Ի՞նչ է հասկացողությունը․ ի՞նչը կարելի է փոխանցել և ի՞նչը ոչ

Ի՞նչ է հասկացողությունը․ ի՞նչը կարելի է փոխանցել և ի՞նչը ոչ

«Իմ հասկացությամբ՝ վեճի առարկան գիտական հարց չէ», «Ժողովուրդը լայն հասկացողություն է», «Գյուղի բնակիչները, հասկացողություն չունենալով անձրևի մասին, ասում են՝ քամին ցրեց ամպերը», «Մի՛ շփոթեք  հասկացությունը հասկացողության հետ»: 

Այո՛, հասկացությունը հասկացողության հետ չպետք է շփոթել ու նաև չպետք է կարծել, թե այս բառերը, քանի որ նման են, ունեն նույն իմաստը: Ճիշտ է, նախկինում հասկացություն-ը ունեցել է նաև հասկացողության իմաստը, որն արձանագրված է նաև բառարաններում, բայց սա արդեն հնացած «երևույթ» է, և ժամանակակից հայերենում դրանք հստակորեն սահմանազատված են, ամեն մեկն ունի իր նշանակությունը:

Իսկ ի՞նչ անել դրանք իրար հետ չշփոթելու համար: Ինչպե՞ս պարզել, թե ո՛ր դեպքում ո՛րը պետք է գործածել: 

Ոչ մի դժվարություն չկա: Ընդամենը պետք է իմանալ, թե այս բառերից որը ի՛նչ է նշանակում: 
Սկսենք հասկացություն-ից: Վերջինս ընդհանուր իմաստով նշանակում է գաղափար: Անշուշտ, բոլորս ենք տեղյակ փիլիսոփայական, գիտական հասկացություններից: Դրանցից շատերը ոչ միայն ուսումնասիրել ենք, այլև սովորել անգիր: Հիշենք գեղագիտական հասկացությունները, բարոյական, մաթեմատիկական, տնտեսագիտական և այլն:

Հասկացողություն-ը հասկանալու, ըմբռնելու կարողությունն է, այս կամ այն կերպ հասկանալը: Օրինակ՝ հասկացողությամբ նա չի փայլում. ժողովուրդներ կան, որոնց հասկացողության մակարդակը շատ բարձր է:

Այժմ ճշտենք սկզբում մեջբերած նախադասությունները: Կարծում ենք՝ արդեն հասկանալի է, որ այս բառերը սխալ են գործածված առաջին երկու օրինակում: Ինչ խոսք, որ վեճի առարկան գիտական հարց կարող էր չլինել իմ հասկացողությամբ. որ ժողովուրդը լայն հասկացություն է և ոչ հասկացողություն: Եվ անշուշտ ճիշտ է, որ գյուղի բնակիչները անձրևի մասին կարող էին հասկացողություն չունենալ: 

Հուսով ենք՝ իմանալով այս ամենը, այսուհետև կբարձրանա նաև մեր հասկացողություն մակարդակը, և կիմանանք, թե ի՛նչը կարելի է փոխանցել և ինչը ոչ…

Դարձյալ անենք մեջբերումներ. «Արտակարգ իրավիճակների նախարարության ՓՈԽԱՆՑՄԱՄԲ՝ վերջինս հայտնաբերվել է», «Կալանավորվածի ինքնազգացողությունը լավ է. ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆ փաս­տաբանները»:

Քանի որ այսպիսի նախադասություններ լսում ենք հաճախ, մենք էլ ուզում ենք մեր ընթերցողին «փոխանցել», որ զգուշանան այսպիսի «փոխանցումներից», որովհետև այս բառն արդեն անցնում է իր «լիազորությունների» սահմանը: Ուշադրություն դարձնելու դեպքում անմիջապես կնկատենք, որ բերված օրինակներում փոխանցելու ոչինչ չկա: 

Սխալի պատճառը ռուսերենի համանման նախադասություններն են: 
Պետք է զգուշանալ օտար լեզուներից ուղղակի պատճենումներ կատարելուց, որովհետև դրանք հաճախ աղավաղում են մեր լեզվամտածողությունը, հանգեցնում սխալների:

Արդարացում չունի այն պնդումը, թե շատ բառերի նման այս բառը նույնպես իմաստափոխվել է, ձեռք բերել նոր իմաստ: Ճիշտ է, բառը երբեմն կարող է իմաստափոխվել այնպես, որ լիմոնադ ասելով հասկանանք նաև տանձի կամ խնձորի հյութ, բայց այս երևույթը ամեն պարագայում չէ, որ պետք է վկայակոչել որպես արդարացնող հանգամանք: Այդպիսի մտածողությամբ արդարացվել կարող է բառագործածության ամեն սխալ: Էլ ինչի՞ համար են հապա բառերի իմաստները: Դրանք ինչո՞վ պետք է տարբերվեն իրարից: Հապա էլ որտե՞ղ պետք է գործածենք տեղեկացնել, հաղորդել, ասել բառերը, եթե ամեն բան միայն փոխանցում ենք:

Հենց այս մտահոգությունը ձեզ հաղորդելով էլ (ու ոչ փոխանցելով) ավարտենք այսօրվա զրույցը:

Գուրգեն Միքայելյան

Լեզվի կոմիտեի աշխատակից