Տիգրան Հակոբյանը՝ խորհրդի նախագահի թեկնածու 

Տիգրան Հակոբյանը՝ խորհրդի նախագահի թեկնածու 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը իր թեկնածությունն է առաջադրել հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար։

Աս մասին ոչ պաշտոնական, բայց ճշգրիտ տեղեկություն ստացանք ՀՌԱՀ աղբյուրից։ Մրցույթին մասնակցելու Տիգրան Հակոբյանի մտադրության մասին վաղուց էր խոսվում, բայց ՀՌԱՀ նախագահը հերքում էր, որ պատրաստվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել։ «Հրապարակին» նա ասել էր, որ խորհրդի նախագահ դառնալու նպատակ չունի։ Թեեւ դեռ այն ժամանակ մեզ ասում էին, որ առաջադրվելու մասին լուրը հերքելն ընդամենը փիառ քայլ է։

Հավանաբար, սերը հեռուստատեսության նկատմամբ հաղթել է։ Տիգրան Հակոբյանը 1993-1995 թթ.ՀՀ Հեռուստա եւ ռադիոհաղորդումների պետական վարչության պետն է եղել, նորանկախ Հայաստանի հեռուստատեսության հիմնադիրներից է։ 

Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ Այս պահին հայտնի են մի քանի հայտատուների անուններ՝ ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյան, «Լրաբեր» ծրագրի տնօրեն, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյան, հաղորդումների հեղինակ, սցենարիստ Արթուր Բախտամյան, հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյան, ՀՌԱՀ իրավաբան Արմեն Մկրտչյան, նախկին փոխքաղաքապետ, «Արարատ» մշակութային ալիքի նախկին պրոդյուսեր Արամ Սուքիասյան,  «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։