Թումանյանի հետ կարելի է ամեն օր քայլել, զրուցել, մինչեւ անգամ՝ վիճել

Թումանյանի հետ կարելի է ամեն օր քայլել, զրուցել, մինչեւ անգամ՝ վիճել

Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամը վերահրատարակել է «Հովհաննես Թումանյան. մարդը եւ բանաստեղծը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ «Նոյյան տապան» գրատանը։ Որպես հոդվածաշար՝ այն առաջին անգամ հրատարակվել է «Հայրենիք» ամսագրում՝ 1936թ․, ապա գրքի տեսքով հրատարակվել է մեկ անգամ՝ 1936թ․, Բոսթոնում։ Գրքի հեղինակը՝ հասարակական գործիչ, իրավաբան, մանկավարժ, գրող Վարդգես Ահարոնյանն է, ով Առաջին հանրապետության նշանավոր գործիչ Ավետիս Ահարոնյանի որդին է։ 

Թիֆլիսում ապրած տարիներին մտերիմ հարաբերություններ են ստեղծվել Ավետիս Ահարոնյանի եւ Հովհաննես Թումանյանի ընտանիքների միջեւ։ Սա առիթ է ընձեռել Վարդգես Ահարոնյանին՝ մոտիկից շփվելու եւ ճանաչելու Ամենայն հայոց բանաստեղծին։ 

«Համազգայինը չէր կարող անտարբեր անցնել Թումանյանի 150-ամյակի կողքով, մեր գրեթե բոլոր կառույցներում՝ Ավստրալիայից մինչեւ Արցախ, տարբեր միջոցառումների տեսքով նշվում է Թումանյանի 150-ամյակը։ Ուրախ եմ, որ Թումանյանը կարողացել է գոնե այդ ճանապարհով համախմբել մեզ եւ դարձել է մեր այսօրվա թթխմորը։ Ես ակամայից հիշեցի Թումանյանի 100-ամյակի տոնկատարությունները, երբ ամբողջ Հայաստանը ոչ թե մեկ օր, այլ ամբողջ տարին էր թումանյանական օր հայտարարել։ Ամեն օր կարելի է Թումանյանի հետ քայլել, զրուցել, խոսել, մինչեւ անգամ՝ վիճել»,- իր խոսքում ասաց Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը։      

Գրքի առաջին բաժնում Ահարոնյանը բացահայտում է Թումանյանի մարդկային խառնվածքը, հարաբերությունները ընտանքի եւ միջավայրի հետ։ 2-րդ բաժնում առանձին ստեղծագործությունների վերլուծությունների հիման վրա ներկայացվում է բանաստեղծի գրական ժառանգության գեղարվեստական արժեքը։