Մարզպետի համեստն է լավը

Մարզպետի համեստն է լավը

Իմ կարծիքով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է ամենահամեստ մարդը լիներ իր ղեկավարած մարզում եւ չխառնվեր այնպիսի գործերի, ինչպիսիք են համայնքապետի ընտրությունները: Նրա պարագայում բոլորովին հակառակ պատկեր ենք տեսնում: Ասա ինչո՞ւ ես ոտուձեռ ընկել: Պարոն Պետրոսյանը, արդյոք, չգիտե՞ր, որ ընտրությունն անկտրել ձմերուկ է, եւ կարող էին գրանցվել ամենաանսպասելի արդյունքներ: Մնում-մնում՝ հայտարարում է, թե Աբովյանում պարտվեց արժանապատիվ քաղաքացին: Այսինքն ի՞նչ, հաղթողն արժանապատիվ քաղաքացի չէ՞: Ավելի հեշտ չէ՞ ասել` պարտվեց «սպիտակ» քաղաքացին: Թե բա` ցուցակ եմ բռնել: Կատուն էլ մուկ է բռնում, հետո՞: Մարզպետի գործը ցուցակ բռնե՞լն է, պարոն Պետրոսյան, թե՞ իր կաբինետից իր մարզում նորմալ ընտրություն կազմակերպելը, հետեւելը, որ մրցակիցների համար լինեն քարոզչության հավասար պայմաններ, որ մայրաքաղաքից վարչապետի գլխավորությամբ, պետական բյուջեի հաշվին, հազարներով դեսանտ չիջնեն իր դարդուհոգսով ապրող համայնքում ու քարոզչություն չանեն այդ համայնքի դարդուհոգսից անտեղյակ թեկնածուի օգտին:

Մարզպետին արտասվել չի սազում: ՔՊ-ի թեկնածուի պարտությունը նա փորձում է արդարացնել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ եւ լացով. «Իսկ հաղթող թեկնածուն եւ իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են արել` կիրառելու հին, քրեաօլիգարխիկ գործիքակազմեր… Փաստն այն է, որ հաղթած քաղաքապետի թեկնածուն ու շտաբը կառավարվում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի եւ Գագիկ Ծառուկյանի անմիջական ու մերձավոր շրջապատի կողմից»: Մարզպետ ջան, իսկ լռության օրվա նախօրյակին ո՞վ էր Աբովյանի ընտրատեղամասերի մոտ քայլերթ անում, ՔՊ քարոզում: Պատահաբար դուք չէի՞ք` Փաշինյանի հետ, թե՞ աչքներիս է երեւացել:

Էն էլ ասեմ, պարոն մարզպետ, որ Փաշինյանը վարչապետ մարդ է, ամեն օր Աբովյան չի գնում-գալիս: Մի քիչ Ձեր մասին մտածեք: Վերջն այնպես եք անելու, որ Աբովյանում հաղթած արժանապատիվ քաղաքացիները Ձեր մուտքը քաղաք փողով դարձնեն: Ուզում եմ ասել` Դուք այս ամենից հետո ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել, Ձեր խոսքով` ««Մուլտի գրուպ» կոնցեռնի եւ Գագիկ Ծառուկյանի անմիջական ու մերձավոր քրեաօլիգարխիկ շրջապատի» հետ:
Եվ վերջում կուզենայի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին իմ անշահախնդիր աջակցությունն առաջարկել ազատման դիմում գրելու հարցում: Եթե այնպես ստացվի, որ այդ դիմումի տեքստը Փաշինյանը գրի, Կոտայքի մարզում բոլոր ՔՊ-ականներն են ասֆալտին փռվելու: Ձեզ համար եմ ասում: