Ինչու արդարադատության նախարար չպիտի նշանակվեր երիտասարդը

Ինչու արդարադատության նախարար չպիտի նշանակվեր երիտասարդը

Սովորաբար բարձր պաշտոնի նշանակված պաշտոնյան հանրության կողմից վեթթինգի է ենթարկվում՝ ո՞վ է նա, ինչ կարողություն ունի, ինչ լծակների շնորհիվ է հասել այդ պաշտոնին։ Սկսում է աշխատել հանրային մեքենան։

Արդարադատության նախարարի նշանակումից հետո էլ հանրային կարծիքի վեթթինգի մեքենան սկսեց աշխատել։ Մարդկանց հետաքրքրում էր, թե սովորական փաստաբանը ինչպես կարո՞ղ է առանց լուրջ կենսագրության Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելուց հետո նշանակվել ամենալուրջ կառույցներից մեկի՝ ՊԵԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնում։ Այդ ժամանակ էյֆորիան մեծ էր և մարդիկ քիչ ուշադրություն էին դարձրել այդ հանգամանքին։

․․․Բայց երբ ՊԵԿ-ի նախագահի տեղակալը նշանակվեց արդարադատության նախարար, հանրային մեքենան սկսեց աշխատել՝ ինչպե՞ս․․․ Լրատվամիջոցները բնականաբար փորձում էին հանրության հետաքրքրության քաղցը բավարարել։ Այս անգամ, երբ հանրության մեջ էյֆորիան «արդեն նստել էր», մարդիկ սթափ փորձում էին հասկանալ, թե ինչ մի լուրջ արժանիքներ ունի թեկնածուն, որ նշանակվել է այդ պաշտոնում։ Եվ որպեսզի հանրությունը չխորանա իրական պատճառի մեջ, շրջանառության մեջ դրվեց նրա երիտասարդ տարիքը։ Դա իշխանության կողմից օնլայն ցանց նետած խայծն էր։ Կխճճվեն տարիքի մեջ, մեկը կասի՝ երիտասարդներին տեղ տվեք, նրանք են մեր ապագան, մյուսը կասի՝ փորձ չունի ու այդ շրջանակներում կծավալվի խոսակցությունը։ Հանրության կառավարելիության մանրև է դա, որը բավականին ժամանակ օգտագործվում է։ ։ Այդպես էլ եղավ՝ եթե ուշադիր եք՝ սոցիալական ցանցերում նույն քննարկումն է՝ ինչ անենք, որ ջահել է, կարևորն այն է, որ խելացի է․․․Իմիջայլոց այս մեթոդը օգտագործվել է նորերի պաշտոնների  նշանակման ընթացքում։ Օնլայն ցանցում խայծ է նետվել՝ ի՞նչ անենք, որ ջահել է, «զատո մաքուր է»։  Այդ խայծով պետական կառույցի բոլոր պաշտոնյաներն առանց աղմուկ- աղաղակի նստել են իրենց հատկացված աթոռներին։ Հիմա, մեկ տարի անց, նույն խայծն են օգտագործում՝ փորձելով արդարադատության նորանշանակ նախարարի նկատմամբ այնպիսի կարծիք ձևավորել, որ մարդիկ բողոքում են, որովհետև ինքը երիտասարդ է։ Ու նման գործելակերպով պետական ողջ ապարատը ձևավորվել  է երիտասարդ,  իշխանությանը մոտ կանգնած ընկերային հիմունքներով՝ առանց մասնագիտական տարրական որակավորման ու փորձաշրջանի։  

Պետական պաշտոնները ընծաներ չեն, որոնք բաժանվում են մոտիկ ընկերներին, բարեկամներին, սանիկներին։ Դրանց միջոցով է մեր երկիրը ներկայացվում։ Անհարիր եմ համարում արդարատության նախարարությունն ընծայել մի մարդու, որը հեղափոխության ժամանակ եղել է վարչապետի փաստաբանը։

Հեղափոխությունից անմիջապես հետո մայիս ամսին նշանակվել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ։ Այդ պաշտոնի հետ դեռ կարելի է համակերպվել, բայց արդարադատության նախարարի պաշտոն ընծայել  մի մարդու, ով երկրի ղեկավարի  դատապաշտպանն է եղել, անհանդուրժելի է հետևյալ պատճառով։ Երկրի ղեկավարը հանրությանը բաժանում է երկու մասի՝ սպիտակների և սևերի, հեղափոխականների և հակահեղափոխականների, ասել է թե՝ այդ երիտասարդը արդարադատությունն իրականացնելու է իր պաշտպանյալի հայեցողությամբ։ Այլ ձև հնարավոր չէ, որովհետև ինքը պաշտոնը ստացել է այլ «արժանիքի համար»։ Մյուս կողմից խիստ անհանգստացնող է, որ պատերազմի մեջ գտնվող երկրում պետական բարձրագույն պաշտոնները զբաղեցնում են բանակում չծառայածները։ Համարյա բոլորն ասում են, որ հիվանդության պատճառով են ազատվել։ Ստացվում է, որ մեր պետական ապարատը համալրվում է բանակից խուսափողներով կամ «լավագույն դեպքում» հիվանդներով։

Այդ հարցը հանրությանը պիտի հասանելի լինի։ Այդ ո՞նց է լինում, որ պետական համակարգում բանակում չծառայածների թիվն ավելանում է․․․

․․․ Այնպես որ երիտասարդ տարիքը առողջ դատողությամբ մարդկանց չի անհանգստացնում։ Այլ այն, որ եթե վարչապետն իր մոտեցմամբ «կիսում է հասարակությունը», արդարադատության նախարարը արդարությունը նույնպես ընտրովի է իրականացնելու։ Փորձն ու կենսագրությունը մի կողմ դրած։