցին քաղցկեղի բուժման ծրագրից եւ որոնք համաձայնեցին

Երեկ մենք ներկայացրել էինք առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումը, գրել էինք, որ հայտնի օնկոլոգների են հրավիրել՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը քննարկելու։ Մասնակցել են Արմեն Տանանյանը, Նիկոլայ Դալլաքյանը, Արթուր Սահակյանը, Ռոբերտ Կուրղինյանը, Արմեն Ավագյանը, նախարարությունից՝ փոխնախարար Արսեն Դավթյանը եւ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ «Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել են, որ այն իրատեսական չէ, եւ առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, քանի որ նախատեսված գնացուցակով հնարավոր չի լինի իրականացնել պետպատվերը։

Նրանք մատնանշել են, որ հսկայական հերթեր են գոյանալու, եւ սկսվելու է վիրաբույժների արտահոսք դեպի այն կլինիկաներ, որտեղ վճարովի են կատարվում վիրահատությունները։ Ի դեպ, այն կլինիկաները, որոնք կստորագրեն պայմանագիրը եւ կմտնեն պետպատվերով օնկովիրահատություններ կատարողների ցանկ, կզրկվեն վճարովի վիրահատություններ անելու հնարավորությունից։ Բժիշկները պահանջել են հստակեցնել ծրագրի պայմանները, վերջնականապես որոշել գնացուցակը։ Նախնական տեղեկություններով, ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» եւ «Իզմիրլյան» ԲԿ-ները»։
Այսօր առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար:

«Պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական  կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ»:
Ինչպես նկատեցիք՝ «Էրեբունի» եւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնները հրաժարվել են պայմանագրեր կնքելուց։ Մեր տեղեկություններով, մասնավորապես «Էրեբունու» տնօրեն Հարություն Քուշկյանը բավականին դժգոհ է առողջապահության նախարարության մոտեցումներից։ Հատկանշական է, որ «Էրեբունին» իշեմիկ կաթվածների վիրահատման պետպատվեր է ստացել, բայց նրան հատկացվող ֆինանսավորումը 25019 թվականին համար շատ չի աճել։