Կարևոր և վտանգավոր դատ

Կարևոր և վտանգավոր դատ

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն իր վրա է հրավիրել հանրության ուշադրությունը: Համաձայնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Բրյուսել եւ Պեկին խամրեցին դատավարության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Հայաստանում եւ Արցախում այս օրերին, ասես, ոչինչ տեղի չի ունենում այդ դատավարությունից բացի: Հազիվ թե մեկ այլ երկրում կյանքը կանգ առներ նման մի իրադարձության պատճառով, բայց Հայաստանում, ինչպես գիտենք, կարգն ուրիշ է: Լավ է այն առումով, որ անտարբեր չենք միմյանց հանդեպ, իսկ վատ` որովհետեւ, խռնվելով դատավորի գլխին, թույլ չենք տալիս, որ այդ մարդն իր գործն անի, մանավանդ` այս գործը, որի բացահայտմանը հանրությունը 10 տարի է սպասել:

Դատավճիռը, որ կկայացվի այս գործով, անշուշտ, հսկայական նշանակություն կունենա մեր երկրի ու մեր հասարակության ապագայի համար: Այն կարող է ընդհուպ որոշել մեր հետագա ընթացքը, զանգվածային տեղաշարժեր առաջ բերել Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական կյանքում, վճռորոշ ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների ընտրության հարցում: Այն կարող է նաեւ ցնցումների պատճառ դառնալ, եթե, Աստված մի արասցե, համոզիչ չլինի կողմերի համար եւ կասկածի տեղիք տա:

Ի դեպ` կողմերի մասին: Եկեք մի պահ վերանանք իրավաբանական ձեւականություններից` հայցվոր, պատասխանող, դատախազ, փաստաբան… Եթե սա Մարտի 1-ի գործ է, ապա մի կողմը` մեղադրողը, պետք է լինի ժողովուրդը, այլ խոսքով` հասարակության լայն զանգվածը, իսկ մյուս կողմը` պատասխանողը, այդ հասարակության քաղաքական հատվածը` թե՛ որպես օրվա իշխանություն եւ թե՛ որպես ընդդիմություն: Դատարանի բակում այս նրբությունը չեն հասկանում մարդիկ եւ իրար դեմ են դուրս գալիս՝ ըստ էության տրվելով 2008թ. մարտի մեկի իրենց հիշողություններին: Սա ճիշտ չէ, եւ այսկերպ մենք ճշմարտությունը ջրի երես հանել չենք կարող: Ի վերջո, կա՞ տարբերություն ժողովրդի համար, թե ով «կնստի» Մարտի 1-ի գործով` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Մի բան հստակ է, որ մարտի 1-ի զոհերն ինքնասպան չեն եղել: Հետեւաբար` սպանությունների համար մեղավոր են կա՛մ այն օրերի իշխանությունները, կա՛մ ընդդիմությունը, որ սադրել էր մարդկանց: Հետեւաբար, տարօրինակ չէ՞, որ մարտի 1-ի զոհերի «իրավահաջորդ» ժողովուրդը, երկու բանակի բաժանված, աջակցում է ենթադրյալ մարդասպաններից մեկին կամ մյուսին: 

Երեւի ժամանակն է հասկանալու, որ Մարտի 1-ի գործ այս պահին դատարանում չկա, եւ ոչ ոք չի պատրաստվում որեւէ մեկին դատել 10 զոհերի համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի` չգիտեմ հորդորով, թե ինչով, ՀՀ իշխանությունները գործը հարուցել են սահմանադրական կարգի տապալման հոդվածով եւ դրա մեջ մեղադրում են ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին: Մեր կարծիքով` Մարտի 1-ի «պահանջատեր» ընդդիմությունը, որ այսօր իշխանություն է Հայաստանում, գնացել է խորամանկության ճանապարհով, այն է՝ խնդիրը տանել բոլորովին այլ հարթություն եւ այնտեղ սահուն ձեւով պարտակել հարցը, որովհետեւ մարտի 1-ի ողբերգական իրողության մեջ ակնհայտ է նաեւ իր առաջնորդի մեղքը: Ենթադրում եմ, որ դատարանը չի կարողանալու հաստատել «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքը: ՀՀ իշխանությունները, արդյոք, պատկերացնո՞ւմ են, թե դրանից հետո ինչ կարող է տեղի ունենալ: Ասեմ երկու բառով:

Մարդիկ կհամոզվեն, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում պարտված Լեւոն Տեր-Պետրոսյանը խաբել է ժողովրդին, կեղծ արդյունքներ է հրապարակել իր հաղթանակի մասին եւ իշխանությունների հետ բախումներ սադրել: Այդ դեպքում արդեն հարկ կլինի նոր դատ բացել, այս անգամ` «Սահմանադրական կարգը տապալելու փորձ, որ հանգեցրել է ծանր հետեւանքների» հոդվածով: Պատրա՞ստ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը մտնել այս բեռի տակ, չենք կարող ասել: Բայց այնուամենայնիվ հետաքրքիր է` նա իր համար նահանջի ճանապարհ թողե՞լ է, թե՞ որոշել է «դուխով» գնալ մինչեւ վերջ: Իմ իմանալով` քաղաքական գործչի համար միշտ էլ նախընտրելի է առաջին տարբերակը, իսկ «դուխով» կարելի է առաջնորդվել միայն հաշիվներ մաքրելիս: