Բա մեղք չե՞ն այս երկրի հարկ վճարողները

Բա մեղք չե՞ն այս երկրի հարկ վճարողները

Դարեր առաջ, երբ առաջին անգամ թաթար մոնղոլները ոտք դրեցին մեր եդեմական երկիրը, նախ զարմացան, որ այսպիսի կանաչ ու բարեբեր հողեր էլ կան աշխարհում՝ իրենց անապատից բացի, ուրիշ ոչինչ չէին տեսել։ Նրանք ոչ մի զենքի չէին տիրապետում, բացի նետ ու աղեղից, այդ պատճառով էլ նրանց կոչեցին նետողներ։ Բոլոր պատմիչները նրանց հիշատակում են որպես նետող։ Հիմա մեր օրերի պատմողներն այսօրվա իշխանավորներին կոչում են քայլողներ, նույնիսկ երգ էլ կա այդ պատմական քայլքի մասին։

Ինչեւէ՝ այդ նույն քայլողներն այնքան էլ զրկանքներ չկրեցին քայլարշավի ճանապարհին, կային ուղեկցող մեքենաներ․ նախապես պայմանավորված վայրում նրանց սպասում էին սեղաններ, վրաններ, վառարան  եւ բավականին փայտ՝ եղանակը դեռ ցուրտ էր։ Շատ հետաքրքիր եւ էկզոտիկ էր այդ ճանապարհորդությունը։ Շատերն իրենց տանն այդպես չէին սնվում, ինչպես քայլելու ողջ ճանապարհին։

Քաղաքականություն, տնտեսություն, ռազմավարություն, գիտություն, կուլտուրա, սպորտ եւ բազմաթիվ այլ ոլորտների հետ կապ չունեցող, ոչ մի անելիք չունեցող մի ողջ քայլող զանգված այդպես քայլելով եկավ ու մտավ խորհրդարան։ Քայլողների մեջ էր Լենա Նազարյանը՝ անհաղորդ ու մոլորված հայացքով, հիմա ամենապատվավոր ամբիոնին նստած՝ երկիր է ղեկավարում, մարդկանց խելք խրատում, մեկ-մեկ էլ զայրացած տեսք ընդունում։

Ախր, ա՛յ Նիկոլ ջան, բա դա անելո՞ւ բան էր, որ բերեցիք էս երկրի գլխին․ փողոցից, կաֆեներից, պատահական վայրերից հավաքած այդ խաժամուժն ի՞նչ ընդհանուր բան ունի խորհրդարանական երկրի խորհրդարանի հետ, երկրի կառավարման հետ։ 5 տարի մենք դատապարտված ենք բարձր աշխատավարձ վճարել, գործուղումների ուղարկել, մեքենաներ տրամադրել այդ անորակ մասսային։ Մեկը չի, երկուսը չի, բա մեղք չե՞ն այս երկրի հարկ վճարողները։ Չվճարողների կաշին էլ հանում եք։ Հազիվ պրծանք նախկին ներկված, չոլկավոր, ընտրակեղծարար դասատուներից (նախկին խորհրդարանի): 

Դուք առաջնորդվեցիք միայն մի բանով` հավատարմության գործոնով, գիտելիք-միտելիք ձեր համար հաշիվ չէր, սակայն հիմա բացահայտ երեւում է՝ շատերի հախից այլեւս չես կարողանում գալ, շատ հարցերում զիջում եք նախկիններին։ Եվ վերջապես․ բավական է թույլատրեք այդքան քծնեն, սիրո ցույցեր կազմակերպեն։ Վերադաստիարակեք մեր ժողովրդին, այդ արատավոր երեւույթից հրաժարվեք, դա Ձեզանից է կախված, վերականգնեք հայ մարդու արժանապատվությունը։ Եվ վերջում․ չինական թագավորներից մեկը յոթ տարի թագավորելուց հետո կանչում է իր տեղակալին եւ ասում՝ դու ազատված ես աշխատանքից։ Նա շատ է զարմանում, թե որ թերացման համար՝ չէ՞ որ յոթ տարի ազնվորեն ծառայել է, չի հակաճառել, անգամ չի քննարկել հրամանները։ Թագավորն ընդամենը մի արտահայտություն անում է՝ մի՞թե այս ամբողջ ընթացքում ես մի սխալ չգործեցի, որ դու ինձ զգուշացնեիր։ Ստրկորեն ծառայելն արատավոր երեւույթ է։ Սրբագրեք Ձեր սխալները, եղեք ազնիվ Ձեր եւ ժողովրդի առաջ։ 

Բավական է առիթով, անառիթ նշեք Ձեր ընտանիքի գոյության մասին։ Երկրի ղեկավարի համար այլեւս հայրենիքն է ընտանիքը, Դուք այժմ ամբողջ Հայաստանի հայրն եք, մտածեք, սիրեք ու անմնացորդ նվիրվեք նրան։ 

Սիրանույշ ՀԱԿՈԲՅԱՆ