Վեթթինգ, աֆիլիացիա․ հարցադրումները, որ հնչեցվում են, նորարարություն չեն, օրենսդրորեն ամրագրված են եղել և պետք է կիրառվեին

Վեթթինգ, աֆիլիացիա․ հարցադրումները, որ հնչեցվում են, նորարարություն չեն, օրենսդրորեն ամրագրված են եղել և պետք է կիրառվեին

Հարցազրույց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ

- Տիկին Սահակյան, վեթինգի հետ կապված՝ հնչում են նաեւ առաջարկներ՝ ընդլայնել հայտարարատու անձանց կամ վեթինգի ենթարկվելիք անձանց հարազատների շրջանակը։

- Եթե վեթինգ ասելով հասկանում են տարրերից մեկի՝ գույքի, գույքային հսկողությունը, այդ աղբյուրների պարզումը, այդ ինստիտուտը մեզ մոտ կա։ Փոխկապակցվածության շրջանակը (փոխկապակցված անձանց) շատ եզակի երկրներ են, որոնց մոտ այն լայն է։ Միջազգային ստանդարտը նշում է, որ դա պետք է ներառի նաեւ ընտանիքը։ Նախկին բարեփոխումների շրջանակում անգամ ավելի ենք ընդլայնել, չենք սահմանափակվել միայն «ընտանիք» հասկացությամբ, այլ «համատեղ բնակվող անձ» հասկացության հանգամանքը կարեւորելով՝ անձի ցանկացած կամ ոչ ազգակցական կապով ներառել ենք հայտարարագրման շրջանակ։ Այսինքն՝ գործնականում հայտարագրման մեջ ներառված անձանց շրջանակը մեր երկրում ամենանեղը չէ եւ բազմաթիվ եվրոպական երկրների համեմատությամբ ավելի լայն է։ Այն երկրները, որոնք գնացել են շատ լայն ազգակցականություն ներառելու ճանապարհով, համակարգը քանդել են, այն ավելի շուտ կոլապսի է ենթարկվել, քան արդյունավետությամբ կարողացել է արդյունքներ տալ։ Այս տեսանկյունից փորձի ուսումնասիրությունը հուշելու է այն մասին, որ ինքնանպատակ ընդլայնումը դեռեւս չի երաշխավորում արդյունքներ, այլ ճիշտ հակառակը՝ կոլապսի է տանում։

- Քաղաքակա՛ն կապերի ծագումնաբանության շրջանակն ինչ հարցեր է ներառում՝ որպես կանոն։

- Քաղաքականը ենթադրում է աֆիլիացիա, ըստ որում, այն չպետք է եւ չի կարող հանգեցնել անձի պաշտոնանկությանը, հակառակ դեպքում մենք քաղաքական հիմքերով անձի նկատմամբ խտրականության երեւույթի հետ կբախվենք։ Այլ հարց է, որ հայտարարագրման համակարգը ներառում է քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, այլ միավորումների բացահայտում, որը հետագայում շահերի բախման տեսանկյունից պետք է գնահատվի։ Երբ որ այդ կուսակցության, կրոնական, հասարակական միավորման, խմբի հետ կապված որոշումների կայացման հարցի հետ անձը կբախվի, հասարակությունն ու իրավասու մարմինը կտեսնեն աֆիլիացիան եւ կգնահատեն՝ արդյոք այդ աֆիլիացիան նպաստե՞լ է որոշման կայացմանը, օբյեկտիվության անաչառության հետ կապված խնդիրներ եղե՞լ են, խմբային կամ անձնական շահերո՞վ է պաշտոնյան առաջնորդվել, թե՞ առաջնահերթություն է տվել հանրային շահերին։ Այս տեսանկյունից մենք արդեն իսկ նախորդ բարեփոխումների ժամանակ ներդրել էինք շահերի բախման հայտարարագրումը, որը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հունվարի 1-ից, բայց առնվազն ինձ համար անհասկանալի պատճառներով հետաձգվեց մինչեւ 2020 թվականը։ Ըստ որում, դա ներառում էր շահերի հայտարարագրում ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ միավորումների։ Այսինքն՝ հարցադրումները, որ հնչեցվում են, նորարարություն չեն, եւ ավելին՝ օրենսդրորեն ամրագրված են եղել, եւ դրանք հիմա պետք է կիրառվեին, եթե լիներ հետեւողականություն։ Բայց, նորից եմ ասում, անհասկանալի պատճառներով հետաձգվել են։ Սա պետք է վերաբերեր ոչ միայն դատավորներին, այլեւ հենց քաղաքական գործիչներին, քննիչներին, դատախազներին, ողջ կարեւորագույն  հայտարարատու խմբի նկատմամբ։

- Կառավարության որոշմա՞մբ հետաձգվեց, ԱԺ-ո՞վ։

- Բնականաբար, օրենք, իհարկե, արտահերթ նիստում քննարկվելու հարցը քննարկվեց կառավարությունում․ այն իրավական խնդիրը, վակուումը, որ առաջացել էր, որովհետեւ ուժի մեջ էին մտել դրույթներ, դրանք ի կատարումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը չէին ընդունվել, հին ձեւաթուղթն ուժը կորցրած էր ճանաչվել, նորը չէին կարողանում ընդունել, որի օբյեկտիվ պատճառներից մեկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի չձեւավորումն էր, ու այնտեղ հանգուցալուծումը տրվեց ոչ թե մարմին ձեւավորելուն կամ փոփոխություններին, որ այդ առաջադեմ դրույթն օր առաջ կյանքի կոչվի, այլ հակառակը՝ այդ կարեւորագույն դրույթների գործողությունը հետաձգվեց մինչեւ 2020 թվականը։

- Նաեւ առաջարկներ են հնչում, որ վեթինգի ենթարկվեն ոչ միայն դատավորները, այլեւ շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, կառավարությունը՝ ներառյալ։ Ձեր հայացքով՝ դա տրամաբանակա՞ն է։

- Ես կարծում եմ, որ դատավորների խմբին առանձնացնելը պետք է շատ լուրջ հիմնավորում ունենա, հակառակ դեպքում, սա թիրախավորում է եւ որոշակի հանրային զարգացումներից հետո նման մոտեցում դրսեւորելն առնվազն այն ընկալումն է ձեւավորում, որ գործունեության համար մի ողջ համակարգի ենթարկում են հետապնդումների։ Դա իրոք անթույլատրել է։ Իսկ ինչ վերաբերում է գույքի եւ շահերի փոխկապակցվածությանը եւ բացահայտմանն ու հանրությանը դրանց ներկայացմանը, ապա հայտարարագրման եւ շահերի բախման այդ ինստիտուտները նմանատիպ գործիքներ են, որոնք անխտրական կիրառություն ունեն բոլոր կարեւորագույն պաշտոն զբաղեցնող անձանց համար։ Այս տեսանկյունից ավելի հակված եմ, որ հայտարարագրումը, որը վեթինգի դրսեւորումներից մեկն է, քանի որ իրականում մենք այդ գործիքներն ունենք մեր երկրում, ոչ խտրական կիրառություն ունենա եւ ավելի շատ համընդհանուր բնույթ ունենա։