Թատերականում պահանջում են ռեկտորի նոր ընտրություններ կազմակերպել

Թատերականում պահանջում են ռեկտորի նոր ընտրություններ կազմակերպել

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ իրավիճակը շիկացավ, այսօր ինստիտուտի ուսանողական թատրոնում ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանը հանդիպեց ուսանողների, դասախոսների հետ․ պատճառը նախօրեին ուսխորհրդի կողմից տարածված հայտարարությունն էր, որտեղ մասնավորապես նշված է, որ ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ եւ լսել բուհի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր եւս․ «Հարկ ենք համարում նշել, որ ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը՝ միակ թեկնածուն, իր վեցամսյա ոչ կառուցողական գործունեության պատճառով չի վայելում ուսանողության վստահությունը։ Հաշվի առնելով մեր ինստիտուտի մասնագիտական առանձնահատկությունները եւ թեկնածուի՝ ոլորտի ներկայացուցիչ չլինելու անցանկալի փաստը, հայտնում ենք մեր վերապահման մասին ու խորհրդի մյուս անդամներին խնդրում ենք հաշվի առնել ուսանողության կարծիքը»։

Ի սկզբանե ռեկտորի պաշտոնի համար դիմել էին 3 հոգի՝ ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական եւ հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը եւ թատերագետ Վասիլի Գեւորգյանը։ Բայց ԿԳՆ-ն վերջին երկուսի հայտը չէր հաստատել, քանի որ արվեստի վաստակավոր գործիչ չէին։ Դրա մասին թեեւ ուսանողներն իմացել էին օրեր առաջ, բայց հանդիպումը վարող խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանն ընդգծեց, որ թեկնածուներն օրենքում առկա այդ կետի մասին գիտեին վաղուց։ Արզումանյանն էլ հիշեց, որ այդ փոփոխությունն արվել է դեռ 2010-ին, երբ ներքին որոշում կար Արմեն Մազմանյանին նշանակել Թատերականի ռեկտոր։ Ահա, այդ ժամանակ օրենքում կատարվեց փոփոխություն, եւ պահանջվող դոկտորի մակարդակից գիտական շեմն իջեցվեց մինչեւ գիտության թեկնածուի կամ դոցենտի աստիճան եւ որպես հավելյալ չափանիշ՝ ավելացվեցին կոչումները՝ ՀՀ ժողովրդական, վաստակավոր արտիստի կամ մշակույթի վաստակավոր գործիչ լինելու պահանջը։ 

Ուսանողների պնդումը մեկն էր, որ փաստացի լինելու է ընտրություն մեկ հոգու միջեւ, ինչին իրենք դեմ են։ Նրանք Արզումանյանին առաջարկում էին ինքնաբացարկ հայտնել, որպեսզի հնարավորություն ստեղծվի, եւ այլ թեկնածուներ եւս առաջադրվեն։ «Խնդիրը նրա մեջ է, որ մի հոգին մի ծրագրով բավական չէ, պետք է լսել մի քանի ծրագրեր, դրանից հետո նստել-քննարկել դրանք, հասկանալ, թե որ ծրագիրն է բավարարում ինստիտուտի շահերին ու սկզբունքներին»,- ասաց ուսանողներից մեկը։

Ուսանողները ծափահարություններով ընդունեցին բուհի դասախոս, Երեւանի նախկին քաղաքապետ Արամ Սուքիասյանին, ով հայտարարեց, որ ինքը կառաջադրի իր թեկնածությունը, եթե նոր ընտրություններ հայտարարվեն։ Ավելին՝ նա նկատեց, որ խորհրդի անդամներին կոչ է անելու դեմ քվեարկել Լիլիթ Արզումանյանին, որ հնարավոր լինի նոր ընտրություններ հայտարարել։ Նա նաեւ նշեց, որ երեկվանից կուսղեկների միջոցով ուսանողների վրա ճնշումներ են գործադրվում, եւ փորձ է արվում նրանց ձայնը լռեցնել։ «Իմ հետ կապված էլ են որոշ բաներ արվել, որ ես հնարավորություն չունենամ մասնակցելու ընտրություներին, բայց այսօր արդեն պատիվ ունեմ հանդես գալու որպես ԵԹԿՊԻ-ի դոցենտ եւ տիկին Արզումանյանի հնարավոր չընտրվելու դեպքում ես պոտենցիալ թեկնածուն եմ»,- ասաց Սուքիասյանը, ով մրցույթը հայտարարելու պահին չուներ դոցենտի կոչում, եւ որոշ խոսակցությունների համաձայն՝ ԿԳՆ-ն միտումնավոր է ուշացրել եւ ձգձգել այդ գործընթացը, որպեսզի Սուքիասյանը հնարավորություն չունենա առաջադրվելու, փոխարենը՝ նախարարության հովանավորյալ Լիլիթ Արզումանյանը կարողանա անարգել ընտրվել ռեկտորի պաշտոնում։

Ուսանողներից Վազգեն Օհանյանն էլ, ով կառավարման խորհրդի մեջ է ընդգրկված, նշեց, որ բացահայտ լավ վերաբերմունք ունի Արզումանյանի հանդեպ, քանի որ տեսնում է փոփոխություններ, սենյակներ են վերանորոգվել, բայց խնդիրն այն է, որ խորհուրդը պետք է ընտրություն կատարի միայն ու միայն իր միջեւ, ուստի առաջարկով դիմեց Արզումանյանին․ «Եթե կա վստահություն մեծամասնության կողմից, ի՞նչն է խնդիրը՝ անել ինքնաբացարկի քայլը, եւ նոր ընտրություններ արվեն»։

Այստեղ Արզումանյանը վերցրեց բարձրախոսը եւ պարզաբանեց, որ երեկ եղել է նախարարությունում, հանդիպել է նախարարի հետ։ «Ասացի, որ տալիս եմ ինքնաբացարկ, բայց ինքն ինձ չհասկացավ, հարցեր տվեց, որոնց պատասխանը չունեի, ասաց, որ մինչեւ 6 ամիս ժամկետով ինձ թողեց պաշտոնավարել, մեկ ամիս գնաց հայտարարությունը, ոչ մեկը չտվեց, չառաջադրվեց, հիմա ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա դուք ինձնից ի՞նչ եք ուզում․․․ ընտրությունները հետաձգողը ես չեմ»,- ասաց Արզումանյանն ու Արամ Սուքիասյանի ելույթից հետո նկատեց, որ հիմա իր համար պարզ է իրավիճակը, ամեն ինչ կազմակերպված է, եւ այս ամիսների ընթացքում հետեւողական աշխատանք է տարվել իր դեմ։ «Ես նորից կդիմեմ նախարարին, ինչպես որ դիմել եմ երեկ, կարող է այս անգամ նախարարը լսի»,- ասաց նա։ Ուսանողներից մեկը դահլիճից հակադարձեց՝ ոչ թե կարող է, այլ պարտավոր է լսել, եւ իրենք նույնպես կդիմեն նախարարին՝ նոր ընտրություններ հայտարարելու պահանջով։

Վաղը ժամը 12։00-ին Թատերականում նախատեսված են ռեկտորի ընտրությունները, նոր ռեկտորին ընտրելու է 24 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում հավասարապես ներկայացված են ե՛ւ բուհի ուսանողներն ու դասախոսները, ե՛ւ ներկայացուցիչներ ԿԳՆ-ից ու կառավարությունից: