Քաղաքական խառնակչությունն ու դրա հետեւանքները

Քաղաքական խառնակչությունն ու դրա հետեւանքները

Երբ արդեն «հեղափոխական» էյֆորիան անցնում է՝ տեղը զիջելով սառը դատողությանը, հասարակությունը սկսում է ավելի սթափ աչքերով նայել «հեղափոխական» առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, վերհիշել նրա անցած քաղաքական ուղին եւ տեսնել նրա խոսքերի ու գործի միջեւ առկա հսկայական հակասությունը, տարբերությունը ընդդիմադիր Նիկոլի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ, տարաբնույթ հետեւություններ է անում եւ գնահատականներ տալիս նրա քաղաքական վարքագծին: Այդ գործունեությունը կարելի է համառոտ բնութագրել ոչ այլ կերպ, քան քաղաքական խառնակչություն: Բերենք մի քանի օրինակ, որ վերջինիս հայտարարությունները, ասածները հիմնավոր չեն եղել, բայց նա կարողացել է հասարակության մեջ չարություն սերմանել իր քաղաքական թշնամիների նկատմամբ եւ դրանով ոչնչացնել նրանց: Իսկ երբ եկել է հիմնավորումների, ասել է թե՝ «երես-բերեսի» ժամանակը, այնպիսի պարզաբանում է տվել, որոնք երբեմն զավեշտի են հասնում: 

Վերհիշենք միայն վերջին մեկ տարվա հայտարարությունները։

Անցած տարի Փաշինյանն ինչով ասես փակում էր արագաչափ սարքերը եւ ասում, որ դրանք պատկանում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, ով հարստացել է նաեւ վարորդների հաշվին: Հասարակության շրջանում չարությունը Սերժ ու Սաշիկ Սարգսյանների հանդեպ աճեց: Իշխանության գալուց հետո Փաշինյանը մոռացավ «Սաշիկի արագաչափերի» մասին, նրա թիմակիցն անգամ հայտարարեց, որ դրանք Սաշիկ Սարգսյանինը չեն: Չբացահայտվեցին նաեւ Սաշիկի 50/50 փայաբաժինները: Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբայրը հայաստանյան բանկերից մեկում ունի 30 հազար դոլար: Փաշինյանի այս հայտարարության հասցեատիրոջը հասարակությունը ճանաչեց՝ դարձյալ Սաշիկ Սարգսյան, եւ դարձյալ սրվեց Սաշիկ-հասարակություն «հարաբերությունը»: Բայց ոչ միայն դա: Սրանով խաթարվեց նաեւ հայաստանյան բանկերի եւ նրանց հաճախորդների հարաբերությունը. մարդիկ սկսեցին չվստահել բանկերին, որտեղից բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների արտահոսք է լինում: Սա չէր կարող չունենալ իր տնտեսական հետեւանքը. մարդիկ սկսեցին իրենց փողերը վստահել օտարերկրյա բանկերին, ու տեղի ունեցավ Հայաստանից գումարների արտահոսք: Արդյունքում 2018թ․ տարեվերջին 171 մլն 842 հազար դոլարով ավելի գումար է արտահոսել Հայաստանից, քան 2017-ին: 

Վարչապետ Փաշինյանն իրավապահներին հրապարակավ հանձնարարեց ասֆալտին փռել եւ պատերին ծեփել օլիգարխներին, ովքեր ուզում են դավադիր ձեւով ետ վերցնել ժողովրդի իշխանությունը: Իհարկե, կարճ ժամանակ անց հայտարարեց, թե Հայաստանում չկան օլիգարխներ, այլ կան խոշոր սեփականատերեր, բայց նախորդ հայտարարությունը նույնպես ունեցավ իր տնտեսական հետեւանքը. օտարերկրյա գործարարները խուսափեցին ներդրումներ անել Հայաստանում, չնայած երկրում տեղի ունեցածը շատերին էր ոգեւորել, եւ շատերն էին պլանավորել գալ Հայաստան ու ներդրումներ անել «անսերժ» ու «անսաշիկ» Հայաստանում: Բայց մարդկանց մտահոգեց ասֆալտին փռվելու եւ պատերին ծեփվելու հեռանկարը: Ու այդպես էլ երազանք մնաց Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության ծրագիրը:

  Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին, տեսնելով, որ ԲՀԿ-ն հանդես է գալիս կոնկրետ, ռեալ նախընտրական ծրագրով, ներդրումների պլանով, որի հետ իր քաղաքական թիմն ու կոնկրետ թեկնածու կարգին Հայկոն մրցունակ չեն, Փաշինյանը նորից դիմեց խառնակչության մեթոդին՝ հայտարարելով. «Որոշ ուժեր, որոնք իբր պաշտպանում են հեղափոխությունը, սակայն կուլիսներում բանակցություններ են վարում Հանրապետականի հետ՝ այն տապալելու համար»: Այս հայտարարությունը, բնականաբար, ուղղված էր Փաշինյանի թիմի մրցակիցներին՝ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին: Ու բոլորը սկսեցին կասկածել մեկը մյուսին: Երկու ուժերն էլ երեւանյան «հեղափոխական» ընտրազանգվածի համար դարձան թշնամիներ: Արդյունքում՝ Փաշինյանի թիմը ստացավ զգալի թվով ձայներ, ու «Սուպեր մամայի» գլխավոր դերակատարը, որին չէին համարում լուրջ քաղաքապետացու, դարձավ սուպեր քաղաքապետ՝ սուպեր քվեներով: Իսկ թե այսօր ինչպես է նա կարողանում կառավարել Հայաստանի մայրաքաղաքը, ամենալավը երեւանցիները գիտեն…

Դեռեւս անցած տարի Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ գործարարների հետ խոսել է, եւ վերջիններս ասել են, որ իրենք ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26: Այս հայտարարությունը բացահայտ հաղորդում էր հանցագործության մասին, եւ մեր թավշյա իրավապահները պետք է արագ արձագանքեին, թե ովքեր ինչու, որքան գումար են տարել Սերժ Սարգսյանին, եւ քրեական գործեր հարուցվեին, մարդիկ պատասխանատվության ենթարկվեին: Մինչդեռ գործարարներին «թալանած» Սարգսյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, քրգործ չկա: Իսկ Փաշինյանը լրագրողի հարցմանը, թե ովքեր էին ճամպրուկով տանողները, կամավոր էին տանում, թե ոչ, պատասխանեց. «Գուցե ես շատ եմ խոսում այլաբանություններով, եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը հստակ չէ»: Այսինքն, մարդուն մեղադրում է լուրջ հանցանքի մեջ եւ ասում, թե այլաբանություն է։

Այն, որ Փաշինյանն «այլաբանությամբ» է զբաղվում իր ղեկավարած երկրի ներսում, մենք-մերոնցով ծածկում ենք-անցնում՝ գնում է, բայց երբ այդպիսի վարքագիծ է դրսեւորում՝ վտանգելով երկրի արտաքին անվտանգությունը, Հայաստանի գլխին պատերազմական սպառնալիք ստեղծելով, դա, մեղմ ասած, ներելի չէ: Երկրի ղեկավարը հայտարարում է. «Նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա… Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում զինված ուժերի գերագույն հրամանատար՝ ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար»:

Երկրի ղեկավարը խոսում է պետական դավաճանության մասին եւ հրապարակավ հայտարարում, որ պայքարելու է դրանց դեմ: Այս ամենը չի տեղավորվում պետական գործչի, երկրի ղեկավարի վարքագծի կանոններում: Եթե կան փաստեր՝ դավաճանության, ապա պետք է ոչ թե այդ մասին հայտարարվի, շոու սարքվի, այլ անաղմուկ՝ երկրի անվտանգության պատասխանատուները պետք է արագ բացահայտեն դրանք եւ արմատախիլ անեն: Դրանից հետո կարելի է բարձրաձայնել դրանց մասին, հրապարակել դավաճանների անունները: Իսկ այս մերկապարանոց հայտարարությունը նման է «դավաճաննե՛ր, փախե՜ք, գալի՜ս եմ» ազդանշանին: Արդյունքում հասարակության մեջ ստեղծվում է անվստահության մթնոլորտ, բոլորը սկսում են կասկածել բոլորին, դիմացինի մեջ փնտրել ազգի դավաճանին, եւ այս ամենը տանում է պառակտման, քայքայման ու թուլացման: Իսկ որ ամենավտանգավորն է՝ Փաշինյանը, կամա թե ակամա, «մորզեի այբուբենով» ազդանշաններ է ուղարկում հակառակորդի ճամբար, թե՝ այստեղ իրար միս ենք ուտում, եկեք… Ի՞նչ է շահում դրանից մեր երկիրը․ միայն պառակտում եւ արտաքին վտանգ: Իսկ ի՞նչ է շահում Փաշինյանը… տեսարաններ եւ ժամանակ…