Օնորե Դոմիե․ Դարի ծաղրանկարիչը

Օնորե Դոմիե․ Դարի ծաղրանկարիչը

Ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ Շառլ Բոդլերը նրա մասին ասել է․ «Ցասումը, որով Դոմիեն բացահայտում է չարիքը, վկայում է նրա սրտի բարության մասին»։ Իսկ պատմաբան Ժյուլ Միշլեն նրան ուղղված նամակում մարգարեաբար գրել է․ «Ձեր միջոցով ժողովուրդը կխոսի ժողովրդի հետ»։

Գեղանկարիչ, քանդակագործ, ծաղրանկարիչ, մասնավորապես՝ քաղաքական ծաղրանկարչության մեծագույն վարպետ Օնորե Դոմիեն ապրել ու ստեղծագործել է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար անհանգիստ ժամանակներում, երբ բռնկվում ու մարում էին հեղափոխությունները, երբ իր անխուսափելի ուղին էր հարթում գիտատեխնիկական առաջընթացը, երբ սոցիալական բեւեռացումը, թվում էր, հասել է գագաթնակետին, երբ խիղճը դարձել էր անիմաստ շռայլություն, իսկ արվեստի ծառաներն ամեն կերպ պայքարում էին արեւի տակ իրենց մնայուն տեղը գտնելու համար։ Դոմիեն, ի տարբերություն մեծամասնության, ապրում ու ստեղծագործում էր ոչ թե ժամանակի ու բարքերի, այլ իր խղճի «կանոնագրքին» հավատարիմ․ լինելով իրապես ժողովրդական նկարիչ ու ծաղրանկարիչ՝ նա իր անձն ու անունը համեստորեն հեռու էր պահում ցուցադրականությունից, վարում էր գրեթե չքավոր կյանք, չէր հրապուրվում տիտղոսներով ու պարգեւներով։ 

Դոմիեի մարդկային յուրահատուկ նկարագրի մասին վկայող մի շարք դրվագները միայն ժպիտ ու հիացմունք են առաջացնում։ Հայտնի է, օրինակ, որ նրան եւ գեղանկարիչ Գյուստավ Կուրբեին կառավարությունը որոշում է պարգեւատրել Պատվո լեգեոնի շքանշանով․ երկուսն էլ, լինելով հեղափոխական գաղափարների հետեւորդներ, հրաժարվում են շքանշանից, սակայն Կուրբեն իր հրաժարումը բոցաշունչ նամակի է վերածում եւ հրապարակում է մամուլում՝ այդկերպ մեծացնելով իր համբավն ու հանրաճանաչությունը, իսկ Դոմիեն իր քայլը կատարում է առանց աղմուկի։ «Քո արարքով կարող էիր իսկական փոթորիկ բարձրացնել, ինչո՞ւ չարեցիր»,- զարմանում է Կուրբեն։ Դոմիեն պատասխանում է․ «Ինչի՞ համար։ Ես արեցի այն, ինչը պարտավոր էի անել»։ Հետագայում Կուրբեն ասում է․ «Դոմիեն ոչնչի չի հասնի։ Նա երազող է»։ Իրականում, սակայն, Դոմիեն երազող չէր, նա պարզապես անկաշառ էր, սկզբունքային ու ազնիվ։ Ստեղծագործելով ռոմանտիզմի դարաշրջանում՝ նա, այդուհանդերձ, կյանքը դիտարկում ու ընկալում էր բոլորովին այլ լույսով, այլ որակի գիտակցությամբ ու սթափությամբ։ Պատահական չէր, թերեւս, որ Դոմիեի թողած ստեղծագործական հսկայական ժառանգության (4000 վիմագրություն, 900 փորագրանկար, 700 գեղանկարչական կտավ ու մատիտանկար, 60 քանդակ) զգալի մասը կազմում են սեւ-սպիտակ աշխատանքները, որոնք հենց միայն գունային խստության առումով ավելի անողոք են մերկացնում իրականությունը, առավել եւս՝ երբ խոսքն օրենսդիր ու դատական մարմինների, չքավորության ու պերճանքի, կաշառակերության, քծնանքի, իշխանատենչության եւ այլ երեւույթների մերկացման մասին է։   

Արհեստավորի ընտանիքում ծնված ապագա նկարիչը դեռեւս մանկության տարիներին ապշեցնում էր իր բացառիկ հիշողությամբ եւ իրեն շրջապատող մարդկային կերպարները յուրահատուկ ոճով պատկերելու ունակությամբ։ Բոլոր կերպարները, վայրերն ու առարկաները, որոնք նա պատկերել է, ընդամենը մեկ հայացք նետելուց հետո մեկընդմիշտ պահպանվում էին նրա հիշողության մեջ։ Բոդլերը նրա մասին գրել է․ «Դոմիեի՝ որպես նկարչի, առանձնահատկությունը հենց որոշակիությունն է։ Նրա նկարներն ազատ են ու թեթեւ՝ շարունակական իմպրովիզի պես։ Նա ունի գրեթե գերմարդկային հիշողություն, որը նրա համար փոխարինում է կենդանի մոդելին»։ 

