Եթե պետբյուջեից գողացած միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցում են և ծառայեցնում պետությանը․ Աննա Հակոբյան

Եթե պետբյուջեից գողացած միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցում են և ծառայեցնում պետությանը․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, այսօր հրավիրված ասուլիսի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ ժամանակի վատնում է համարում խոսել այն մասին, թե ինչու են իր ղեկավարած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին գումար փոխանցում նաև նախորդ իշխանության ժամանակ իրենց կողմից մերժված հայտնի օլիգարխները։ 

Կարծիք կա, որ երբ այդ օլիգարխները նախկինում բարեգործական նպատակներով որևէ հիմնադրամի նվիրատվություններ էին անում, Նիկոլ Փաշինյանը դա քննադատում էր՝ նշելով, որ այդկերպ այդ օլիգարխները ցանկանում են հաճոյանալ իշխանություններին, օգտվել արտոնություններից։ Արդյոք այսօր էլ այդ նույն մարդիկ նույն նպատակո՞վ չեն գումար փոխանցում իրենց հիմնադրամին։

Աննա Հակոբյանն այս դիտարկմանն ի պատասխան խորհուրդ տվեց ազատվել այդ համեմատականից և նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու ցանկությունից։

«Դրանով մենք կխնայենք մեր ժամանակը և մեր ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք»,- ասաց տիկին Հակոբյանը՝ նշելով, որ չկա այդպիսի բան ու չի կարող լինել։

Ըստ նրա՝ իրենց հիմնադրամներին նվիրատվություն կարող են անել բոլորը, այն դեպքում, երբ նախկինում ոչ բոլորն են իրավունք և հնարավորություն ունեցել հանրապետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն։

Hraparak.am-ը նկատեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ այդ նվիրատվությունները հաճախ կատարվում են իրենց կողմից ժամանակին մերժված օլիգարխների կողմից, և տեսակետ կա, որ դրանք իրենց մեջ որոշակի ինդուլգենցիա են պարունակում՝ ասես նրանց գործած կամ գործելիք մեղքերի թողություն լինեն։

Աննա Հակոբյանն առաջարկեց սպասել իրադարձությունների զարգացմանը ու տեսնել, թե այդ նվիրատուները տարբեր իրավիճակներում ինչ կստանան, ինչից կազատվեն, ինչից չեն ազատվի։ «Չեմ ուզում համոզել որևէ մեկին, ուղղակի ուզում եմ ասել, որ եթե խոսքն արժեք ունի, եթե վստահության որևէ նշույլ կա, ասում եմ, որ դա Ձեր ասած իրականության հետ չի կարող կապ ունենալ»,-ասաց նա։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե անձամբ իր համար այդ նվիրաբերված գումարների ծագումը նշանակություն ունի, քանզի չի բացառվում, որ դրանք, օրինակ, պետբյուջեից գողացված միջոցներ լինեն։ Աննա Հակոբյանն այստեղ ուշագրավ պատասխան տվեց։

«Եթե պետբյուջեից գողացած միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցում են և ծառայեցնում են պետությանն ու պետության քաղաքացիներին։ Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև ես մտածում եմ, որ գումարը եթե մեզ հասավ, կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրան, ով մեզ է փոխանցում, մենք, միևնույն է, ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաօգտակար նպատակներին։ Դրա համար անձամբ ինձ համար կարևոր չէ, որովհետև այդ գումարը եթե որևէ ձևով էլ հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, եթե գա հասնի մեզ»,- ասաց Աննա Հակոբյանը։