Անասնաբույժի գործը միայն գոմ մտնելը չէ

Անասնաբույժի գործը միայն գոմ մտնելը չէ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրապետությունում կա 544 անասնաբույժ, որոնք սպասարկում են համայնքներին։

Հարցին, թե կա՞ն համայնքներ, որոնք չունեն անասնաբույժներ, Գեորգի Ավետիսյանը պատասխանեց, որ այո՛, կան այդպիսի համայնքներ։ Նման դեպքերում, ըստ նրա, մեկ անասնաբույժը սպասարկում է հարեւան եւս երկու կամ երեք համայնքի։ Դա, ըստ նրա, կախված է նաեւ անասունների գլխաքանակից։

Հետաքրքրվեցինք, թե նկատվո՞ւմ է վերջին տարիներին կենդանիներից փոխանցվող հիվանդությունների աճ։

«Մենք աճ չունենք, բրյուցելոզի հետազոտություն ենք արել, աճ չենք նկատել կենդանիների շրջանում»,- արձագանքեց Գեորգի Ավետիսյանը։

Գեորգի Ավետիսյանը նշեց նաեւ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն աշխատում է Ագրարային համալսարանի հետ, նույնիսկ սենյակներ են տրամադրում, որ ուսանողները գան, տեղում դասընթացներ անեն։ Նպատակը, ըստ նրա, երիտասարդներին օգնելն ու մոտիվացնելն է, որ անասնաբույժի մասնագիտության մեջ  կեղտոտ կողմից զատ կա նաեւ մաքուր կողմը, եւ անասնաբուժությունը միայն գոմ մտնելը չէ, միայն հիվանդություն բուժելը չէ։ Գեորգի Ավետիսյանը կարծում է նաեւ, որ պետք է փոխվեն մոտեցումները, ճիշտ դեղորայք օգտագործեն։ 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ անասնաբույժները որոշակի գլխաքանակի պատվաստման համար ստանում են կոնկրետ գումար, եւ անասնաբույժը որքան շատ կենդանու պատվաստի, այնքան բարձր կլինի նրա աշխատավարձի՝ ծառայությունների մատուցման չափը։

Տիգրան Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում անասնաբուժական ծառայություններն իրականացվում են մասնավոր անասնաբույժների կողմից։ Եվ հիմա, ըստ նրա, ուզում են ներդնել այդ համակարգը, որը խթան կլինի անասնաբուժության զարգացման համար։
«Կան դոնոր կազմակերպությունների կողմից ստեղծված անասնաբուժական կենտրոններ, որտեղ իրականացվում են անասնաբուժական մասնավոր ծառայություններ՝ պետական ծրագրից զատ»,- ասաց նա։

Նա նշեց նաեւ, որ անցյալ տարի ստեղծվել են անասնաբուժական ասոցիացիաներ, որտեղ արծարծում են մասնագիտական հարցեր։