Որպես ծաղրանկարիչ՝ Դոմիեն ձեւավորվեց հեղափոխությանը զուգընթաց։ 1830թ․-ին, երբ Ֆրանսիայում տեղի ունեցավ Հուլիսյան հեղափոխությունը, խոսքի եւ մտքի ազատությունը հիմնաքար դարձավ երգիծական պարբերականների ստեղծման համար։ Դոմիեն սկսեց համագործակցել այդ պարբերականների հետ՝ այդպիսով դառնալով նոր ժամանակների քաղաքական ծաղրանկարչության հիմնադիրը։ Նա հանդես էր գալիս մանր բուրժուազիայի եւ աշխատավոր դասի շահերի պաշտպանությամբ, հասարակության այն շերտի, որը երկիրն ազատագրել էր Բուրբոնների դինաստիայից, սակայն հիասթափվել էր այդ դինաստիային փոխարինած Լուի-Ֆիլիպ թագավորից՝ ֆինանսական բուրժուազիայի դրածոյից։ 1832թ․-ին Դոմիեն երգիծական պարբերականի էջերում հրապարակում է իր «Գարգանտյուա» անվանմամբ ծաղրանկարը, որի գլխավոր հերոսը հենց չքավորներին ագահաբար կեղեքող Լուի-Ֆիլիպն է։ Իշխանությունների արձագանքը չուշացավ․ Դոմիեն դատապարտվեց կես տարվա ազատազրկման։

Բայց ազատամիտ ֆրանսիացիներն արդեն ճանաչել ու ընդունել էին նրան․ Դոմիեն բանտից դուրս եկավ արդեն հանրաճանաչ դարձած եւ շարունակեց մերկացնել իշխանավորների արատավոր բարքերը։ Նրա ստեղծած կերպարներն այնքան ճշմարտացի ու դիպուկ էին, որ նրա կերպարվեստը համեմատում էին Բալզակի «Մարդկային կատակերգության» հետ։ Ծաղրանկարներից պակաս հիշարժան չէին Օնորե Դոմիեի երգիծական դիմաքանդակները՝ ազնվականների, պատգամավորների, նախարարների, դատավորների․․․ 
Նրա տունը մշտապես լի էր ծանոթ եւ անծանոթ այցելուներով։ Երբեմն մարդկանց հոսքն այնքան էր ստվարանում, որ օրերից մի օր Դոմիեն հարկադրված եղավ դռնից կախել ցուցանակ․ «Նա, ով այցելում է իմ տուն, ինձ մեծ պատիվ է անում։ Նա, ով չի այցելում իմ տուն, ինձ մեծագույն հաճույք է պատճառում»։ Դոմիեն շրջապատված էր իրեն գնահատող բազմաթիվ անվանի ընկերներով՝ գեղանկարիչներ Կորոն, Գրանվիլը, Բուրդենը, Ռենուարը, Միլլեն, Դելակրուան եւ այլք։

Ընկերները նրան սրտացավորեն խորհուրդ էին տալիս բարձր գնով «վաճառել» իր բարձր արվեստը, սակայն նա ի բնե անշահախնդիր էր եւ չէր ուզում փոխել ինքն իրեն։ Նա ձեռք էր մեկնում բոլորին, ովքեր դիմում էին իր օգնությանը։ 

1848թ․-ին, երբ Ֆրանսիայում բռնկվում է գյուղացիական հեղափոխությունը, եւ Լուի-Ֆիլիպը գահընկեց է արվում, Դոմիեն ներքին մի պահանջմունքով գրեթե հեռանում է ծաղրանկարչությունից եւ իրեն նվիրում առավելապես գեղանկարչական կտավների ստեղծմանը։ Նրա ամբողջ ուշադրությունը զբաղեցնում են սոցիալական թեմաները, դրամատիզմով լի իրավիճակները, ազնվականների ու պաշտոնյաների փոխարեն՝ բանվորները, գյուղացիները, չքավորները, բոլոր նրանք, ում հանդեպ Դոմիեն տածում էր համակրանք ու խղճահարություն։ Նա վերստին հեղափոխության կողքին էր, սակայն այս անգամ ոչ թե «բարձր» խավի ծաղրանկարներով, այլ «ցածր» խավի կյանքն արտացոլող խորիմաստ կտավներով։ 


1870թ․-ին, երբ սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը, Դոմիեն արդեն գրեթե չէր կարողանում աշխատել՝ տեսողության արագ կորստի պատճառով։ Նա, իր ողջ կյանքի ընթացքում լինելով հեղափոխությունների ու դրանց հետեւանքների անմիջական վկան, սրտատրոփ սպասում էր պատերազմի ավարտին եւ կանխազգում նոր հեղափոխության գալուստը։ Շուտով տեղի ունեցավ Սեպտեմբերյան հեղափոխությունը, որով հիմք դրվեց Երրորդ հանրապետությանը։ Դոմիեն այլեւս չէր կարող տեսնել հեղափոխության անցուդարձը, սակայն կարող էր լսել հերթական հեղափոխության շեփորների ձայնը։ Նրան՝ կույր, միայնակ ու չքավոր նկարչին, ում կտավներն ապագայում վաճառվելու էին առասպելական գներով, օգնության հասավ Կամիլ Կորոն։ Նա մարեց Դոմիեի պարտքերը, վերջինիս համար տուն վարձակալեց եւ մինչեւ վերջ հոգաց նրա խնամքը։ 1879թ․-ին Դոմիեն վախճանվեց։ Երբ նրան հարցնում էին, թե ինչու է մշտապես թաքնվում փառքի ճաճանչներից ու առավելություններից, նա համեստորեն պատասխանում էր․ «Որովհետեւ ուզում եմ ծերության տարիներին հայելուն նայել առանց ծիծաղի»։ 

 

Անուշ ԲԱԲԱՅԱՆ սցենարիստ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